Ինչ է ուզելու Փաշինյանն Էրդողանից

Ինչ է ուզելու Փաշինյանն Էրդողանից

Իշխանական թիմում քննարկում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն Էրդողանին հանդիպելու առաջարկն իրենցից գաղտնի պահել։ Այդ ի՞նչ է ցանկացել փոխանցել Թուրքիայի նախագահին, որ հարկ չի համարել իրենց հետ նախապես քննարկել, գոնե նեղ կազմին տեղեկացնել։ Փաշինյանն անհարմար դրության մեջ է դրել թիմին, նրանք տեղեկացված չեն հանդիպման օրակարգի մասին, բայց ստիպված են արդարացնել այն, քանի որ այն բանից հետո, երբ Էրդողանը գաղտնազերծեց, որ ՀՀ վարչապետը Վրաստանի իր պաշտոնակցի միջոցով իր հետ հանդիպելու առաջարկ է ուղարկել, Փաշինյանի խոսնակն արձագանքելով` ըստ էության, չհերքեց։ 

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի թաքցնում՝ տեղյակ չի եղել, որ նման առաջարկ է արվել: Իսկ թե ինչու է իրենցից գաղտնի պահվել, չի կարող ասել, ասում է՝ իմ իրավասության շրջանակներում չէ այդ հարցը, առավել եւս, որ լուրը, իր խոսքով, պաշտոնապես չի հաստատվել։ «Չհերքելը դեռ հաստատել չի նշանակում, քանի չի ասվել՝ «այո, եղել է նման առաջարկ», նման չհիմնավորված բաների մասին խոսելն ինչքանո՞վ է նպատակահարմար,- ասում է նա։ -Ես նույնիսկ չեմ էլ կարող ասել՝ այս պահին կարիք կա՞ հանդիպելու, թե՞  չկա, դա գործադիրի եւ նրա ղեկավարի որոշելիքն է»։

Նրա կարծիքով՝ հայ-թուրքական դիվանագիտական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն կա․ «Այո, հարեւանների հետ պետք է կարողանալ հաշտ ապրել, բայց իրենց հետ պետք է զգույշ լինել, որովհետեւ մենք այս պահին գտնվում ենք թշնամական հարաբերությունների մեջ։ Ես էլ եմ տարբեր առիթներով նման հայտարարություններ արել, բայց գնահատելը մի բան է, քայլ անելը՝ այլ»։

Աղազարյանը չթաքցրեց, որ վստահ չէ՝ հարեւանների հետ բարիդրացիություն անելը կստացվի՞, թե՞ ոչ․ «Ես 100 տոկոսանոց վստահություն չունեմ, որ կստացվի, բայց ինձ նաեւ հետաքրքիր է Ձեր առաջարկը, բա ի՞նչ անենք` պատերազմե՞նք։ Եթե չենք ուզում հաշտ ապրել, պիտի գնանք վերացնենք Թուրքիային ու Ադրբեջանին։ Է, եկեք գնանք վերացնենք, կարո՞ղ ենք»: Բնական է` երկուսն էլ անհնարին է․ «Ուրեմն կա երրորդ տարբերակ` եկեք արտագաղթենք ԱՄՆ, ես չեմ կարող գնալ, կմնամ ու կպայքարեմ, որ ապրենք այստեղ»: Թուրքերի հե՞տ։

«Ոչ, թուրքերի հարեւանությամբ»: Տարիներ շարունակ իրենց հարեւանությամբ ապրել ենք, հիմա հանդիպելու նպատակը ո՞րն է։ «Հա, ապրել ենք, Թուրքիայի հետ առանց դիվանագիտական հարաբերությունների, Ադրբեջանի հետ էլ՝ պատերազմական վիճակում»: Մտածում եք, որ առանց մեր կողմից նոր զիջումների պատրա՞ստ են մեզ հետ բարեկամանալ։ «Մենք պետք է որոշ բաներ ստիպենք, որ այս օրակարգն էլ իրենց համար դառնա ընդունելի»։

Բայց կարծես թե Էրդողանն է մեր առջեւ պայմաններ դնում, չէ՞ որ հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել, ինքը պատրաստ է նման հանդիպման եւ անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, եթե հայկական կողմը հստակ քայլեր ձեռնարկի․ խոսքը, բնականաբար, Զանգեզուրի միջանցքի մասին է: «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ (Նախիջեւանի միջանցքի) հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիբ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- նախօրեին ասել է նա` Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցում է ՄԱԿ-ի վեհաժողովին։ Աղազարյանն ասում է, որ միջանցքի մասին Փաշինյանը հստակ է արտահայտել իր մերժումը։ Իսկ իշխանության օրակարգն իրականանալի՞ է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերը եւ այն, որ մարդկանց համար դժվար է լինելու թուրքերի հետ հաշտության գնալը: «Այսօր չեն ընդունի այդ օրակարգը, թող ընդունեն 30-40 տարի անց, բայց դա է ճանապարհը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը կռահում է, թե ինչ է ուզելու Փաշինյանն Էրդողանից: «Եթե դու առաջարկում ես հանդիպում, ուրեմն ինչ-որ բան ունես առաջարկելու, այլապես ինքդ կսպասես, որ քեզ առաջարկեն։ Կարծում եմ` դա կապված է տնտեսության հետ, ուզելու է կապիտալ ներդրումներ, ֆինանսական ներդրումներ, անունը կդնեն ապաշրջափակում, բայց իրականում թուրքական կապիտալը կհրավիրեն Հայաստան, որպեսզի տնտեսական ակտիվությամբ հիմք տան իրենց կողմնակիցներին՝ արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել առայժմ ու շարունակվում է այսօր։ Որ տեսեք` արդարացված էր մեր զիջումը, որ հիմա լավ ենք ապրելու»։

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում կա խավ, որը դեմ չէ ադրբեջանցիների հետ համատեղ կյանքին, իսկ հին սերնդից էլ ոմանք նոստալգիկ հիշողություններ ունեն` քիրվայության, Ղազինյանը պատասխանեց․ «Մինչեւ 1988 թվականն իրավիճակը բոլորովին այլ էր, մարդիկ դա պետք է հասկանան, որ կար մեկ՝ սովետական պետություն եւ այդ պետության տարածքում ապրող ժողովուրդներ, որտեղ հակադրվելու, հակամարտելու հնարավորությունները խիստ սահմանափակված էին»։

Պատգամավորը նկատում է՝ Փաշինյանն ընտրել է թուրքական նոմինացիայի մեջ տեղավորվելու եւ թուրքական շահը սպասարկելու ճանապարհը, ինչն ինչ-որ պահի կառաջացնի Ռուսաստանի խորը հակազդեցությունը։