Պատմություն մի փոքրիկ սենյակի ու վրեժխնդրության մասին

Պատմություն մի փոքրիկ սենյակի ու վրեժխնդրության մասին

Երբ անցյալ տարի Երեւանում քաղաքապետի ընտրություններ եղան, մենք էլ, շատերի պես ոգեւորված, մեծ փոփոխություններ էինք սպասում։ Կարծում էինք, թե մեր՝ լրագրողներիս համար աշխատանքային իդեալական պայմաններ են ստեղծվելու․ վարչապետը՝ նախկին խմբագիր, բոլոր պաշտոնյաները՝ մամուլի ու խոսքի ազատության հարգն իմացող։ Եվ դա վերաբերելու է ոչ միայն լրագրողի աշխատանքի հանդեպ հարգանքին, այլեւ զուտ տեխնիկական խնդիրների լուծմանը։ Օրինակ՝ խմբագրությունների տարածք, տեղեկատվության ստացման դյուրացում, պաշտոնյաների բաց ու թափանցիկ աշխատաոճ։ 

Այս հովերով էլ դիմեցինք Երեւանի քաղաքապետարան՝ «Հրապարակի» խմբագրության հարեւան փոքրիկ սենյակը վարձակալության վերցնելու, քանի որ մեր տարածքը շատ փոքր է եւ վաղուց այլեւս չի բավարարում։ Քաղաքապետարանից, որի բալանսում է գտնվում այս շենքը, առաջարկեցին սենյակը մեր միջոցներով չափագրել։ 17 քառակուսի մետրանոց սենյակի չափագրման համար վճարեցինք 15 հազար դրամ, ապա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցեցինք, խմբագրի անունից էլ  քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գեղեցիկ նամակ գրեցինք՝ պատմելով, թե քանի տարի ենք աշխատում այս շենքում, ինչքան ժամանակ, առհասարակ, գոյություն ունենք դաշտում, ով ենք, եւ ինչքան դժվար է մեր ունեցած 80 քառակուսի մետրանոց տարածքում նորմալ աշխատանքային պայմաններ ապահովելը։ Մի խոսքով՝ ե՛ւ թղթերը պատրաստեցինք, ե՛ւ հիմնավորումը, եւ ուղարկեցինք քաղաքապետարան՝ սրտատրոփ սպասելով, որ ստանալու ենք դրական պատասխան։ Մի որոշ ժամանակ անց մեզ քաղաքապետարանից առաջարկեցին գալ ու այդ սենյակի համար անցկացվող աճուրդի մրցույթին մասնակցել։ 

Այն, ինչ սկսվեց հետո, զարմացրեց ոչ միայն մեզ, այլեւ, կարծում եմ՝ բոլորին։ Փետրվարի 26-ին անսպասելի մեզ ծանուցում եկավ՝ 1 ամսից, 5-օրյա ժամկետում ազատել տարածքը։ Արդյունքում մեծ աղմուկ բարձրացավ, ու այս չարաբաստիկ ծանուցումն օդից կախված մնաց, բայց քանի որ  հարեւան փոքրիկ սենյակի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերն արդեն իսկ հավաքել էինք, ու տարածքի կարիքն էլ շատ սուր էր ծառացած, որոշեցինք, այնուամենայնիվ, բախտներս փորձել եւ մրցույթին մասնակցել՝ հուսալով, որ տարածքն ազատելու ծանուցումն էլ չար կատակ է։
Մարտի 3-ին կայացավ մրցույթը, շատ անսպասելի՝ փոքրիկ եւ չջեռուցվող այդ սենյակը, պարզվեց, միայն մեզ չի հետաքրքրում, այլեւ մեծ «պահանջարկ» ունի։

17 քմ-անոց սենյակի համար մեր մաքսիմալ գինը 35 հազար դրամն էր, եթե գումարենք սպասարկման գումարը՝ 4 հազար 250 դրամ, ջեռուցելու, հոսանքի ու այլ ծախսերը, այդ փոքրիկ սենյակի ծախսը մեզ վրա՝ առանց զուգարանի, ջրի եւ ջեռուցման, «կնստեր» 45․000-50․000 հազար դրամ, որը բոլորովին էլ էժան չէ։ Ուստի աճուրդի ժամանակ հրաժարվեցինք հետագա մասնակցությունից, քանզի ամեն ինչ իր գինն ունի, եւ այդ սենյակը չէր կարող մի մեծ գրասենյակի գին ունենալ։ Ինչ-որ երիտասարդ, որը համառորեն բարձրացնում էր մեր պատկից սենյակի գինը, հաղթեց աճուրդում։ Բայց մենք համակերպվեցինք կատարվածի հետ՝ դե, մարդը բիզնեսով է զբաղվում, կարող է իրեն թույլ տալ 17 մետրի համար այդքան փող տալ։ Մեր «հարեւանը» մի քանի օր երեւաց, նորոգեց սենյակն ու փակեց-գնաց։ Անցել է 9 ամիս, այդ սենյակն այդպես էլ չի բացվել, անգամ վարձի թղթերը չեն վերցնում, քանի որ չեն գալիս։ Ամեն օր սենյակի կողքով անցնելիս ինձ մի բան է հուզում՝ հատո՞ւկ արեցին, որ մեզ չհասնի, սա քաղաքապետի յուրօրինակ վրե՞ժն էր, մրցույթում հաղթած ընկերությունը պատրաստվո՞ւմ էր աշխատել այս շենքում, թե՞ դա ֆիկտիվ մրցույթ էր։ Մենք առաջվա պես շարունակում ենք հարցազրույցները խոհանոցում անել ու 12 հոգով 2 նեղլիկ սենյակում աշխատել։