Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Չորրորդ

Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Չորրորդ

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ինչպես ԽՍՀՄ մյուս մասերում, այնպես էլ Հայաստանում սկսվեց ժամանակակից եզրաբանությամբ ասած՝ «նախկինների սեւացման» ակտիվ գործընթացը, որում ներգրավվեց նաեւ կինոն։ Հայաստանի դեպքում «նախկինների սեւացման» գործընթացը արտահայտվեց դաշնակցականների դեմ արշավներով, նաեւ կինոյում նրանց ծաղրանքի ենթարկելով։ Հայկական «Կիկոս» եւ հատկապես «Մեքսիկական դիվանագետները» (1931) կինոնկարներում երեւաց հին վարչակարգերի ծաղրուծանակի ենթարկումը։ 

Ռեժիսորներ Լ․ Քալանթարն ու Ա․ Մարտիրոսյանը սցենարիստ Ե․ Չուբարի հետ փորձում են համատեղել իրապաշտական կինոյի եւ սուր-սատիրայի սկզբունքները, այսպես ասած՝ «դաշնակցական Հայաստանը» ներկայացնելով գրոտեսքային ձեւով։ Ընդ որում, եթե պատմա-հեղափոխական` թե թատերական ներկայացումներում, թե կինոնկարներում հիանալիորեն բացահայտվեց Հրաչյա Ներսիսյանի տրագիկ տաղանդը, ապա արդեն հայկական կինոկատակերգություններում փայլեց Ա․ Խաչանյանը, որպես կատակերգակ դերասան։

Հայկական կինարվեստը «Նամուսից» բացի, կարողացավ էկրանավորել նաեւ հայ դասականների մի շարք ստեղծագործություններ եւս։ Դրանցից են «Չար ոգին»՝ նկարահանված 1927 թվականին ռեժիսոր Պ․ Բարխուդարյանի կողմից , «Գիքորը»՝ նկարահանված 1934 թվականին, ռեժիսոր Ա․ Մարտիրոսյանի կողմից։ «Գիքորում» արդեն հայկական համր կինոն հասնում է կատարելության լրջագույն գագաթի, շնորհիվ Հրաչյա Ներսեսյանի՝ Համբոյի կերպարի մարմնավորման։

Բացի հայ դասական գրողների գործերի էկրանավորումից կամ ոչ վաղ անցյալի հեղափոխական պատմական անցքերի ներկայացումից, հայկական կինոն նաեւ իր ժամանակի արդիական թեմաներին էր անդրադառնում։ Հատկապես այս համատեքստում հետաքրքրական էր նոր՝ սովետական կյանքի կառուցմանը նվիրված կինոնկարների ստեղծումը։ Հանուն արդարության նշենք, որ այս վերջին խնդրի իրականացումը բավական բարդ ստացվեց եւ սկզբնական շրջանում այդպես էլ հնարավոր չեղավ խորը բովանդակություն եւ մեծ գեղարվեստական արժեք ներկայացնող գործեր նկարահանել։ 

Սակայն այնուհանդերձ, բավական հետաքրքրական են «Հինգ խնձորները»՝ նկարահանված Պ․ Բարխուդարյանի կողմից 1928 թվականին, «Կոլտնտեսական գարունը»՝ նկարահանված 1929 թվականին՝ Ա․ Մարտիրոսյանի կողմից, «Քրդերն ու եզդիները» նկարահանված նույն ռեժիսորի կողմից 1932 թվականին կամ «Միշտ պատրաստը»՝ նկարահանված 1930 թվականին Լ․ Քալանթարի եւ Ա․ Մարտիրոսյանի կողմից եւ այլ կինոնկարներ։ Այս կինոնկարներում համարյա վավերագրական հավաստիությամբ ներկայացվում էր բազմաթիվ իրադարձություններով հարուստ խորհրդային կյանքի կերտումը, ժողովրդի զարթոնքը, հին կարգերի քանդումն ու նորի կառուցումը, ներառյալ նաեւ բարոյական եւ հոգեբանական մակարդակում, նոր մարդու ծնունդն առհասարակ։ 

Նկատենք, որ Հայկական համր կինոյի շրջանում՝ 1925-35 թվականներին 31 անուն նկարահանված կինոնկարների 15-ը նվիրված են եղել ժամանակի արդիական թեմաներին։ 

 (շարունակելի) 

Արամ Յանին