Քաղաքացիներից ստացած մանդատը ժառանգություն չէ

Քաղաքացիներից ստացած մանդատը ժառանգություն չէ

2017 թվականի մայիսին կատարված ընտրությամբ ՀՀ քաղաքացիներն իրենց ձայնը տվեցին Հայաստանի Հանրապետության զարգացման՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսլականին: Դրանից տասն ամիս անց նույն այդ քաղաքացիները դուրս եկան փողոց եւ պահանջեցին վարչապետ կարգված Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նույն տրամաբանությամբ, եթե 2021 թվականի հունիսին Փաշինյան Նիկոլն արտահերթ խորհրդարանական ընտրությունում ստացավ քաղաքացիների քվեն, ապա դա չի նշանակում, որ նույն այդ քաղաքացիները չեն կարող հետ չպահանջել այն: Հատկապես հաշվի առնելով 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտությունը եւ դրան հետեւած մյուս բոլոր ողբերգական իրադարձությունները: Նորմալ պետություն ունենալու եւ նրանում արժանապատվություն ունեցող քաղաքացիների մեծամասնության դեպքում Նիկոլը վաղուց արդեն կգցվեր պատմության աղբարկղը եւ ոչ թե կխոսեր ՀՀ քաղաքացիներից ստացած հերթական մանդատի մասին: 

Ինչ մնում է ընտրություններին ստացված մանդատի բովանդակության խնդրին, ապա Հայաստանի եւ տարածաշրջանի համար «խաղաղ զարգացման դարաշրջան բացելը» չպետք է լինի մեր երկրի անվտանգության հաշվին: Իսկ դա այն է, ինչի ուղղությամբ շարժվում է այսօր նիկոլական «ժողովրդի իշխանությունը»՝ ներկայացնելով այն որպես տարածաշրջանային կոմունիկացիաների բացում: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է փակել աչքերը եւ չտեսնելու տալ սյունիքյան միջանցքի մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Նույնիսկ ներկայացնել մեզ որպես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ համաձայնություն: Նորմալ երկրում դա արդեն բավարար կլիներ, որպեսզի Նիկոլին մանդատ տված քաղաքացիները հարց տային նրան, թե ինչպես է սյունիքյան միջանցքը փոխարկվելու տարածաշրջանային կոմունիկացիաների: Իսկ տրված հարցին ադեկվատ պատասխան չստանալու դեպքում նրա ձեռքից վերցնեին իրենց իսկ տված մանդատը՝ ճիշտ այնպես, ինչպես կատարվեց 2018-ի գարնանը Սերժ Սարգսյանի նկատմամբ: 

Ընդ որում, Փաշինյան Նիկոլի դեպքն իր ծանրությամբ շատ ավելին է, քան իր նախորդներինը (Ռոբերտ Քոչարյանի կառավարումն էլ՝ հետը) երեքուկես տարի առաջ: Նախորդների ժամանակ, համենայնդեպս, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին-առանձին չէին բանակցում Թուրքիայի հետ «Լեռնային Ղարաբաղի» եւ Հայաստանի վերաբերյալ: Թեկուզեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջնորդությամբ, սակայն Հայաստանն ինքն էր բանակցում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Իսկ այսօր Ադրբեջանի համար Արցախն ընդամենը Արեւելյան Զանգեզուրի տարածք է, իսկ թուրք-ամերիկյան եւ թուրք-ռուսական բանակցություններում էլ Հայաստանը՝ ընդամենը օբյեկտ:

Ի դեպ, վերը նշված թեզը բարձրաձայնվել է օրերս «Armenia Business Forum»-ի բացման ժամանակ՝ կազմակերպված Հայկական գործարարների ասոցիացիայի կողմից։ Ֆորումի մասին՝ այստեղ : Ասոցիացիան, իր հերթին, կազմավորվել է 2019-ին՝ ռուսահայ գործարար, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եւ ռուսահայ մի շարք այլ գործարարների ու բիզնես-կառավարիչների կողմից: Իմիջիայլոց, քննադատությանը բացարձակ չի դիմանում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կողմից նշված ֆորումում արտահայտված երկրորդ թեզը, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է նշանակալիորեն փոխել Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ բարձրացնելով նրա մրցունակությունը: Իրականում, եթե նույնիսկ ամբողջովին լուծվեն անվտանգության խնդիրները, այն ընդամենը կարող է որոշ չափով նվազեցնել լոգիստիկ, այսինքն՝ հայաստանյան բեռները Ռուսաստան տեղափոխելու հետ կապված ծախսերը: Այս պահին Հայաստանում արտադրվում է այն, ինչ կարող ենք արտադրել, եւ կոմունիկացիաների բացումն ավելին արտադրելու կամ արտադրանքի տեսականին փոխելու առումով էական նշանակություն ունենալ չի կարող:  

Անցկացված «Armenia Business Forum»-ի հետ կապված՝ ինձ հետաքրքրում է նաեւ մեկ այլ հարց. Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ Հայաստանն անշեղորեն շարժվում է դեպի թուրքական վիլայեթացում, դա անգամ շարքային քաղաքացիներին է տեսանելի: Եվ որքանո՞վ է այդ դեպքում նպատակահարմար նման ֆորումների կազմակերպումը: Չեմ կարծում, թե դրանք որեւէ օգուտ կտան մեր երկրին: Ընդհակառակը, դրանք կվնասեն երկրին՝ օգուտ տալով անձամբ Փաշինյան Նիկոլին՝ փիառի միջոցով նպաստելով նրա իշխանության ամրապնդմանը: Իսկ Փաշինյան Նիկոլի օրոք եւ հատկապես պատերազմում խայտառակ պարտությունից հետո վերջինիս եւ Հայաստանի Հանրապետության շահերը տրամագծորեն հակադիր բեւեռներում են: Եվ քանի որ մենք չենք կարող փոխել Հայաստանը մեկ այլ պետությամբ, եւ ոչ էլ դրա կարիքը կա, ապա պետության ղեկավարի պաշտոնում ստիպված ենք փոխել Փաշինյան Նիկոլին: Ստիպված ենք փոխել, եթե ցանկանում ենք տեսնել մեր հայրենիքը ոչ միայն հզոր եւ բարեկեցիկ, այլեւ ընդհանրապես որպես գոյություն ունեցող պետություն: