Քաղաքական խոշորացում

Քաղաքական խոշորացում

Երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն անելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ էին անցկացվում։ Նախատեսվում է հերթական համայնքների խոշորացումն իրականացնել, որի տակ ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա՝ «օրենքի ուժով» ազատվել ընդդիմադիր համայնքապետերից։ Նիստը վարում էր տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, որը հայտարարեց՝ նպատակ ունեն եւս 441 համայնք միավորել ու դարձնել 37 խոշորացված համայնք։

Վերջում էլ կոչ արեց համայնքապետերին՝ տեղում ճիշտ կազմակերպել ընտրությունները, ճիշտ թեկնածուներ առաջադրել, որպեսզի կարողանան հաղթանակ տանել ՏԻՄ ընտրություններում։ Այսինքն՝ չթաքցրեց իրենց քաղաքական նպատակները։ Մինչդեռ հիմնական զեկուցող, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը փորձում էր «մասնագիտորեն» հիմնավորել, թե ինչու են որոշել այս կամ այն համայնքը միավորել, ընդ որում որոշները՝ երկրորդ անգամ։ Հիշեցնենք, որ համայնքների խոշորացումը սկսվել է 2016 թվականից՝ նախորդ իշխանությունների օրոք․ պիլոտային կարգով խոշորացվեցին Թումանյան, Դիլիջան եւ Տաթեւ համայնքները, հիմա այս իշխանությունները շարունակում են նախկինների գործը, բայց ինչպես առաջ, այնպես էլ հիմա ակնհայտ են քաղաքական դավադիր նպատակները, որքան էլ նախկիններից մնացած ու ներկաների քաղաքական նպատակները «քաղաքավարի» առաջ մղող Վաչե Տերտերյանը հակառակն է ասում։

Նիստից հետո մենք նրան մի քանի հարց ուղղեցինք։ Նա սկզբում համբերատար պատասխանում էր, իսկ երբ հասանք քաղաքական բնույթի հարցերին, թե ինչ է լինելու, ասենք, Գորիս-Կապան մայրուղուն հարակից հայկական գյուղերի ճակատագիրը դեմարկացիայից հետո, Տերտերյանը հրաժարվեց խոսել։

- Պարոն Տերտերյան, փաստորեն, գործող իշխանությունները դեմ չեն նախորդ իշխանությունների նախաձեռնած խոշորացման ծրագրին։

- Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա էստեղ հարց չի կարող լինել այն առումով, որ վարչատարածքային բարեփոխումներն էսօրվա իշխանությունների օրակարգում են, վկա՝ մենք այսօր այստեղ դրա մասին խոսում ենք։

- Իսկ ինչո՞ւ որոշվեց հիմա, այս փուլում խոշորացման գնալ, հատկապես համայնքապետերը նկատեցին, որ դեկտեմբերին պետք է նոր համայնքապետեր ընտրվեն, հետո բյուջե հաստատելու խնդիր կա, առջեւում ձմեռ է, Նոր տարի եւ այլ խնդիրներ:

- Ձմեռվա մասին ես իրենց հուշեցի՝ որպես լրացուցիչ դժվարություն։ Խնդիրը հետեւյալն է․ մենք ունեցել ենք բավականին երկար պերիոդ, երբ ընտրություններ, օբյեկտիվ պատճառներով, չենք կարողացել անցկացնել՝ պանդեմիա, հետո՝ ցավալի պատերազմ եւ այլն, եւ այլն։ Եվ այս համայնքապետերին, որ մենք հիմա տանում ենք ընտրությունների, նրանց մեծ մասի լիազորություններն օբյեկտիվորեն դադարում են։ Եվ եթե մենք հիմա ընտրություններ չանենք, սա կնշանակի, որ կանենք ընտրություններ` առանց խոշորացման, հետո արդեն գարնանը կգնանք կանենք ընտրություններով` արդեն խոշորացումով։ Այսինքն՝ էդ ժամկետն ընտրված է նաեւ օբյեկտիվորեն։

- Բայց նույն Իջեւանում ու Դիլիջանում ժամկետների, օրենքների խախտում է տեղի ունեցել, մեծ խումբ համայնքապետեր էլ այդ հարցով Սահմանադրական դատարան են դիմել։

- Լավ են արել՝ դիմել են, դա իրենց սահմանադրական իրավունքն է, բայց  որեւէ խախտում տեղի չի ունեցել։ Իջեւանինը ձգձգվել է Ձեզ հայտնի պատճառներով՝ արտակարգ դրություն, ռազմական դրություն, պանդեմիա եւ այլն։ Հիմա եկել է պահը՝ ուզում ենք ընտրություններ անել, ասում եք՝ ինչո՞ւ եք ընտրություն անում։

- Իսկ Սյունիքի համայնքների ճակատագիրն ի՞նչ է լինելու, օրինակ՝ Շուռնուխի, մյուս սահմանամերձ համայնքների, որոնք այսօր պրոբլեմատիկ իրավիճակում են գտնվում։

- Ոչ մի կերպ չի լուծվում, իրենք ինչպես կային, էնպես մնում են։

- Հիմա Գորիս-Կապան մայրուղու երկայնքով գտնվող գյուղերի ճակատագիրն ի՞նչ է լինելու։

- Մենք խոշորացումից էինք խոսում։

- Բայց այդ գյուղերը վտանգի տակ չե՞ն։

- Ընտրությունների տեսանկյունից՝ չէ։

- Իսկ եթե իշխանությունները հանձնեն այդ գյուղերը եւս։ Գորիս-Կապան մայրուղին, ասում են, մեր տարածքը չէ, Ադրբեջանի տարածքում է։ Եթե դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում հայտարարեն, որ այդ տարածքները մերը չեն, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը։

- ․․․․Լռում է։

- Պարոն Տերտերյան, ես հասկանում եմ, որ քաղաքական առումով ծանր է Ձեզ համար նման հարցերի պատասխանելը, բայց խնդրում եմ պատասխանեք։

- ․․․ Դարձյալ լռություն։

- Լավ, խոշորացման մասով․ մարդիկ ասում են՝ քաղաքական նպատակներով են որոշ համայնքներ խոշորացվում, իշխանությունն ազատվում է ընդդիմադիր համայնքապետերից։

- Համենայնդեպս, էդպիսի համայնքներ ինձ հայտնի չեն, որոնք խոշորացվում են, որպեսզի համայնքապետերից ազատվեն, մանավանդ որ նոր են ընտրությունները տեղի ունեցել, էդպիսի խնդիր չպիտի լինի։ Էլ չեմ ասում, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ բոլորը շանս ունեն մասնակցել ընտրություններին եւ ընտրվել նորից։

- Օրինակ՝ Սոթքում համայնքապետն ընդդիմադիր է, Աբովյանի քաղաքապետն իշխանական չէ, Էջմիածնում գյուղի ղեկավարը կաթողիկոսի եղբայրն է, միացնում են Էջմիածնին, ու այսպես շարունակ։

- Ասեկոսեներ եք ինձ ասում, ես չեմ մեկնաբանում։

- Ասեկոսեն ո՞րն է, որ Սոթքի կամ Գեղամասարի համայնքապետը Ռոբերտ Քոչարյանի դաշինքի՞ց է եւ ընդդիմադի՞ր։

- Դա ի՞նչ կապ ունի։ Ես իմ զեկույցի մեջ էլ հստակ ասացի, որ Գեղամասար համայնքի էն բաժանումը, ինչ հիմա կա, անցած անգամ, երբ որ ինքը խոշորացվել է, ինքն էդպես չի եղել, եղել է ավելի մեծ, հետո է դարձել էդպես։

- Իսկ ինչո՞ւ որոշվեց Աբովյան համայնքը խոշորացնել, մինչդեռ մեկ անգամ արդեն խոշորացված Չարենցավանը՝ ոչ, ասում էին, թե Չարենցավանում էլ նման մտադրություն ունեիք, որ էլի որոշ գյուղեր ներառեիք այդ համայնքում, բայց հետո հրաժարվեցիք այդ մտքից։

- Քննարկումների արդյունքում։

- Ինչպիսի՞ քննարկումների՝ քաղաքակա՞ն, թե՞ վարչատարածքային։

- Ուղղակի քննարկումների։