Fly Arna-ն թերեւս երբեք օդ չբարձրանա

Fly Arna-ն թերեւս երբեք օդ չբարձրանա

Երբ Փաշինյանն ասում է, թե հարկ վճարողն ամենամեծ հայրենասերն է, իհարկե, ստում է, ստում է գիտակցված, ամենալկտի ու ցինիկ ձեւով, որովհետեւ հարկ վճարել մի իշխանության, որը ոչնչացնում է այդ հարկերը, եւ մտածել, որ դու հայրենասեր ես, առնվազն միամտություն է, իսկ ավելի ճիշտ՝ հիմարություն: Իշխանությունը հասարակությունից հմտորեն թաքցնում է պետական բյուջեի միջոցները մսխելու հերթական զարհուրելի փաստը: Բայց մինչեւ ե՞րբ ու որքա՞ն: Խոսքը Fly Arna ազգային ավիափոխադրողի կողմից թռիչքները դադարեցնելու մասին է: Փետրվարի 1-ից այս ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները, դադարեցրել է անժամկետ՝ ընդամենը հայտարարելով, որ դա «պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով»:

Եթե սա լիներ որեւէ մասնավոր ընկերություն, մենք կկարողանայինք ասել, որ իրենց գործն է, ուզում են` դադարեցնում են թռիչքները, ուզում են` վերսկսում են, կուզեն` թող ընդհանրապես փակվեն: Բայց Fly Arna ավիաընկերության ստեղծման համար ներդրվել է 10 միլիոն դոլար պետական փող, եւ դրանք այն «հայրենասեր հարկատուների» փողերն են, որոնք հարկ են վճարել, որ դրա միջոցով լուծվեն հանրային եւ պետական նշանակության խնդիրներ, բայց հիմա պարզվում է, որ այդ ավիաընկերությունը չկա, իսկ եթե ավիաընկերությունը չկա, չկան նաեւ այն գումարները, որոնք ներդրվել են ավիաընկերության հիմնադրման մեջ: 

Fly Arna ավիաընկերությունը հիմնադրվեց 2021 թվականին, փայատերերն Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Air Arabia ընկերությունն ու Հայաստանի կառավարությունն էին` ի դեմս Պետական հետաքրքրությունների ֆոնդի. երկու կողմերն ավիաընկերության հիմնադրման համար ներդնում էին 10-ական միլիոն դոլար: Ընկերության գործունեության մեկնարկը տրվեց հիմնադրումից մեկ տարի հետո` 2022 թվականի հունիսին, որին ներկա էր եւ հերթական պոպուլիստական բարձրագոչ ճառով հանդես եկավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը: «Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները: Ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթը, շնորհավորում եմ բոլորիս, որովհետեւ, ահա, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի եւ Արաբական Միացյալ Էմիրություններից «Էյր Արաբիա»-ի մեր գործընկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն»,- ահա թե ինչ էր ասում մեկուկես տարի առաջ Փաշինյանը` ավիաընկերության գործունեության մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ: Բայց որտեղ Փաշինյանն է, այնտեղ չի կարող չլինել սկսված գործի տապալում, չի կարող չլինել խայտառակություն, հանրային եւ պետական միջոցների վատնում եւ ոչնչացում:

Կարող են ասել, որ դեռ վաղ է խոսել այս ավիաընկերության ոչնչացման մասին, որ ավիաընկերությունն ընդամենը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը եւ մի օր կվերականգնի: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ 10, 20 կամ 100 տարի հետո ավիաընկերության գործունեությունը վերականգնվի, մենք էլ, համբերությամբ զինված, սպասենք այդ տարվան կամ հարյուրամյակին, հավատանք, որ ապագա կա, որ Fly Arna-ն եւս ապագա ունի: Բայց քիչ հավանական է, որ դա տեղի ունենա առաջիկայում, տեսանելի ապագայում: Որովհետեւ ավիաընկերությունը կարկանդակի արտադրություն չէ, որ այսօր փակես, վաղը նորից բացես, չնայած կարկանդակի արտադրության վրա եւս բացել-փակելը բացասաբար կազդի: Ավիաընկերություններն աշխատում են վարձակալված օդանավերով, եւ այդ օդանավերի վարձակալության ոչ թե ամիսը, այլ ամեն օրը հսկայական գումար է, դրա համար ավիաընկերություններն աշխատում են որքան հնարավոր է՝ ինտենսիվ շահագործեն վարձակալած օդանավը, ոչ թե շաբաթներով ու ամիսներով դրանք պարապուրդի մատնեն: Եթե Fly Arna-ն իսկապես ուզում էր օպերացիոն փոփոխություններ իրականացնել, ապա դա կարող էր անել՝ շարունակելով իր գործունեությունը: Աշխարհի բազմաթիվ ավիաընկերություններ եւ ընդհանրապես ընկերություններ, իրականացնում են նման փոփոխություններ իրենց գործունեության ամբողջ ընթացքում, բայց որեւէ մեկի մտքով չի անցնում դադարեցնել իրենց գործունեությունը: 

Կա մի այլ հանգամանք եւս, որը հուշում է, որ Fly Arna-ն այլեւս չի վերականգնի իր թռիչքները: Ավիաընկերության գործունեության դադարեցումից բառացիորեն օրեր առաջ աշխատանքից հեռացվեց Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը: Փաշինյանի ենթակայության տակ գտնվող Պետական վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ էր իրականացրել ֆոնդում եւ պարզել, որ «պետական միջոցներն արդյունավետ չեն ծախսվել»: Դե, եղածը մի մեծ բան չէ` 5 միլիարդ դրամ: Ամենայն հավանականությամբ, խոսքը նաեւ Fly Arna-ի հիմնադրման համար ծախսված 10 միլիոն դոլարի մասին է, որը համարվել է ոչ արդյունավետ ծախս:  
Ինչ անի Փաշինյանը, եթե պաշտոնյաներն արդյունավետ չեն ծախսում գումարները, ինքը նրանց ազատում է աշխատանքից, ճիշտ է` պետությանը պատճառված վնասը չի վերականգնվում, բայց դրանով հարցը փակվում է: Հետո նշանակում է նոր պաշտոնյա, սա էլ է անարդյունավետ ծախսում պետական միջոցները, նրան էլ են մի քանի տարուց հեռացնում աշխատանքից, ու այդպես շարունակ: Ու ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ Հայաստանում աշխատող ու հարկատուների հաշվին բարգավաճող ամենաանարդյունավետ աշխատող պաշտոնյան Փաշինյանն է, ով իր պաշտոնավարման ընթացքում որեւէ արդյունավետ գործ չի արել, որեւէ արդյունավետ նշանակում չի արել: Բայց նրան որեւէ մեկն աշխատանքից չի հեռացնում, ոչ թե այն պատճառով, որ չկա մեկը, որը նրան աշխատանքից հեռացնելու հրաման ստորագրի, այլ այն, որ նրան նշանակողները գոհ են նրա աշխատանքից, նրան նշանակել են հենց նման անարդյունավետ գործունեություն ակնկալելով, ակնկալելով, որ նա կոչնչացնի Հայաստանը, ինչը նա շատ արդյունավետ ձեւով իրագործում է: Էլ ինչի՞ պիտի հեռացնեն աշխատանքից:

Ավետիս Բաբաջանյան