Կոզբադինը

Կոզբադինը

Կոզբադինը մեր էպոսից հայտնի այն հարկահավաքն է, որին գործի վրա բռնեց Դավիթը եւ ակռաները (ատամները) քաշելուց հետո շարեց ճակատին: Կոզբադինն իր օգնականի՝ Չարխադիի հետ Սասունից փախավ Մըսըր եւ այլեւս չվերադարձավ: Բայց Մըսըրում էլ Կոզբադինը հանգիստ կյանք չունեցավ: Այստեղ էլ կանայք սկսեցին ձեռ առնել Կոզբադինին, թե բա՝ մեծ-մեծ խոսում էիր` հեսա գնամ Սասուն, 40 ջահել կնիկ բերեմ, որ էրկանք աղան, ոսկի, ուլունք բերեմ, որ դուք ավելի սիրուն լինեք… Ո՞ւր է, հը՞: Բա բերանդ ինչո՞ւ է այդպես ճղած, ատամներդ ճակտիդ շարած…
Հիմա այս նույն պատմությունը կրկնվել է Մարտունի-Քյավառ տարածաշրջանում, կարելի է ասել՝ Սեւանի ափերին, որտեղ մի քանի օր առաջ ջրային պարեկներին էին տփել հենց ծովի վրա, երբ սրանք փորձել էին «փայ մտնել» ինքնաբուխ ձկնորսների՝ Աստծու կողմից ուղարկված ավարի մեջ: Աղմուկն այնքան մեծ էր, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ կառավարության նիստի մի ամբողջ զեկուցվող հարց նվիրել սիգ ձկնատեսակին եւ հայտարարել, որ մենք առաջին անգամ ենք պետական մակարդակով հարաբերվում սիգի հետ: Հիշում եք, չէ՞, այս դեպքերը…
Եվ, ուրեմն, այժմ էլ Ռուստամ Բադասյանն է որոշել օյին խաղալ նշված տարածաշրջանի հայության գլխին, բայց, ինչպես սիրում են ասել հարկահանները, օրենքի տառին համապատասխան: Դա ո՞րն է՝ կհարցնեք: Դա այն է, որ ՊԵԿ-ը մարդկանց կլպելու ինչ-որ նոր օրենսդրություն է մշակել, ապա Նիկոլի առաջ գլուխ գովել, թե հեսա գնանք, քաղաքացիների տներում ու գրպաններում ինչ կա-չկա, հավաքենք, բերենք, բյուջեն լցնենք: Նիկոլն էլ ասել է՝ դավայ: Եվ Բադասյանն իր հարկահաններին ուղարկել է ՀՀ տարբեր մարզեր, որ մարդկանց հարկեն՝ կոռ, բեգյար, օդի փող գանձեն: Իբր արդեն եղած հարկերը քիչ էին, հիմա էլ նոր բան են մոգոնել՝ խոպանի հարկ: Տրամաբանությունը սա է՝ խոպա՞ն ես գնացել, ուրեմն մուծվիր, որ էլի խոպան գնաս: Վճարելով խոպանի հարկը՝ դու կդառնաս հերոս խոպանչի: Նիկոլն է ասել՝ հերոսը հարկ վճարող ՀՀ քաղաքացին է: Այսինքն, ինչքան շատ ես հարկ վճարում, այնքան ավելի հերոս քաղաքացի ես կամ խոպանչի… Էական չէ:

Եվ Կոզբադինը, ներողություն, Բադասյանը խոպանահարկի հավաքագրումն սկսել է ոչ այլ տեղից, քան ՀՀ ամենախոպանագնաց տարածաշրջանից՝ Մարտունի-Գավառից: Դա սպասելի քայլ էր երիտասարդ հարկահանի պարագայում: Բադասյանն ի՞նչ իմանար, թե ինչի են ընդունակ էդ կողմերի հայերը, երբ հանկարծ զգում են, որ ինչ-որ կողմնակի մարդիկ փորձում են մտնել իրենց գրպանը: Մարտունի-Գավառ ավտոճանապարհը փակվեց հաշված րոպեների ընթացքում: Մարդիկ թղթեր էին ստացել 100-400 հազար դրամի նոր հարկերի մասին, որ պետք է վճարեին ՀՀ կառավարությանը, քանզի խոպան էին գնացել եւ այնտեղ փող աշխատել: Թե «իմալ» են նրանք այդ փողն աշխատել, ինչ զրկանքների գնով, թե իրենց աշխատածից արդեն որքան հարկեր էին վճարել օտար ափերում, Բադասյանին, բնականաբար, չէր հուզել, քանզի, երբ նա Նիկոլի մոտ գլուխ էր գովացել, թե հեսա տես բյուջեն ոնց եմ լցնում, Նիկոլն այդ հոգսն ամբողջությամբ դրել էր հենց իր՝ Բադասյանի վզին: Ըստ էության, Բադասյանը մենակ էր մնացել արտագնա աշխատանքի մեկնող մարտունեցիների եւ գավառցիների առջեւ:

Մարտունի-Գավառ ճանապարհը, ինչպես արդեն ասացի, արագ փակվեց: Մարդիկ մի այնպիսի տոնով էին Բադասյանին ու մյուս պատասխանատուներին պահանջում, որ կասկած չէր մնում՝ նրանց ատամները քաշելու էին ու շարելու ճակատներին: Նույնիսկ մարտական-քաղաքական երգեր էին երգում, որոնց առանձին տողեր այստեղ հրապարակման ենթակա չեն.
- Ջա՜ն, Մարտունի, Մարտունի,
Նիկոլն էլ ինչ դարդ ունի,
Ռուստամի պես զարդ ունի…

Բնականաբար, վտանգ կա, որ մարտունեցիների եւ գավառցիների այս շարժումը շատ արագ կդադարի լոկալ բնույթ կրելուց եւ կընդգրկի ՀՀ այլ տարածաշրջաններ եւս, որտեղ  նույնպես քիչ չեն խոպանագնացության դեպքերն ու փաստերը: Էլ չենք խոսում այն մասին, որ հայրենի ընդդիմությունն էլ քնած չէ եւ հարցին համապետական նշանակություն տալու բոլոր շանսերն ունի: Հակառակի պես էլ գարուն է շուտով, մարդիկ պատրաստվում են խոպան գնալ: Հիմա նրանք ի՞նչ սրտով գնան խոպան, երբ արդեն գիտեն, որ վերադարձին, հենց օդանավակայանում, Բադասյանը կարող է «վետո» դնել իրենց աշխատած փողերի վրա: Հետեւաբար, հարցը պետք է լուծել մինչեւ խոպան գնալը: Հենց Նիկոլը Ֆրանսիայից վերադառնա, փակել Զվարթնոց-Երեւան ճանապարհը եւ պահանջել բոլոր կոզբադինների եւ չարխադիների հրաժարականը: Կարգախոսների պակաս էլ հո չկա՝ «Խոպանչին ձեզ համար էշ նահատակ չի», «Մենք չենք ուզում լինել կաթնատու հերոս» եւ այլն: