Հայրենիք չսիրող, սրբություններ չհարգող, սերունդների մասին չմտածող ժողովուրդ

Հայրենիք չսիրող, սրբություններ չհարգող, սերունդների մասին չմտածող ժողովուրդ

Իհարկե, առաջին անգամ չէ, որ Հայաստանը հայտնվել է նման ճակատագրական վիճակում․ սա հերթական փորձությունն է: 2020թ. արցախյան պատերազմում մերոնք կրեցին ամոթալի պարտություն՝ կորցնելով Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին: Տվեցինք 5 հազար զոհ, ունեցանք անհետ կորածներ, վիրավորներ եւ գերիներ, որոնց մի մասն առ այս պահը Ադրբեջանի բանտերում է։

Կնքվեց 2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ համաձայնագիրը, որը ոչ մի հույս չթողեց հետագա քայլերի համար: Հայությունը ցնցված է նման խայտառակ, նվաստացուցիչ պարտությունից, քանզի, բացի օբյեկտիվ պատճառներից, դրա համար որոշիչ դեր խաղաց հայկական դավաճանությունների շարքը: Մեր բանակն իր հրամկազմով չափազանց ոչ պրոֆեսիոնալ գտնվեց: Իսկ մեր պատանի զինվորները ոչնչի առջեւ կանգ չառան, հերոսաբար մարտնչեցին անհավասար կռվում եւ զոհեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանց առջեւ հայ ժողովուրդը հավերժորեն խոնարհվելու է: Մեր սուրբ զոհերի հոգիները երկնքում ուշի-ուշով հետեւում են, թե իրենցից հետո մենք ինչպես ենք մեզ պահում, գոնե մի փոքր հպարտություն պահպանե՞լ ենք, որպեսզի ետ բերենք կորցրածն ու պահենք մեր հայրենիքը: Փորձում եմ մտովի տեղափոխվել 1915-1920-ական թվականները եւ հասկանալ, թե ինչ են նրանք պատգամել մեզ մահվան վերջին ակնթարթում։ Թերեւս դա հնչում է այսպես. հայեր, խելքի եկեք, նամուս ունեցեք, փրկեք հայրենիքը:

1988-ին սկսված արցախյան շարժումը պսակվեց համայն հայության համախմբվածության եւ երկրորդ հայկական պետության՝ Արցախի Հանրապետության ստեղծմամբ: Դժվար է բառեր գտնել նկարագրելու, թե որքան երջանիկ էր աշխարհի հայությունը, որն ամեն ինչ անում էր արցախյան հզոր պետություն կառուցելու համար: Այնքան մեծ էր համայն հայության ոգեւորությունը, որ ոչ մի հայ անմասն չէր մնում այդ սուրբ գործին մասնակցելուց: Աստծո կամոք եւ մեր ժողովրդի իմաստնությամբ մենք քայլ առ քայլ ուժեղացնում էինք Արցախը։

Բայց, ավաղ, մոռանալով ամենակարեւորը, որ ձեռք բերված հաջողությունն ամրապնդելու, անշրջելի դարձնելու համար պետք է ամեն վայրկյանն օգտագործել բանակը՝ անվտանգության ենթակառուցվածքներն ամրացնելու եւ ուժեղացնելու համար, քանզի պարզորոշ երեւում էր, որ թշնամին երբեք չէր հաշտվելու Արցախի կորստի հետ եւ ամեն ինչ անելու էր կորցրածը ետ բերելու համար: 

Նրանք չէին թաքցնում՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է ռեւանշի, որպեսզի հարմար պահին հուժկու հարված հասցնեն Արցախին ու վերջնականապես լուծեն խնդիրը: Ի տարբերություն մեզ, նրանք տասնյակ տարիներ ոչինչ չխնայելով, չափազանց նպատակասլաց՝ բոլոր ուղղություններով պատրաստվում էին դրան, իսկ մերոնք բանակում եւ անվտանգության համակարգում ոչ մի առաջընթաց չգրանցեցին: Ցավոք, մեր ոչ արդյունավետ գործունեությունը դարձավ մեր պարտության հիմնական պատճառը:

Պարտությունից հետո անգամ մերոնք դասեր չառան, եւ սխալ ռազմավարությունը բերեց նրան, որ պատերազմի ավարտից մոտ 6 ամիս հետո՝ 2021թ. մայիսի 12-ից սկսած, նույն տանդեմը, օգտվելով մեր շարունակական սխալներից, մի շարք ուղղություններով մտավ արդեն սուվերեն Հայաստանի տարածք, ինչի հետեւանքով ունեցանք նոր զոհեր, գերիներ, ու առայսօր իր ձեռքի տակ է պահում այդ տարածքները՝ շրջակայքի բնակչությանը մշտապես պատճառելով տագնապի մեջ: Ահա այս պայմաններում երկուստեք բարձրաձայնում են խաղաղության դարաշրջան բացելու մասին, նման հակառակորդի հետ փորձում են իրականացնել սահմանների խաղաղ սահմանագծում եւ սահմանազատում, առանց հստակ պայմանավորվածության, թե որ թվականների քարտեզներով պետք է իրականացնեն դա: Մի բան ակնհայտ է՝ նման նենգ թշնամին անպայման փորձելու է այդ աշխատանքներն իրականացնել այն քարտեզներով, որոնք նրան ավելի ձեռնտու են, եւ տարաբնույթ շանտաժներով պնդելու են դրա վրա, ու, ցավոք, հայկական կողմի որդեգրած զիջողական պահելաձեւը վկայում է այն մասին, որ, հավանաբար, կհամաձայնեն դրան:

Իսկ պատերազմի ավարտից մինչ այսօր տեղի ունեցող իրադարձությունները վկայում են մի բանի մասին. ժողովուրդը չի ընդվզում, ընդդիմության ձեռնարկած քայլերը ոչ մի հաջողություն չեն արձանագրում, որը միանշանակ ձեռնտու է հակառակորդին: Այսինքն, հարաբերությունների նման զարգացման դեպքում մենք կորուստներ ենք ունենալու, իսկ նրանք՝ ձեռքբերումներ: Եթե ամեն ինչ ընթանա այս հունով, ապա մոտ ապագայում կարձանագրվի հայության հերթական պարտությունը, որը կբացահայտի հայության որոշ հատվածի իրական նկարագիրը. հայրենիք չսիրող, սրբություններ չհարգող, սերունդների մասին չմտածող, մեծ-մեծ խոսող, վախկոտ ժողովուրդ ենք եւ կունենանք այն, ինչին արժանի ենք։

Միայն անհասկանալի է մնում. եթե մենք այս ճանապարհով պետք է գնայինք, ապա ինչո՞ւ դաժանաբար զոհեցինք մեր հազարավոր մատղաշ երեխաներին, ունեցանք այդքան անհետ կորածներ, վիրավորներ ու գերիներ…

Ինչպե՞ս են շարունակելու ապրել մեղավորները եւ գիտակցո՞ւմ են արդյոք, որ Տիրոջ կողմից իրենց եւ իրենց սերունդներին ներում չկա։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ