Քաղաքական ժանգլյորություն

Քաղաքական ժանգլյորություն

 Օրակարգում «խաղաղության պայմանագիրն է,,։ Եթե ժողովրդական ճնշմամբ « խաղաղության պայմանագիրը չկնքվի» , լայնամասշտաբ պատերազմ սկսվի, Փաշինյանը կասի՝ տեսե՜ք, ես խաղաղություն էի ուզում, դուք չհամաձայնվեցիք ու այդքան զոհերի ու տարածքների կորուստ ունեցանք։ Պատասխանատվությունը նախկինների ու ձեր վրա է, ժողովուրդ։ Այդտեղ իր համար «ճղճղալու, ասֆալտին փռելու» դաշտ կբացվի, ու ինքը կբացի այլախոհներին ասֆալտին փռելու իր երկրորդ շնչառությունը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե խաղաղության պայմանագիրը կնքվի՝ Հայաստանի տարածքային խուզաբանությամբ։ Բնական է, ախորժակը ուտելուց է բացվում, Ադրբեջանի ախորժակը կբացվի ու․․․ նորից պատերազմ։ Նոր զոհեր, տարածքային նոր կորուստներ։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կասի․ «Կարող էինք խաղաղության պայմանագիրը չկնքել, բայց արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե՝ ոչ այդքան զոհերով»։ Դիմադրության ժամանակ, բնական է, զոհեր ավելի քիչ կլինեն։ ․․․Իսկ ժողովուրդն ի՞նչ կաներ։ Այն, ինչ արել է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։ Մարսել է չէ՞ այդ բառերը։ Այնպես որ ինչպիսի իրավիճակ էլ լինի, ժանգլյորը ճարպկորեն վեր է նետելու և բռնելու տարբեր իրեր, կատարելու ու դուրս է գալու անհավատալի թվացող վարժությունների տակից։ Քաղաքական ժանգլյորությունը ոչ մի կապ չունի պետական ղեկավարման հետ, ու պատմական պահ է՝ հասկանալու, որ կրկեսային լարի վրա թռչկոտելն ու կառչած մնալը ոչ մի կապ չունի երկրի անվտանգության հետ։