Ախր, կուշտ փորով չի, ախր, կներեք, մենակ սառնարանով չի

Ախր, կուշտ փորով չի, ախր, կներեք, մենակ սառնարանով չի

Երեկ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Թե ինչ դրական կամ բացասական հետևանքներ կունենա դա Հայաստանի վրա, «Հրապարակը» զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։

«Իրականում ի՞նչ է կատարվում։ Շատ սխալ է դիտարկել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ընդունումը Ռուսաստանի կողմից որպես լոկալ՝  Ռուսաստան և կոպիտ ասած՝ Ուկրաինա հարաբերությունների կոնտեքստում։ Մենք պետք է դիտարկենք  շատ կարևոր մի հանգամանք․․․թերևս անցած տարի նոյեմբերին ես հայտարարել էի, ճիշտ է՝ այն ժամանակ շատ չհավատացին, բայց մենք տեսանք, որ զարգանում են իրադարձություններն այդ ուղղությամբ, որ տեղի է ունենում գլոբալ առումով նոր սահմանագծերի, աշխարհաքաղաքական սահմանների գծում՝ պայմանական Արևելք և Արևմուտք։ Ինչը չի եղել 1945 թվականից հետո։ Ոմանք ասում են, որ սա Ռուսաստանի, այսպես ասած,  նախկին վեհության, մեծության վերականգնումն է, ոմանք էլ՝ որ սա Արևմուտքի պայմանական որոշակի թուլության նշան է։ Ես երկու թևի հետ էլ համաձայն չեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։

Քաղաքական գործչի խոսքով, այն սողացող բախումը, որին մենք ականատես ենք լինում 90-ականներից՝ խոսքը գնում է պայմանական Արևմուտք և պայմանական Արևելքի միջև դիվանագիտական և աշխարհաքաղաքական փոխհրաձգության մասին, հիմա անցնում է ավելի ակտիվ փուլ։ Եվ Դոնեցկի, և Լուգանսկի  անկախության ընդունումը դա էլեմենտներից մեկն է՝ ակտիվ ընթացքի սկիզբը, նոր աշխարհաքաղաքական սահմանների։

Արման Աբովյանը ընդգծեց․ «Ազդելու է դա մեր վրա, թե՞ ոչ, միանշանակ ասեմ, որ ազդելու է։ Դա նույնիսկ քննարկելու չի, որովհետև Հարավային Կովկասը միշտ եղել է մի տեսակ խաչմերուկ՝ Արևելք- Արևմուտք, Հյուսիս- Հարավ։ Եվ այդ խաչմերուկի ներքո, մենք պետք է դիտարկենք, որ, այո՝ մեր տարածաշրջանով էլ  է անցնելու։ Եվ այս պարագայում շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրպետության իշխանությունը,  ի վերջո,  թարգ տա թրքահաճո, հակապետական մտածելակերպին, սիլի-բիլիներ չանի թուրքերի և ադրբեջանցիների հետ, որոնց ընտրությունն այս պարագայում արդեն  պարզ է։ Գիտենք, որ Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ի մեջ ամենախոշորն է և 2-րդը։ Եվ Թուրքիան Արևելք է, ընդ որում ասեմ՝  Արևելքը՝ ինքը, երկակի հատակով կարծես մի տուփ լինի։ Ինքը շատ լավ կարողանում է համադրի հավաքական Արևմուտքի շահերն իր  շահերի հետ»։

Արման Աբովյանի  խոսքով, Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ սթափ հասկանա, որ այսօր գնում է վերաձևում, և խնդիրն այն է, թե մենք վերաձևման ընթացքում ի՞նչ պետք է անենք, որ հանկարծ այդ սահմանագծերը չանցնեն Հայաստանի և Արցախի տեսական շահերի հաշվին։

«Շատ կարևոր է հասկանալ բուն պրոցեսի խորությունը։ Եթե մենք չենք հասկանում և մեզ թվում է,  որ սա միայն լոկալ Ռուսաստան- Ուկրաինա հակամարտության ներքո է, սխալվում ենք։ Այս ամենը կրկին կբերի ոչ սթափ գնահատականի, և որպես հետևանք՝ ոչ սթափ որոշումների ընդունման։ Ես պարզապես տեսնում են, որ, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն հասկանում խորությունը պրոցեսների կամ միգուցե հասկանում են, բայց իրենք իրենց այնպիսի  իրավիճակի մեջ են դրել, որ ոչ մի բան չեն որոշում։ Հիմա պետք է շատ հստակ, պարզ և առանց ավելորդ հուզականության նստել, թուղթ ու գրիչը վերցնել  և հաշվարկել՝ ինչ է լինելու, և ինչ ենք մենք անելու»,-ասաց Աբովյանը։ Վերջինս, գտնում է, որ պետք է նախապատրաստվել առաջին հերթին ռազմատնտեսական առումով, քանի որ որոշիչ ուժը յուրաքանչյուր դեպքում այդ սահամանները գծելու մեջ լինելու է պետությունների ռազմական և տնտեսական ինքնաբավությունը։

«Դուք, կարող եք ինձ ասել՝ ժամանակ չկա, մենք թույլ ենք։ Ո՛ չ։ Ժամանակ կա, այո, այն քիչ է, բայց և այս պարագայում պետք է հստակ հասկանալ՝  ինչ ենք մենք ուզում, ուր ենք գնում և ինչ է լինելու հետագայում, եթե չենք ուզում փոշիանալ պարզապես այս մեր երկու աշխարհաքաղաքական համակարգերի «ճակատամարտերի» պայմանական առումով ասած արդյունքում։ Այո, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, այո, Արցախի Հանրապետությունը շատ ճիշտ է արել, որ միանգամից ողջունել է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ընդունումը։ Բայց դրա հետ մեկտեղ՝ հետո։ Հետո ի՞նչ է լինելու։ Մենք, միշտ, չգիտեմ ինչու վերլուծում ենք այն, ինչ կատարվել է։ Մատների վրա կարող ենք հաշվել վերլուծություններ, որոնք խոսում են նրա մասին, թե ինչ է կատարվելու և ինչ պետք է անել։ Այս ուղղությամբ պետք է մտածենք։ Եվ կրկնում եմ ևս մեկ անգամ՝ շտապ, անհապաղ  թարգել ժողովրդին խաբել և տանել դեպի ինքնասպան՝ այսպես կոչված «խաղաղության» դարաշրջան, որն իրականում աշխարհաքաղաքական առումով դեպի սպանդ է մեզ  տանում։ Ախր, կուշտ փորով չի, ախր, կներեք մենակ սառնարանով չի»,- մեզ հետ զրույցում ասած Արման Աբովյանը։

Բացառված է, որ պետությունը կարողանա ապահովել իր քաղաքացու բարեկեցիկ կյանքը, եթե այդ պետությունը զրկված է պետականամետ տեսլականից և պետականամետ արժանապատվությունից։