ԱՄՆ-ի հանդեպ ռեւերանսներ անող Էրդողանը կհասնի՞ իր նպատակին

ԱՄՆ-ի հանդեպ ռեւերանսներ անող Էրդողանը կհասնի՞ իր նպատակին

Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպումից առաջ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Նյու Յորքում էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ընթացող վեհաժողովին, որի ժամանակ մեծ ակտիվություն ցուցաբերեց․ փորձեց ներկայացնել իր հեղինակած «Առավել արդար աշխարհ հնարավո՛ր է» վերնագրով գիրքը, պաշտոնական եւ ոչ պաշտոնական բազմաթիվ հանդիպումներ ունեցավ։ Հանդիպեց նաեւ ամերիկյան գործարար շրջանակների հետ՝ փորձելով նրանց տրամադրել ազդեցիկ ամերիկյան-հայկական լոբբիի դեմ։

«Գիտեմ, որ լավ հասկանում եք ինչ-ինչ շրջանակների անհիմն զրպարտչական արշավների վտանգավորությունը, որոնց միակ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների թունավորումն է։ Եվ վստահ եմ, որ հստակ դիրքորոշում կորդեգրեք իրավական ու պատմական իրողություններից հեռու չարակամ քայլերի նկատմամբ»,- հայտարարել էր Էրդողանը։ Նաեւ հույս էր հայտնել, թե իրենք ամերիկյան իշխանությունների մոտ հանդես կգան երկու երկրների միջեւ արգելքների վերացման փաստաբանների դերում։ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի ղեկավարը փորձեց ամերիկացիների մոտ նաեւ լավ հիշողություններ ոգեկոչել․ «Թուրքիան եւ ԱՄՆ-ն երկու հզոր ռազմավարական գործընկեր եւ դաշնակիցներ են 70 տարուց ի վեր։ Այդ համագործակցությունը՝ առանձնահատուկ եւ ամուր հիմքի վրա, տարիներ ի վեր իր ներդրումն է բերում խաղաղությանը եւ լայն աշխարհագրության կտրվածքով՝ կայունությանը։ Վերջին շրջանի ճգնաժամային իրադարձությունները եւս մեկ անգամ ի ցույց դրեցին մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության կարեւորությունն ու դրա արժեքը»։

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային կառույցի տնօրեն Արփի Վարդանյանը նախ արձագանքեց հայկական քարոզչության մասով։ «Այն շատ կարեւոր է, շատ անհրաժեշտ է եւ ոչ մի ձեւով չի խանգարում, որ Թուրքիան իր գործընթացներն իրականացնի։ Եվ ես վստահ եմ, որ ամերիկյան քաղաքական գործիչները լավ հասկանում են, թե որն է իրականությունը։ Եվ Էրդողանի համար այդ իրականությունը կարող է լրիվ ուրիշ բան լինել, բայց Ամերիկայի գործիչները լավ հասկանում են իրականությունը, եւ թե որտեղից է սկսվել ամեն ինչ, եւ թե ինչն է եղել իրենց դերն այնտեղ, որտեղ իրենց մատները խառնել են»,- մեզ հետ զրույցում ասաց Արփի Վարդանյանը։ Հետեւաբար, նա հույս ունի, որ ամերիկյան կողմը ճիշտ որոշում կկայացնի՝ հասկանալով այդ ամենը։ Իհարկե, խոսքն ամբողջ քաղաքական դաշտի մասին չէ, որովհետեւ ԱՄՆ-ում կա նաեւ թուրքական լոբբի։ 

Բայց կներվի՞ թուրք-ռուսական սիրախաղն Էրդողանին։ Արփի Վարդանյանն ի պատասխան ասաց, որ, այնուամենայնիվ, թուրք-ամերիկյան հարաբերություններն առաջվանը չեն, որովհետեւ վերջին մի քանի տարիներին Թուրքիան ԱՄՆ-ին մշտապես ցույց է տվել, որ վստահելի գործընկեր չէ։ «Եթե Ամերիկան պատասխան չտա, ապա Թուրքիան պիտի անընդհատ շարունակի եւ ոչ միայն հայերի, այլեւ բոլորի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը։

Հանրային խորհրդի նախագահ, մասնագիտությամբ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է՝ ամերիկյան որեւէ վարչակազմի համար ցանկալի չի եղել Ս-400-ների վաճառքը։ «Եվ դա այնքան լուրջ է, որ չեմ կարծում, որ էդտեղ Անկարայի ռեւերանսներից հետո բան փոխվի, որովհետեւ խնդիրը միայն ռուս-թուրքական քաղաքական կամ տնտեսական համագործակցությունը չէ, այլ ՆԱՏՕ-ի համակարգերի մեջ է»,- ասաց Սաֆարյանը։

Այժմ՝ պատմական տեղեկանք․ ԱՄՆ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 19-րդ դարից․ 1831-ին ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Օսմանյան կայսրության հետ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն Թուրքիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1927-ին։ 1947-ին երկու երկրների միջեւ ստորագրվեց տնտեսական եւ տեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը Թուրքիային տրվելիք ամերիկյան աջակցության հարցում Թրումենի դոկտրինի տրամաբանական շարունակությունն էր։ Այն է՝ օգնել  դիմակայելու ԽՍՀՄ սպառնալիքներին։ Պատահական չէ, որ Թուրքիան «սառը պատերազմի» տարիներին բռնեց ԱՄՆ-ի կողմը, 1952-ին մտավ Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, իսկ 1955-ին դարձավ առանցքային դեմքն ու կազմակերպիչը, ակտիվ համագործակցելով ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցներ Իրանի, Իսրայելի եւ Հորդանանի հետ՝ ընդդեմ խորհրդային քաղաքականությունը պաշտպանող Եգիպտոսի, Իրաքի եւ Սիրիայի։

Ակնհայտ է, որ թուրքական այս քաղաքականությունից, որը հիմա Էրդողանը փորձում է ոգեկոչել, շատ քիչ բան է մնացել, շատ ջրեր են հոսել, փոխվել են շահերն ու հետաքրքրությունները, փոխվել են դաշնակիցները, նաեւ՝ գլխավոր։ Մյուս դաշնակիցների մասով եւս այսօր Թուրքիան եւ ՌԴ-ն համատեղ օպերացիաներ են անում Սիրիայում եւ, ինչպես համոզված են հայաստանյան շատ վերլուծաբաններ, նաեւ Արցախում ու Հայաստանում, օրինակ՝ Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերում։ Միացյալ Նահանգների պատասխանը՝ ուշացած, բայց, ի վերջո, եղավ․ նախ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, ապա 2021-ի ապրիլի 24-ին Ջո Բայդենն արտասանեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։

Նախկինում «զրո լարվածություն հարեւանների հետ» սկզբունքը հայտարարած Թուրքիայի հարաբերությունները լարված են նաեւ տարածաշրջանային այլ խաղացողների հետ։ Օրինակ՝ 20 թվականի պատերազմի արդյունքներից ոգեւորված Էրդողանը շատ ավելի հեռուն գնաց Բաքվի հայտնի հաղթանակի շքերթի ժամանակ եւ ոչ միայն ոգեկոչեց Էնվերի ոգին, այլեւ արտասանեց Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» բանաստեղծությունը, որում դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասաց․ «Մենք ձեզնից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին»: Իսկ վերջում ավելացրեց, որ Արազը շուտով իշխանություն եւ ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա: Թուրքիայի նախագահի այդ հայտարարությանն իր թվիթերյան էջում անմիջապես արձագանքեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը. «Էրդողանին չե՞ն ասել, որ Բաքվում իր կողմից ընթերցված բանաստեղծությունն Արաքսի հյուսիսային շրջաններն Իրանի հայրենի հողից բռնի բաժանման մասին է: Մի՞թե նա չի հասկացել, որ խախտում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»: Այսօր էլ Իրանը զորքեր է կուտակում Թուրքիայի հետ եղբայրական Ադրբեջանի հետ սահմանին։