ԱԺ ընդունած օրենքը ծուղակ է վարորդների համար

ԱԺ ընդունած օրենքը ծուղակ է վարորդների համար

Ազգային ժողովն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը, որին կողմ քվեարկեց ընդամենը 57 պատգամավոր, դեմ՝ 35-ը, եւ 3-ը՝ ձեռնպահ: 

Դեմ էին ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ Պատճառը երկրորդ ընթերցման ժամանակ փաթեթում մտցված մի դրույթն էր, որով եթե քաղաքացիներն այսուհետ որոշեն բողոքարկել իրենց վարչական ակտերը, ապա պետք է բողոքարկման համար 4 հազար դրամ պետական տուրք վճարեն։ Նախկինում նրանք ազատված էին այդ տուրքից, քանի որ պարզ տրամաբանություն է՝ 3 կամ 5 հազար դրամ տուգանքը բողոքարկելու համար հաստատ խելքին մոտ չէ, որ 4 հազար դրամ պետտուրք վճարես։ Առաջին ընթերցման ժամանակ այս կետը չի եղել նախագծում, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ գաղտագողի մտցրել են, ինչն էլ հետո նկատել էին ընդդիմադիրները, բարձրաձայնել այդ մասին ու դեմ քվեարկել։

Թվում էր, թե նման անազնիվ ու քաղաքացիներին ծուղակը գցող քայլերը հատուկ էին միայն նախկին իշխանություններին, բայց արի ու տես, որ նորերն էլ, որոնց զգալի մասը ժամանակին սերտ շփվել է նախկինների հետ, լավ յուրացրել են նախկիններից մնացած արատավոր երեւույթները, երբ որեւէ լավ նախաձեռնություն անպայման պետք է որեւէ կետով հարամեն, որ քաղաքացին իրեն լիարժեք բավարարված չզգա։ Իրականում, սրա նպատակն այլ է՝ անել այնպես, որ 5 հազար դրամով տուգանված վարորդը 4 հազար դրամ պետտուրքի պատճառով այլեւս շահագրգռված չլինի իր իրավունքները պաշտպանել դատարանում, վիճարկել իրեն ուղարկած վարչական ակտը։ Այսինքն՝ սա վարորդների իրավունքների դեմ բացահայտ իրականացվող քայլ է։ Արդյունքում ՃՈ-ն կարող է ամեն քայլափոխի անխնա ու ապօրինի տուգանել մարդկանց՝ վստահ լինելով, որ միեւնույն է՝ 5 հազար դրամի համար դատարան դիմելու համար 4 հազար չեն վճարի։ Իսկ մեր ճանապարհային ոստիկանությունն ու մյուս մարմինները, ցավոք սրտի, ունեն նման սովորություն՝ ամեն գնով, նույնիսկ ապօրինի, տուգանել քաղաքացուն, որ վերեւներին «պլան» ներկայացնեն։ Հիմա ավելի շահագրգռված կլինեն այդ հարցում։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն 4 հազար դրամով չի սահմանափակվում՝ տարբեր ատյաններում պետտուրքի տարբեր չափեր են սահմանված, մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանում 4 հազար դրամ է, վերաքննիչում՝ 10 հազար, վճռաբեկում՝ 20 հազար դրամ։

«Հիմա գլխավոր հարցը հետեւյալն է՝ նախ մենք այսօր վստահո՞ւմ ենք դատական իշխանությանը, արդարացի՞ են իրենց վճիռները, թե՞ ոչ։ Եթե չենք վստահում, ապա ինչո՞ւ ենք քաղաքացիներին ասում, որ պարտադիր պետք է տուրք վճարեք ոչ արդարացի վճիռների համար։ Իսկ եթե փորձ է արվում դատական ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու եւ վարչական ակտերի մասով էլ ֆիզիկական անձանց զրկել արտոնությունից, ապա ինչո՞ւ է խտրականություն դրվում, օրինակ, քաղաքապետարանի կայացրած որոշումների եւ Ճանապարհային ոստիկանության կայացրած որոշումների միջեւ։ Այսինքն՝ ՃՈ-ի ակտերի բողոքարկման դեպքում տուրք գանձվելու է, իսկ եթե, օրինակ, «կարմիր գծերի» վարչական ակտ են բողոքարկում, դրա համար տուրք չի գանձվում»,- ասաց Տիգրան Քեյանը։

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, հնարավո՞ր է բողոքի ակցիաներ սկսեն այս որոշման դեմ, Քեյանը հիշեցրեց, որ իրենք այլ տարբերակով են աշխատում եւ դեռեւս չեն ցանկանում այդ ճանապարհով հասնել խնդրի լուծման։

«Մենք ունենք իրավական լուրջ գործընթացներ, մոտ օրերս կհրապարակենք, թե ինչ քայլեր ենք նախատեսում»,- ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։