Ինչու ռեկտորի մրցույթ չի հայտարարվում Գեղարվեստի ակադեմիայում

Ինչու ռեկտորի մրցույթ չի հայտարարվում Գեղարվեստի ակադեմիայում

«Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակներում բուհերի եւ գիտական կազմակերպությունների խոշորացման ֆոնին մի շարք բուհեր դեռեւս չունեն ռեկտորներ, որոնց թվում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, որի ռեկտորը մեկ տարուց ավելի է՝ պաշտոնավարում է ԺՊ-ի կարգավիճակով, մինչդեռ 6 ամսում պետք է արդեն ռեկտորի նոր մրցույթ հայտարարված լիներ։

Ե՞րբ է մրցույթ հայտարարվելու ռեկտորի պաշտոնի համար․ Մկրտիչ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկայում հոգաբարձուների խորհուրդը նիստ կհրավիրի, եւ, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ մրցույթի մասին որոշումը կլինի։ «Ընթացակարգն այնպես է, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է ընդունի այդ որոշումը»,- ասում է նա ու նկատում, որ, հավանաբար, առաջիկա 2 շաբաթների ընթացքում նիստը կհրավիրվի։ Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ԿԳՄՍ նախկին փոխնախարար, այժմ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Ինքը հայտ ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ։ «Կմտածեմ, դեռ չեմ որոշել»։ Մեկ տարուց ավելի ռեկտորի ԺՊ է, դեռ չի՞ կողմնորոշվել, դժվար գործ է, դրա՞ համար չի ուզում։ «Այո, դժվար գործ է, պետք է մտածել ու հասկանալ»։   
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրությունների շուրջ տեղի ունեցած թղթաբանական զեղծարարությունը բացահայտվեց ընտրություններից միայն շաբաթներ անց, երբ նախ սոցիալական ցանցերում, ապա մամուլի էջերում բարձրաձայնվեց կատարվածի մասին։ 

Իսկ տեղի էր ունեցել այն, որ Գեղարվեստի պետական ակադեմիայում այն ժամանակվա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում գիտական աստիճան չունեցող Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվել էր ռեկտոր։ Մինչդեռ, ՀՀ կառավարության 2021թ․ հուլիսի 29-ի 1248-Ն որոշման համաձայն, «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան»։
Ինչպես հայտնի է, բարձրացված աղմուկից հետո ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը նիստ հրավիրեց եւ անվավեր ճանաչեց ՀԳՊԱ-ի ռեկտորի ընտրությունը, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, ով մեկ տարուց ավելի է՝ ժամանակավորապես պաշտոնավարում է ռեկտորի կարգավիճակում: