Հայաստանի նորագույն պատմության մեջ նման ցինիզմ չի եղել

Հայաստանի նորագույն պատմության մեջ նման ցինիզմ չի եղել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարանում եւ դեռեւս տեղեկություն չունի վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր բերել:

Իսկ այդ որոշմամբ առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, դատախազությունը պետք է դիմեր ՀՀ ԲԴԽ եւ ստանար վերջինիս համաձայնությունը: Քանի որ չէր դիմել, ըստ դատարանի, թույլ է տրվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում: ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ ԲԴԽ համաձայնությունը ստանալու, այսինքն` Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ պետք չէր կիրառել:

Բացի այս գործից, Ռուբեն Վարդազարյանը նաեւ դատական հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ԲԴԽ-ից պահանջելով վերացնել իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցումը: Մեզ հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ իր ներկայացրած հայցը վարչական վերաքննիչ դատարանում է։ Անդրադառնալով նաեւ ԲԴԽ-ի գործունեությանը՝ նա նշեց․ «Հետեւում եմ ԲԴԽ-ի գործունեությանը, այս պահին գնահատականներ չեմ ցանկանում տալ, որովհետեւ դրանք լինելու են խիստ քննադատական... մոտ օրերս կարծիքս կասեմ»։

- Պարոն Վարդազարյան, դատարաններում դեռեւս գործերը մակագրվում են ձեռքով, որոշ իրավաբաններ եւ փաստաբաններ բարձրաձայնում են, որ այստեղ ռիսկ է պարունակվում` աղմկահարույց գործերը մակագրվում են այնպիսի դատավորների, որոնք իշխանության համար ցանկալի են։

- Իրավաբանները եւ փաստաբանները, գնահատելով այդ ամենը ռիսկ, շատ մեղմ են իրենց բնութագրերում, այդտեղ ռիսկ չէ, այդտեղ ակնհայտ խուլիգանություն է տեղի ունենում, որովհետեւ նման բան Հայաստանի նորագույն պատմության մեջ, նման ցինիզմ չի եղել։ Բացառապես այդ ամենը կատարված է մեկ նպատակով, որպեսզի դատարանների նախագահներն աղմկահարույց գործերը կամ այն գործերը, որոնք հետաքրքրում են, մակագրեն այնպիսի դատավորների, որոնց հետ կարելի է կոնտակտ գտնել։

- Երբ Դուք դատավոր էիք, նախկինները չե՞ն փորձել Ձեզ հետ այս կամ այն գործով «կոնտակտ» գտնել։

- Բազմաթիվ անգամներ նման փորձ եղել է, բայց ես 2010 թվականից դատարանի նախագահ եմ աշխատել եւ ոչ մի անգամ թույլ չեմ տվել եւ ինքս էլ չեմ մասնակցել այդպիսի պատվերով գործերի մակագրմանը։

- Դրա մասին չե՞ք տեղեկացրել իրավապահներին, որ փորձում են միջամտել։

- Ոչ, դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետեւ ունեցել եմ այնքան հեղինակություն եւ ուժ, որպեսզի նման ցանկություններն արմատից կանխեմ, որ նման բան տեղի չունենա։ Իշխանությունները միշտ փորձել են միջամտել դատական պրոցեսին, բայց միշտ դա կանխվել է իմ կողմից։

- Երբ Դուք ԲԴԽ նախագահի պաշտոնում էիք, ներկայիս քաղաքական իշխանության կողմից միջամտություններ եղե՞լ են, փորձե՞լ են Ձեր միջոցով ազդել այս կամ այն դատավորի վրա։

- Բազմաթիվ անգամներ, բայց ես դա կանխել եմ եւ անցել եմ իմ մյուս գործառույթներին։