Չգնա՞մ մասնակցեմ «հեղափոխության պահապանների» հավաքին

Չգնա՞մ մասնակցեմ «հեղափոխության պահապանների» հավաքին

Դեկտեմբերի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայանալիք հավաքին, որ կազմակերպել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, վերջերս «ինքնուրույն» խաղեր տվող Արման Բաբաջանյանը, ասում են՝ մասնակցելու են բոլոր այն քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, ում համար թանկ են թավշյա հեղափոխության նվաճումները, ներողություն, անշրջելի նվաճումները: Առաջին անգամ իմանալով այս մասին՝ ես էլ, շատերի նման, ինքս ինձ հարց տվեցի՝ էս ի՞նչ է, Նիկոլը, հեռը իրենից, մեռե՞լ է, որ Արման Բաբաջանյանն է էս գործով զբաղվում: Դուք սրա խելքին նայեք՝ Նիկոլը չի կարողանում, հա՞, իր շուրջը հավաքել այդ ուժերին, թե՞ այդքան խելք չունի, որ իր շուրջը մարդիկ հավաքի, «հերթական» ԱԺ ընտրությունների նախաշեմին: Բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս, թե ինչ է անցնում-դառնում Նիկոլի շուրջը: Նա հիմա այնքան հպարտ է… Բան է ասո՞ւմ, որ բան հասկանաս:

Այս մտքերի մեջ 2 օր շարունակ հետեւում էի, թե ինչպես է Սահմանադրական դատարանի ու նրա անդամների շուրջ աստիճանաբար սեղմվում օղակը: Արդարադատության պուճուր նախարարը մի «տժժցնել էր տժժցնում», որ էլ չասելու: Ընդհանուր առմամբ, պատրաստված երիտասարդ է երեւում, բայց շատ բարդ հայերենով է խոսում. «Խնդիրն այն է, որ եթե ես հիմա ասեմ՝ գիտեք, նաեւ նախատեսվել է սա, կարող է դիտվել, որ ասում ենք՝ եթե սա չաշխատի, մենք, մեկ է, ձեր հետեւից գալու ենք: Բայց…»: Այսպես էլ արդարադատություն ենք իրականացնում:

Ուզում են ազատվել ՍԴ կազմից, բայց չգիտեն ինչպես անեն, որ ո՛չ շիշը վառվի, ո՛չ քաբաբը: Ինչքան հասկացա՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ 7 դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Մի պարզ հարց՝ խի՞: Նախարարիկը, լրագրողների երամի մեջ կորած, իր բարդ հայերենով ասում է. «Մեր նպատակն է՝ ամբողջ դատական համակարգում, միեւնույն է, ապահովել բարեվարքության ստուգման մեխանիզմներ»: Հիմա չասե՞ս՝ տղա ջան, մի հատ հավաքիր քեզ: Ձեզ ո՞վ թույլ կտա այդ մեխանիզմով ստուգել, օրինակ, Արեւիկ Պետրոսյանի բարեվարքությունը: Դուք ամոթ, աբուռ չունե՞ք: Բա ինչո՞ւ Աննա Դանիբեկյանի բարեվարքությունը չստուգեցիք, երբ նրա պատճառով երկու երիտասարդ հայտնվեցին բանտում: Հաշվեիք, որ այդ երիտասարդներն էլ փորձում էին Դանիբեկյանի բարեվարքության մասին պատկերացում կազմել եւ մի երկու հարց էին տվել դատավոր տիկնոջը: Տարաք, տղաներին նստեցրիք, որ ի՞նչ: Երեւի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքում էլ ԱԱԾ-ն էր ուզում բարեվարքության մեխանիզմներ տեղադրել: Ինչ կա՞ այդ գործից: Ժամանակը չէ՞ ԱԱԾ-ի բարեվարքության հարցերով զբաղվելու: Բառ են գտել՝ մարդ են վախեցնում՝ «բարեվարքություն»: Իրենք էլ այնքան անբարեվարք են, որ ուզում են ՍԴ 7 անդամի թոշակի ուղարկել, իսկ մեկին՝ չէ:

Եվ այդ մեկը Վահե Գրիգորյանն է, որ 2018թ․ ապրիլի 9-ից հետո է ընկել ՍԴ, այսինքն՝ նախկին չէ, նորհայաստանյան է: Աշխատանքի չի գնում, աշխատավարձ ու հավելավճարներ է ստանում, ծառայողական ավտոմեքենա ունի՝ հայերեն ասած՝ իրա քեֆին, շվշվացնելով ման է գալիս եւ համարվում է ՍԴ ամենաբարեվարք անդամը: Բայց սա դեռ ոչինչ, մենք՝ հարկատուներս, սովոր ենք ձրիակերներ պահելու: Իսկ մեզ՝ պողոսներիս, ի՞նչ է ասում այդ նույն Վահե Գրիգորյանի ծագումնաբանությունը՝ ՀՀՇ-ի շկոլայի շրջանավարտ, չկայացած փաստաբան: Կարո՞ղ եք ՀՀՇ-ի ժամանակների արդարադատության ոլորտից բարեվարքության մի նմուշ ցույց տալ ինձ: Չէ: Դե ուրեմն… ձեռքներդ հեռու ՍԴ-ից, թողեք աշխատեն:

Դատական ողջ համակարգում բարեվարքության մեխանիզմներ տեղադրելու համար, իմ կարծիքով, կարիք չկա բոլոր դատավորներին թոշակի ուղարկելու: Անցյալ օրը մի դատախազ, որ ինքնաբացարկ էր տվել դատավորին ու տապալել Ռոբերտ Քոչարյանի բողոքի հիման վրա սկսված դատավարությունը, բոցել էր, թե լավ դատավորներ չունենք, չեն հերիքում: Եղբայր, իսկ ի՞նչն է ձեզ խանգարում եղած դատավորներին նստեցնել բարեվարքության նորմերի վրա: Վլադիմիր Գասպարյանն ինչպե՞ս վարվեց ճանապարհային ոստիկանների հետ, հիշո՞ւմ եք: Բոլորի վրա տեսախցիկներ ամրացրեց եւ պարտադրեց ժետոններ կրել: Դուք էլ այդպես արեք։ Առաջինն էլ Վահե Գրիգորյանի վրա մի հատ ստի դետեկտոր հարմարեցրեք, որ ԱԺ բարձր ամբիոնից բարձր-բարձր ստեր չտարածի, թե ինքը ՍԴ նախագահն է:

Այս տեմպերով մեր իշխանությունները ե՞րբ կհասնեն յուրայինների բարեվարքության հարցերին: Խոսքը խոշոր ձկների մասին է, ասենք՝ նախարարի մակարդակի: Թե՞ նախարարի համար բարեվարքության կանոններ չկան: Ռուստամ Բադասյան՝ այսքան երիտասարդ, բայց արդեն «Նատաշա»: Ռուստամ ջան, բա դու չկարողացա՞ր ասել՝ պարոն Փաշինյան, սիրուն չի, ախր, վիրավորում ենք մարդկանց, երբ էս գլխից ասում ենք, որ իրենց չենք վստահում: Վերցրել ես օրենքի նախագիծն ու եկել ԱԺ՝ հա՛մ քեզ ես խայտառակում, հա՛մ պարոն Փաշինյանին: Արայիկ Հարությունյան՝ բարեվարքության մարմնացում: 100 կիլո քաշ ունի, բայց 100 դրամ փող չունի: Աշխատավարձով ապրող, բարեվարք քաղաքացի: Ե՞րբ պետք է նրա երկա՛ա՛ա՛ր նախարարության ներսում բարեվարքության մեխանիզմներ տեղադրեն: Գուցե հերթական մեծ սկանդալի՞ն են սպասում: Տեղակալին տարան արդեն, ռիսկային չէ՞, արդյոք, նրա հետագա պաշտոնավարումը: Արայիկից մի քիչ ներքեւ, մեր մայրաքաղաքի ամենաէկզոտիկ զբոսայգու հակառակ կողմում մի քաղաքապետ է նստում, անունը՝ Հայկ, «ԿամԱԶ»-ի գործ է անում, աշխատավարձն էլ՝ վարչապետի աշխատավարձից 2 անգամ ավել: Եվ ոչ մի բա՞ն: Կարելի է մտածել՝ ՍԴ-ն է խոչընդոտում, որ Հայկոյին կարգի հրավիրեն եւ պարտադրեն բարեվարքության:

Մի խոսքով՝ այ, էս անորոշության մեջ եմ: Ուզում եմ թե գնամ ու միանամ Արման Բաբաջանյանի՝ «հեղափոխության պահապանների» հավաքին, որ տեղի է ունենալու ամսույս 14-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Կարգին կամպանիա է լինելու՝ Ստյոպա Սաֆարյանով-բանով: Չգիտեմ ինչպես կընդունեն իմ հայտնվելն իրենց մեջ, բայց կարծում եմ՝ եթե Միքայել Մինասյանի կամ Սերժ Սարգսյանի անունը տամ, բարդությունների չեմ հանդիպի: Ի վերջո, այս հեղափոխության մեջ այդ մարդիկ մեծ ավանդ ունեն: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս, թե այդ հավաքով ինչ նոր թռիչքի են պատրաստում Բաբաջանյան Արմանին: Մեկ էլ տեսար՝ ՍԴ-ի պաշարման, Քոչարյանի դատավարության, ներդրումների բացակայության, տնտեսության փլուզման, արցախյան կարգավորման այս համընդհանուր ժխորում վերցրին ու դրին Նիկոլի տեղը: Սատանան մանրուքների մեջ է, չէ՞:

ՀԳ. Ձուկը Աֆրիկայում էլ ձուկ է ու հաստատ գլխից է հոտում: Բայց մենք դեռ պետք է հասկանանք, թե որտեղ է ձկան գլուխը, ձկան ո՞ր մասում: