Չգիտենք, թե որքան է շարունակվելու այս վիճակը

Չգիտենք, թե որքան է շարունակվելու այս վիճակը

«Հրապարակը» զրուցել է Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի վարիչ, իր.գ.թ., դոցենտ` Տաթևիկ Գևորգյանի հետ։

Փորձեցինք հասկանալ, թե ի՞նչպես են պատրաստվում դիմավորել սեպտեմբերի 1-ը և ի՞նչ խնդիրներ ունի այսօր արցախցին։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ ավելի են բարդանում խնդիրների լուծումները, երբեմն դառնալով անհնարին։ 

- 10 օր առաջ հնդկաձավար, շաքար, մակարոնեղեն գտնել գոնե հաջողվում  էր, այսօր արդեն ոչ։ Սպառվում են մարդկանց սննդի պաշարները: Քաղաքում մի քանի հացի փռեր են աշխատում, չեն կարողանում բավարարել մարդկանց։ Հերթերը շատ են, մարդիկ զայրանում են։

Մի քանի օր առաջ մեր բարեկամին չէր հաջողվել հաց ստանալ, այն բանից հետո, երբ ողջ օրը հերթի մեջ էր եղել։ Ես մեր ունեցած 1 հացը կիսել եմ, մինչև կստանար։ Փորձում ենք մեկս մյուսին օգնել, առաջնահերթ մի կտոր հաց երեխաներին հասցնել, մեծերով դիմանում եք։ Վերջին օրերին ամեն ընտանիքին մեկ հաց է հասնում։ Մեր երեխաները 21-րդ դարում զգում են, թե ինչ է սովը։ 21-րդ դարում...

- Պատրաստվու՞մ եք սեպտեմբերի մեկին։ Որպես դասախոս ի՞նչ խնդիրների եք բախվում և ուսումնական պրոցեսը ինչպե՞ս եք կազմակերպելու։ Այս տարի սեպտեմբերի մեկի միջոցառումները կտարբերվե՞ն մնացած տարիներից։

- Ստեղծված պայմաններում մեր համալսարանը որոշում էր ընդունել, որ դասապրոցեսը սկսել օգոստոսին և ավարտվել աշնան վերջին։ Նման որոշման պատճառ հանդիսացել է ջեռուցման պայմանների ապահովման բացակայությունը։ Նախատեսում էինք առաջին կիսամյակը ավարտել աշնան վերջին։ 3 ամիս տանը կմնանք, հետո` մարտից կվերսկսենք երկրորդ կիսամյակը։ Բայց չստացվեց։ Սննդի, կոմունիկացիաների բացակայության պատճառով կառավարությունը թույլ չի տվել սկսել ուսումնական պրոցեսը։ Հիմա սպասում ենք սեպտեմբերի 1-ին, ինչ որ փոփոխություն եթե լինի, եթե ոչ՝ չգիտենք։ 

- Այս տարի ընդունելության թիվը մյուս տարիների համեմատ ո՞նց է եղել։ Համալսարանը քանի ուսանող ունի։ Այս վիճակը ազդե՞լ է համալրման վրա։  

- Ընդունելություն եղել է, եթե համեմատական ենք անցկացնում պատերազմից առաջ և այսօր, պատերազմից առաջ ուսանողների թիվը 2500 է եղել, այս տարի կլինի` 1500։ 

- Եթե լինի որոշում ուսումնական պրոցեսը սկսելու, որպես մասնագետ, հնարավո՞ր եք համարում նման պայմաններում իրականացնել դասընթաց։ Ի՞նչ պետք է անեն շրջանների ուսանողները, որ քաղաք հասնելու խնդիր ունեն։ 

- Քաղաքում բնակվողները կարող են ոտքով գալ համալսարան։ Շրջանների երեխաների համար քննարկվում է առցանց տարբերակը։

-Այս լուծումների պայմաններում, կարո՞ղ ենք համարել, որ ուսումնական պրոցեսը թե՛ համալսարաններում, թե՛ դպրոցներում հնարավոր է լիարժեք ապահովել։

-Եթե խոսենք նաև դպրոցներից, շատ ծնողներ երեխաներին սնված դպրոց ուղարկելու խնդրի առջև են կանգնած։ Ամեն ինչ արվում է, որ վիճակը հնարավորինս մեղմվի, որ չխախտվի երեխաների սովորելու հիմնարար իրավունքները։ Բայց երբեմն ծնողները կանգնում են անլուծելի խնդիրների առջև։ Եվ չգիտենք, թե որքան է շարունակվելու այս վիճակը։

Կարեն Քերիմյան