Էն որ՝ մի 20 էկոակտիվիստ էր, ինչու՞ «միջանցքը բացելու» հրաման չեղավ․․․

Էն որ՝ մի 20 էկոակտիվիստ էր, ինչու՞ «միջանցքը բացելու» հրաման չեղավ․․․

Երեկ Արցախում միջանցքի ապաշրջափակման բողոքի ակցիա էր իրականացվում։ Կույրի աշխարհ չի, բոլորս էլ տեսնում էինք, թե ինչքան մարդ է հավաքվել, ինչպես են քչաթիվ մարդկանցով քայլերթ իրականացնում՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։ «Մեր միակ նպատակը ճանապարհի բացումն է»,- ասում էին ակցիայի մասնակիցները՝ նշելով, որ այս պահին անտարբերություն կատաստրոֆա է։ Անտարբերությա՞ն կատաստրոֆա էր, թե՞ անվստահության, անհավատության  կատաստրոֆա, հեշտ չէ միանշանակ բնորոշել։

Հայաստանյան իշխանությունը նման դեպքում ցուցարարներին  կասեր՝ ժողովուրդը եթե ձեզ հավատար, դուրս կգար։ Անգամ եթե 120 հազարից մեկն էլ պակաս դուրս գար, կասեր՝ դուք դեռ ժողովուրդ չեք։ Ինչևէ, առաջ անցնենք։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղեկցությամբ հավաքի նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպումից հետո պետնախարարը հանդիպել է բողոքող մասսայի հետ և տեղեկացրել, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջել ժողովրդի պահանջներին։ Այսինքն՝ երբ պետք է լինում, փոքրաթիվ զանգվածը ժողովուրդ է դառնում, երբ պետք չի լինում, ասում են՝ ժողովուրդ չի՞։  Ինչու՞ հանկարծ «բողոքող մասսան» ժողովուրդ դառավ։ Չէ՞ որ Հայաստանում այդ մասսայից հարյուր անգամ մեծ մասսա էր հավաքվում, բայց իշխանությունն ասում էր՝ դուք դեռ ժողովուրդ չեք։ Սա հարցի մի կողմը, որպեսզի պատկերացնեք, թե որտեղ է գտնվում կծիկի ծայրը։  Մյուս կողմն այն է, որ միջանցք բացողները ինչու՞ հանկարծ հենց հիմա որոշեցին «միջանցքը բացել» ։ Ակցիան ղեկավարող, ուղղորդող պարագլուխներ կան, չգիտեի՞ն, որ օձը դուրս գալուց են խեղդում։ Չեն սպասում, որ ձագահանի, մեկը տասը դառնա, շատերին թունավորի, հետո ասեն՝ եկեք, գնանք, սպանենք։ Էն որ մի 20 էկոակտիվիստ էր, ինչու՞ այն ժամանակ մտքներով չանցավ, որ նման բան անեն, ինչու՞ միջանցքը բացելու հրաման չեղավ, ինչու՞ համաժողովրդական կոչի ցուցում չեղավ։  

Չէի՞ն պատկերացնում վերջը։ Եթե չէին պատկերացնում, ուրեմն նրանցից էլ ի՞նչ առաջնորդող, եթե մի քայլից հետո չգիտեն, թե հաջորդ քայլը որն է։ Համոզված եմ, որ ակցիա անողների մեջ կան բազում նվիրված արցախցիներ, ովքեր դուրս են եկել զուտ հայրենասիրական նկրտումներով։ Ես այդ մարդկանց եմ ափսոսում։ Այն մեծ գլուխները, որոնք գործում են ծրագրի շրջանակներում, նրանց գլխից մի մազ չի պակասելու, դա մեզ փորձն է սովորեցրել, իսկ նվիրյալներին կրակի բերան են տալու։ Կասկածու՞մ եք, որ բոլոր տվյալները ճշգրտված են ՀՀ իշխանության կողմից։ Ադրբեջանի մասին չեմ խոսում։ Փակագծեր չեմ բացում, որովհետև խոսքը հայ ժողովրդի սրտի՝ Արցախի մասին է։