«Ժողովրդավարական» լափամանը

«Ժողովրդավարական» լափամանը

«Ժողովրդավարության դեմ լավագույն փաստարկը միջին ընտրողի հետ հինգ րոպեանոց զրույցն է»: Ուինսթոն Չերչիլ (1874-1965, բրիտանացի ականավոր պետական և քաղաքական գործիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր): 

Անկախացած Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին կազմը համալրված էր մեր հասարակության մտավոր էլիտայի ներկայացուցիչներով: Կարող է և պրոֆեսիոնալիզմի առումով կաղում էր նրանց մակարդակը, սակայն գրագիտության, հայրենասիրության և ազնվության առումով հաստատ նման խնդիր չէր առաջանում: Սակայն կյանքն իր ճշգրտումները մտցրեց, և ժամանակի ընթացքում ազգընտիրների մակարդակն իջնելով՝ հավասարվեց միջին վիճակագրական հայաստանցու մակարդակին: Երբեմն այն ավելի ցածր էր, քան միջին վիճակագրականը: Հիշում եմ մեր դառնորեն կատակելը, որ խորհրդարանում հայտնվելու համար պետք է ունենաս, հազվադեպ բացառություններով, շրիշակից (պլինտուսից) ցածր մակարդակ: Եվ նախկիններին չընդունելը, բազմաթիվ այլ գործոնների հետ մեկտեղ, պայմանավորված էր նաև այդ մեկով:

Բազմաթիվ նման գործոնների վերացմանն էր ուղղված գործող իշխանության դեմ մեր պայքարը: Այն պսակվեց հաջողությամբ, և վարչապետ կարգվեց Փաշինյան Նիկոլը: Այնուհետև տեղի ունեցավ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունը, և վերը նշված անձանց մի մասը կարճ ժամանակ անց հասկացավ, թե ինչ սխալ է կատարել՝ ձայն տալով Փաշինյան Նիկոլին: Թե՛ նրա առումով և թե՛ նրա կողմից հավաքագրված՝ իբրև թե գրագետ անձանց հավաքականության առումով: Իսկ 2021թ.-ի հունիսի 20-ին Ազգային ժողով անցած ուսապարկային թայֆայի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Հայաստանյան հասարակության ո՛չ գրագետ և ո՛չ հայրենասեր հատվածի կողմից քվե ստացած մեծամասնության «շնորհիվ» մենք ունեցանք 30-ամյա մեր անկախության շրջանի ամենավատ խորհրդարանը: Մի այնպիսի խորհրդարան, որ մեկ-երկու տասնամյակ անց ամաչելու ենք դրա համար:

Այս խորհրդարանը վատագույնն է ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև հավաքագրված անձանց մարդկային տեսակի ու որակի առումով: Բայց, ինչպես ասվեց, սրա նախկինն էլ բանի պետք չէր: Գոնե ինձ և ինձ նմանների համար: Ավելին, քանի որ սպասելիքները մեծ էին, 2018-ին ընտրված խորհրդարանն սառը ցնցուղ էր անձամբ ինձ համար: Դրա կազմի կայունացումից հետո հաշվարկել էի փաշինյանական խմբակցությունում քաղաքական դեմքերի առկայությունը: Ստացվել էր ընդամենը 8,5 միավոր՝ 7 ամբողջական և 3 կես միավորանոց կազմ: Ընդ որում, այդ ժամանակ դեռևս աշխատում էի ՀԿ-ներից մեկում, որոշակիորեն համակրում էի Նիկոլին և հաշվարկն էլ միայնակ չէի կատարել: Ինչ մնում է գործող Ազգային ժողովի ուսապարկային հատվածին, ապա կդժվարանամ գտնել որևէ քաղաքական գոծչի՝ իրենց դարը վաղուց ապրած մեկ-երկու գերնախկինից բացի: Նույնիսկ վստահ եմ, որ պոպուլիստների ու կեղծ բարոյախոսների, սակայն իրականում ցինիկ անձանց առումով այս խորհրդարանը կարող է դիտարկվել որպես չեմպիոնական: 

Արտոնություններով ու «կայֆերով» սեփական ընտրազանգվածից առանձնացած, սակայն մնացած ամեն հարցում նրա հետ համարյա թե միասնական՝ այս է գործող Ազգային ժողովի ուսապարկային մեծամասնության պատկերը: Միասնական նաև գլխավոր հարցում՝ իրենց առաջնորդի նկատմամբ վերաբերմունքում: Բացակայում է այն գիտակցությունը, որ իրենց առաջնորդը «խփված քարտ» է: «Խփված քարտ» է թե՛ երկրի ներսում և թե՛ Հայաստանի (Արցախի մասին էլ չեմ խոսում) շուրջ զարգացումներում: Ինչը նշանակում է, որ նա դադարել է լինել իրենց ապահովության երաշխավարը: Ընդհակառակը, սեփական ազգակործան համառությամբ վերջինս անշեղորեն գնում է դեպի կործանում: Իր հետ տանելով թե՛ երկիրը և թե՛ դեռևս իրեն նվիրված ուսապարկային բազմությանը: Բայց այսրոպեական շահերով առաջնորդվող այդ անձանց համար կարևորը լափամանից օգտվելն է, ինչի հնարավորություն դեռևս տալիս է Նիկոլին մոտ գտնվելը: Ու որպես դրա դրսևորում՝ ցնծագին ծափահարություններով է արձագանքում պետության ճակատագրի նկատմամբ բացարձակ անտարբերությանը: Ի՞նչ հայրենիք, ի՞նչ ապագա՝ կեցցե՛ «ժողովրդավարական» լափամանը: