Մակրոնը Լիբանանի հարցերը «լուծեց», անցել է Հայաստանին

Մակրոնը Լիբանանի հարցերը «լուծեց», անցել է Հայաստանին

Երկու տարի է անցել այն օրից, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Լիբանան էր մեկնել՝ Բեյրութի նավահանգստի ահավոր պայթյունից եւ քաղաքի կործանումից հետո: Մեկ ամիս ժամանակ էր տվել լիբանանյան քաղաքական ուժերին, որպեսզի նրանք հարկավոր ռեֆորմներն անեն՝ ճգնաժամից դուրս գալու համար։

Ասել էր՝ կվերադառնամ մի ամիս ետք!

Լիբանանցիները, առնվազն նրանց մի միամիտ հատվածը, զմայլած էին ֆրանսիացու առոգանությամբ եւ խոսքերով, ոգեւորված էին։

Ոչ մի բան էլ չփոխվեց Լիբանանում, ընդհակառակը՝ նախագահ Աունի մանդատը վերջացավ, նոր նախագահ չընտրվեց, նախագահի թեկնածուներից ոչ մեկը երեք փուլերի արդյունքում չստացավ բավարար ձայներ եւ Աունը՝ իր լիազորությունները լրանալուց մեկ օր առաջ լքեց նախագահական պալատը՝ չթողնելով իրավահաջորդ․․․ 

Լիբանանյան ճգնաժամն էլ ավելի խորացավ, լիբանանյան լիրան այսօր ավելի փոքր արժեք ունի, քան այն թուղթը եւ թղթի մելանը, որի վրա փողը տպվում է։ Նախկին «միջին արևելքի Շվեյցարիայի» բնակչության 80 տոկոսը ապրում է աղքատության շեմից ներքեւ, ու Մակրոնը նորից սկսել է զբաղվել Ֆրանսիայի ռեֆորմներով, Եվրոպայի եւ աշխարհի ապագայով, Ուկրաինայով եւ.... Հայաստանով: Աֆղանստանի, Մալիի եւ Լիբիայի խնդիրներն արդեն լուծվել են.
Ֆրանսերենով ասում են «խոստումներով ապրում են միայն նրանք, ովքեր այդ խոստումներին հավատում են»:

Իսկ Հայաստանում դեռ գոյություն ունեն խոստումների հավատացողներ։

Կարօ Պոյաճեան
Սփյուռքահայ