Ինչու՞ չէիր ասում՝ եղբայր, էս ինչ խաբա՞ր է, որ չես ընդունում Արցախը

Ինչու՞ չէիր ասում՝ եղբայր, էս ինչ խաբա՞ր է, որ չես ընդունում Արցախը

Նիկոլը իր գալու օրվանից է Արցախից ձեռք քաշած եղել, պարզապես արարողություն էր, հերթով պիտի աներ։ Էն որ իր աշխատողներից մեկի լեզվի միջոցով ասում է՝ միջոց չունեն՝ Արցախից հրաժարվում են, քանի՞ մարդ է հավատում։ Սա նման է այն պատմությանը, երբ մայրը երեխուն վաճառում է ու ասում՝ միջոց չունեմ, որ պահեմ։ Ու վաճառում է նրան, ով կարող է իր երեխուն հում- հում ուտել։ Ասում են՝ Արայիկը Երևան է եկել, որ Նիկոլից իմանա, թե Արցախից խի՞ է հրաժարվել։ Հիմա Արայիկին ո՞նց չասես, եկ, միասին հիշենք, երբ Արցախի նախագահ էիր ընտրվել ու պաշտոնական հանդիպում ես ունեցել ՀՀ վարչապետի հետ, ու ես էլ այդ ժամանակ հոդված էի գրել՝ «Ու՞ր է Արցախի Հանրապետության դրոշը» վերտառությամբ։ Մի փոքր հիշեցնեմ․ «Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Մինչ այդ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ նրանք հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի հերոսների հիշատակին։ Առաջին պաշտոնական հանդիպումն է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի հետ։ Ու դա պիտի լիներ արժանապատիվ հանդիպում՝ հարգվեր Արցախի Հանրապետության դրոշը։ Հանդիպման ժամանակ չկար Արցախի դրոշը»։ Ի դեպ 2019-ին Բակո Սահակյանի հետ էլ պաշտոնական հանդիպման ժամանակ տեղադրված էր միայն ՀՀ դրոշը։ Արցախի դրոշը չկար։ Երբ դրանք քննարկումների առիթ դարձան, նիկոլենք ասացին, թե իբր մոռացել են։ Հիմա ի՞նչ ես ուզում, պարոն Արայիկ։ Էն ժամանակ, որ խաբար չէիր, թե Արցախի գլխին ինչ է գալու՝ ինչու՞ չէիր Նիկոլի դեմքը պլոկում։ Ինչու՞ չէիր ասում՝ եղբայր, էս ինչ խաբա՞ր է, որ չես ընդունում Արցախը։ Ինչու՞ չէիր բացատրում, որ Արցախի դրոշը ստեղծված է Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակմամբ վերամիավորումը։ Ինչու՞ չէիր գոռում, որ կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։ Ինչու՞ չէիր գլուխդ պատովը տալիս ու ասում, որ ամբողջ Արցախում մի խոտ չկա, որ վրան հայի արյուն թափված չլինի։ Ինչու՞ չէիր ոռնում՝ Նիկոլ, էդ ի՞նչ ես անում։ Հիմա ո՞նց ես ուզում, որ քեզ հավատա ժողովուրդը, որ դու այս ամենի հետ կապ չունես։ Որ մի անտեղյակ մարդ ես։