Անվտանգային գործիքները ժողովրդավարությամբ փոխարինելը ճակատագրական սխալ է

Անվտանգային գործիքները ժողովրդավարությամբ փոխարինելը ճակատագրական սխալ է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել առցանց ֆորմատով անցկացվող «Հանուն ժողովրդավարության»  երրորդ գագաթնաժողովին, որտեղ այս տարի նախագահում է Հարավային Կորեան։ Ինչպեսեւ կարելի էր սպասել, ելույթում բավական վիճահարույց մտքեր են տեղ գտել, որոնց եւ ցանկանում ենք անդրադառնալ։ Գայթաքարը, որտեղ, կարելի է ասել, հնարավոր չէ համաձայնել Հայաստանի վարչապետի հետ,  «ժողովրդավարություն» եւ «անվտանգություն» եզրույթները նույն համատեքստ բերելն է։ Պարզապես պատրանք է կարծել, որ ժողովրդավարությունը, այն էլ՝ ժամանակակից աշխարհում, երբ միաբեւեռ աշխարհակարգն արդեն փլուզված է, եւ ազատական-ժողովրդավարությունը, որպես գաղափարախոսություն, խորը ճգնաժամ է ապրում, հանգամանք, որը հենց Արեւմուտքի գաղափարական տեսաբաններն են ընդունում, որտեղ կամաց-կամաց դիրքերն է ամրապնդում պահպանողականությունը՝ իր բոլոր դրսեւորումներով, կարող է ապահովել անվտանգություն որեւէ երկրի համար՝ լինի դա ներքին թե արտաքին անվտանգություն։ Դա պարզապես ուտոպիա է։

Ներքին կայունությունը, ներքին անվտանգությունն ապահովում են տվյալ երկրի իրավակարգը, օրենսդրական համակարգը, դատական իշխանությունն ու իրավական-ուժային համակարգը։ Պետությունների արտաքին անվտանգությունն ապահովվում է զինված ուժերի, սպառազինությունների ու պայքարելու պատրաստ իշխանության միջոցով։ Անթույլատրելի է իրավակարգը, ուժային համակարգն ու զինված ուժերը զուտ լիբերալ-դեմոկրատական մեկնաբանությամբ ժողովրդավարությամբ՝ որպես գաղափարախոսություն, փոխարինելը։ Այդպես միայն ուտոպիստական տեսություններում կարող է լինել, իսկ ռեալ քաղաքական գետնի վրա այդպես չի եղել եւ չի կարող լինել։ Նույնիսկ այնպիսի դեմոկրատ երկրներում, ինչպիսիք Միացյալ Նահանգները կամ եվրոպական երկրներն են, մեծ հաշվով, անվտանգության երաշխիքները, անվտանգություն ապահովող մարմիններն ամենեւին էլ ժողովրդավարական կառույցներ չեն, այլ, օրինակ, ՆԱՏՕ-ն է երաշխիք, որպես ռազմաքաղաքական ճամբար կամ արդեն երկրե-երկիր տեղակայված՝ վերջիններիս ոլորտային պատկան մարմինները։

Ժողովրդավարությունը պարզապես կարող է երկրի ներսում կամ երկրների միջեւ խաղաղ գոյակցության կամ համակեցության որոշակի կոնսենսուսային դրական միջավայր ստեղծել, ապահովել քիչ թե շատ տանելի կյանքի կամ գոյության պայմաններ։ Սա նկատի ունենալով՝  Փաշինյանի ինչպես այս ելույթի տրամաբանությունն ու տոնայնությունը, այնպես էլ այլ բազմաթիվ հանրային խոսքի եւ ելույթների տրամաբանությունն ու տոնայնությունը, թե ժողովրդավարությունը կարող է ապահովել անվտանգություն, խոր մոլորություն է կամ քաղաքական ուտոպիզմին տուրք տալ։

Պետք է միանշանակորեն հիշել, որ ռեալ քաղաքական գետնի վրա ոչ ոք «հայկական ժողովրդավարությունը» չի պաշտպանի, օրինակ, թուրք-ադրբեջանական բռնապետական ուժերի հարձակումից կամ էքսպանսիայից, նույնիսկ եթե այդ ժողովրդավարությունը լինի դասագրքային, օրինակելի, նախանձելի։ Հակառակը մտածողը ճակատագրական, կարելի է ասել՝ կործանարար սխալ է գործում իր պետության հանդեպ։