Ֆորումի նպատակը «Տաշիր գրուպի» կողմից կատարվելիք ներդրումը հրապարակելն էր

Ֆորումի նպատակը «Տաշիր գրուպի» կողմից կատարվելիք ներդրումը հրապարակելն էր

Սեպտեմբերի 20-ին Երեւանում՝ Dvin Music Hall-ի մեծ սրահում, անցկացվեց Armenian Business Forum-2021 անունով տնտեսական միջոցառում։ Հովանավորը Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր, «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր եւ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Միջոցառումը պատերազմից հետո Հայաստանի ավերված տնտեսությունը վերականգնելու քաղաքակիրթ փորձ կարելի է համարել, որով կոչ է արվում մնալ այստեղ կամ դրսից ներդրում անել Հայաստանում։

Գաղափարն ինքնին վատը չէ, բայց նմանատիպ «պուպուշ» միջոցառումների կազմակերպումն այս համատարած ողբերգության, անկայունության եւ ապագայի անորոշության ֆոնին փոքր-ինչ արհեստածին էր։ Սամվել Կարապետյանը մեկ հարկի տակ էր հավաքել նրանց, ում կարողացել էր՝ իր ընկեր, բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանից մինչեւ նախկին ու ներկա պաշտոնյաներ, ՀՀ-ում եւ Ռուսաստանում գործունեություն ծավալող տարբեր տրամաչափի գործարարներ, որոնց իր ելույթում հորդորում էր ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, որը բաց է համագործակցության համար, եւ կոչ էր անում ավելի սերտ տնտեսական համագործակցություն հաստատել  տարբեր երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների միջեւ։ Եվ անընդհատ շեշտը դնում էր ռուսական շուկայի, Ռուսաստանի հետ համագործակցության կարեւորության վրա, այն աստիճանի, որ հայտարարեց․ «Հայկական շուկան ռուսական բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է կազմակերպել ռուսաց լեզվի պետական մակարդակով ուսուցումը: Նախեւառաջ խոսքը դպրոցներում եւ այլ կրթական հաստատություններում ռուսերենի պարտադիր ուսուցման մասին է»։ Ապա առաջարկեց 3 լեզու դարձնել պետական` հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Եվ մի նորություն էլ ասաց՝ փորձելով սեփական օրինակով վարակել մյուսներին։ Հայտարարեց, որ «Տաշիրն» առաջիկա 5 տարիներին Հայաստանում 780 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացնելու, որի մեծ մասը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում։ Մեզ ասացին՝ արդիականացնելու է էլեկտրացանցը, նոր ենթակայան է կառուցելու, իր հայրենի Լոռու մարզում էլ` Տաշիրում, մալուխների արտադրություն է հիմնել` կաբելի գործարան, որը մալուխներ է մատակարարելու իր ՀԷՑ-ին, եւ Վրաստան ու Ռուսաստան է արտահանվելու։ Միջոցառմանը ռուսական կողմից ներկա էր նաեւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Մենք տեղեկացանք, որ միջոցառմանը հրավիրվել էր ու պետք է ներկա լիներ նաեւ նախկին վարչապետ, Հայաստանում ռուսական կապիտալի մեկ այլ ջատագով Կարեն Կարապետյանը, բայց վերջին պահին փոշմանել է։ Հավանաբար հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ նույն դահլիճում գտնվելը սկանդալի կվերածվի: Թեեւ նույն սկզբունքով սկանդալային կարելի է համարել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից Փաշինյանին հրավիրելը, չէ՞ որ ամիսներ առաջ նրա հրաժարականն էր պահանջում: Բայց փողը տանիք է սիրում, եւ հասկանալի է իշխանամետ օլիգարխի այս պահվածքը` չի ուզում վտանգել իր կարողությունները:

Իսկ 2018-ից ՀՀ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը, որը 3 տարում գործարարներին բանտարկելով, ասֆալտին փռելով, նրանց դեմ քրգործեր հարուցելով էր զբաղված, ֆորումին ոչ միայն ներկա էր, այլեւ ելույթ ունեցավ ու, ինչպես միշտ, ճռճռան մտքեր արտահայտեց՝ հընթացս իր դավադիր նպատակների մասին թափանցիկ ակնարկներ անելով․ «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կարեւոր էր գտնել մի քանի հարցերի պատասխաններ, եւ դրանք գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դրանք պիտի ցույց տային կամ դառնային երրորդ հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը եւ ի վերջո պիտի պատասխան տային մեկ այլ շատ կարեւոր հարցի. իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը եւ դեպի ո՞ւր շարժվել: Կարծում եմ՝ սա ամենակարեւոր հարցն է, եւ ընտրությունների արդյունքներով, ըստ էության, արձանագրվեց ՀՀ քաղաքացիների որոշումը՝ շարժվել Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Հատկապես այսպիսի մանդատ է ստացել մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից»:

Հետո սկսեց խոսել դելիմիտացիայից եւ դեմարկացիայից՝ ակնարկելով, որ պատրաստվում է Հայաստանից էլի տարածքներ հանձնել թշնամուն, որ այդ տարածքներում տնտեսությունը զարգանա, եւ անցավ իր կառավարության կատարած աշխատանքների գովերգմանը։ Ֆորումն ավարտվեց ծափերով, իսկ լրատվականների գլխագրերում Սամվել Կարապետյանի կողմից 780 մլն դոլարի ներդրման մասին ավետող լուրն էր։

Տպավորություն էր, թե ֆորումն ընդամենը այդ մեկ լուրը հայտնելու մասին էր, որ Սամվել Կարապետյանը հայտարարի` ինչ ասել եմ, ղալաթ եմ արել, հիմա Նիկոլ Փաշինյանի հետ օրթախ ենք, եւ ես վստահում եմ այս իշխանությանն ու պատրաստվում եմ մեծ ներդրում անել, որ ՔՊ-ական իշխանությունը բարի աչքով նայի ինձ: Միջոցառմանը ներկա գործարարներն էլ երեւի գոհ մնացին` ե՛ւ խոշոր օլիգարխներին մոտիկից տեսան, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմեցին, վերջում էլ տոնական ընթրիքի մասնակցեցին։ Ի դեպ, ֆորումին ընդդիմադիր պատգամավորներից եւս մասնակցողներ կային, սակայն տեղեկացանք, որ ոմանք ընթրիքին ներկա չեն եղել։