Ոմանք շեֆի ծնունդին կահույք, ոսկեղեն են նվիրում, բայց չեն նկարում, գցում ՖԲ

Ոմանք շեֆի ծնունդին կահույք, ոսկեղեն են նվիրում, բայց չեն նկարում, գցում ՖԲ

Գիրք նվիրելու օրվա շրջանակներում Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի ուսուցիչների ասմունքը` դպրոցի տնօրենի համար, մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում եւ ոչ միայն։ Դպրոցի էջում տարածված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է ուսուցչական անձնակազմը հերթով մտնում տնօրենի սենյակ, ապա ուսուցիչներից երկուսը սկսում են ասմունքել տնօրենի համար։ Այն բանից հետո, երբ տեսանյութը մեծ տարածում գտավ, իսկ ուսուցիչների քայլը համարվեց քծնանք տնօրենի առաջ, դպրոցը ֆեյսբուքյան իր էջից հեռացրեց տեսանյութը, սակայն քննադատությունների ալիքը դրանով չդադարեց: 

Բարձրացած աղմուկը դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում հանիրավի էր որակել՝ նշելով, որ ուսուցիչների լավ գործը, ինչ-որ մեկի «թեթեւ» ձեռքով, թուքումրի արժանացավ։ «Ի՞նչ քծնանքի մասին է խոսքը, դա փոխադարձ վերաբերմունք է․ ես իրենց եմ հարգում եւ մեծարում, իրենք էլ՝ ինձ։ Չէ՞ որ ես էլ իրենց համար արտասանեցի ու գիրք նվիրեցի, պարզապես դա դուրս էր մնացել հոլովակից։ Եվ հետո, այդ միջոցառումը շարունակություն ունեցավ նաեւ աշակերտների միջավայրում․ ասմունք ու գրքերի փոխանակում եղան նաեւ այդ ձեւաչափով: Անմեղ տեղը գլխներիս լուտանքներ թափվեցին, դարձրին ծաղրի առարկա։ Գիտե՞ք՝ բարոյահոգեբանական ինչ ծանր վիճակում ենք հայտնվել»,- նշել էր դպրոցի տնօրենը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով միջադեպին ու դրան հաջորդած հանրային աղմուկին, նկատում է։ «Դա այսօր սոցիալական ցանցերի դարաշրջանին բնորոշ բան է, երբ ինչ-որ մեկին ինչ-որ բանում «բռնացնում» են եւ բոլորով հարձակվում այդ մարդու վրա: Իհարկե, երեւույթն ինձ համար այդքան էլ ընդունելի չէ, ես համարում եմ, որ քծնանքը, հաճոյանալը Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն է, որը, ցավոք, տեղ ունի դպրոցներում եւ ոչ միայն դպրոցներում: Ես աշխատել եմ թե՛ միջազգային, թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորներում, բայց, ցավոք, երբեմն ստեղծվում է տպավորություն, որ բոլորը լավն են, իսկ դպրոցները վատն են: Իմ կարծիքով՝ դպրոցներում լավն ու վատն այնքան են, ինչքան մեր հասարակության մյուս խավերում: Այդ նույն քծնանքը, հաճոյացումը բոլոր տեղերում էլ կան, ուղղակի մյուս տեղերում այդ ամեն ինչն արվում է ավելի խորամանկ ձեւերով. միայն նկարում են, չեն տարածում կամ էլ ո՛չ նկարում են, ո՛չ տարածում: Այս դեպքում արմավիրցիների խնդիրն այն էր, որ իրենք ե՛ւ նկարել էին, ե՛ւ տարածել»,- ասում է Ս. Խաչատրյանն ու ընդգծում, որ պետք է փոխել քննադատության վեկտորը եւ ավելի խորքային մոտենալ հարցին: 

«Ես շատ կուզենայի, որ այս երեւույթը մենք քննադատեինք ոչ թե այն առումով, որ «այ, էս են մեր դպրոցները», այլ այն առումով, որ սա է մեր հասարակությունը, որովհետեւ բոլոր ոլորտներում էլ կա այդ երեւույթը: Նայեք ձեր շուրջը՝ ինչքան հիմնարկներ կան, որ շեֆի ծնունդին կահույք են նվիրում, մեքենա, ոսկեղեն, մի տարբերությամբ միայն, որ չեն նկարում այդ ամենն ու Ֆեյսբուքի էջում չեն դնում: Արդյունքում մեզ թվում է, թե նման բան չկա, բայց իրականում լավ էլ կա: Դրա համար այս երեւույթը մենք պետք է ընկալենք որպես համընդհանուր խնդիր եւ չմտածենք, որ մենք՝ բոլորս, լավն ենք, դպրոցներն են վատը: Դպրոցներն այնքանով են լավն ու վատը, ինչքանով մեր հասարակությունը: Եվ մի բան էլ պետք է հաշվի առնենք․ կան հասարակական կյանքի օրինաչափություններ, միշտ էլ այն խմբերը, որտեղ աշխատավարձերը շատ ցածր են, մարդկանց կախվածությունն ավելի մեծ է լինում: Շատ հեշտ է ստանալ բարձր աշխատավարձ ու վերեւից նայել դպրոցին կամ ուսուցչին, բայց եթե ուզում ենք, որ այս խնդիրները լուծվեն, ուրեմն մեր հասարակությունը նաեւ կառավարության առաջ պետք է խնդիր դնի, որ բարձրացնեն ուսուցիչների աշխատավարձերը: Սա, իհարկե, հարցը միանգամից չի լուծի, բայց դրական ազդեցություն կունենա»: