Վարչապետը չի կարողանում գնալ Սյունիք, չի կարողանում մուտք գործել եկեղեցի

Վարչապետը չի կարողանում գնալ Սյունիք, չի կարողանում մուտք գործել եկեղեցի

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի հետ 

- Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան, բայց կարծես ծրագիր չկա։

- Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո որոշ շրջանակներ սկսեցին ասել, որ չստացվեց, սրանք շարունակում են մնալ իշխանության, չեն կարողանում հեռացնել եւ այլն, բայց ժամանակը ցույց է տալիս, որ պայքարը շարունակվում է, սրանց հեռացմանն այլընտրանք չկա, եւ այն, որ այսօր իշխանությունն աղիողորմ խնդրում է արտահերթ ընտրություններ անցկացնել, դա նույն Բաղրամյան պողոտայում գտնվող ընդդիմության հանրահավաքներին, ակցիաներին մասնակցող արժանապատիվ քաղաքացիների առաջին լուրջ ձեռքբերումն է, եւ ես վստահ եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի։ Խոսքը վերաբերում է երկրի վարչապետին հեռացնելուն, այլ ոչ թե մի գյուղապետի։ Դրա համար պետք է պայքարել համառ եւ հետեւողական։

- Ձեր պահանջն արտահերթ ընտրությունները չեն, այլ՝ Փաշինյանի հրաժարականը, արդյո՞ք պայքարն ու գործողություններն արդյունավետ են հրաժարականի հասնելու համար։

-  Ես այս ամենին լավատեսորեն եմ նայում․․․ եկեղեցին չի ընդունում վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, Գլխավոր շտաբի հայտարարությունը, այսինքն՝ պետությանը պետություն պահող ինստիտուտները միահամուռ պահանջում են նրա հրաժարականը, Գիտությունների ազգային ակադեմիան, մի քանի հարյուր համայնքապետեր։ Այս պայմաններում այս իշխանությունը չի կարող իր ստորաքարշությունը երկար շարունակել։ Մեր երկրին պետք է կայունություն, հիմա ունենք իշխանություն, որն ունակ չէ երկրում ապահովել կայունություն, ունենք իշխանություն, որը չի կարողանում ղեկավարել ամբողջ երկիրը,  վարչապետը չի կարողանում գնալ Սյունիք, պատերազմից հետո որեւէ անգամ չի եղել Արցախում, չի կարողանում մուտք գործել եկեղեցի, նույնը՝ բանակի հետ կապված, եւ այսպես շարունակ։ Ինչքա՞ն են փորձելու ձգել իրենց իշխանությունը։ Ես հասկանում եմ, որ պայքարի ընթացքում լինում են բացթողումներ, ՀՓՇ-ն նույնպես ունի բացթողումներ, թերացումներ․․․, նորմալ է, բայց լավատեսորեն նայենք։ Ի վերջո, մենք հասկանում ենք, որ հանձնվելը պարտվել է։

-Փաշինյանը եկեղեցուն, ԳԱԱ-ին, մյուսներին մեղադրեց էլիտա լինելու մեջ, ԳՇ-ին՝ ռազմական հեղաշրջում անելու եւ Օնիկ Գասպարյանին հանեց աշխատանքից։ Տպավորություն է, որ նա կարողանում է իր հրաժարականը պահանջողների դեմն առնել։

- Ուրեմն այս տրամաբանության մեջ բոլոր պետական համակարգերը կփլուզվեն, մտածենք, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը ձեռքբերումնե՞ր է ունենում․․․ այդպես չէ։ Սրա պաշտոնավարման ժամանակ մեր երկրի պարտքն աճել է մոտ 2 միլիարդ դոլարով․․․ մի քանի ամիս էլ այդ արտաքին վարկերը վերցրին, երկիրը պահեցին, բա հետո՞։ Հետո որեւէ մեկը մեզ վարկ չի տալու։ Այդ աշխատավարձ, թոշակ տվողն ընդդիմությունը չէ, ընդդիմությունն արժանապատիվ պայքար է տանում, որպեսզի մենք կարողանանք ապրել մեր երկրում, որպեսզի այս դավաճանությունը ստանա իր արժանի պատասխանը, նոր տարածքներ չհանձնվեն, երկրում հաստատվի կայունություն եւ ամենակարեւորը՝ զարգացում։ Ի՞նչ է անում իշխանությունը․ որեւէ խոչընդոտ «հաղթահարելուց» հետո իրեն սփոփում է՝ «լավ, սա էլ մարսեցինք», ո՞նց են մարսելու, դե թող պահեն։ Մինչեւ պատերազմը՝ լույսը բացվում էր, մինչեւ մութն ընկնելը ասֆալտից էին խոսում, վաղը որ Գորիս-Կապան ճանապարհը, որ իշխանություններն արդեն հայտարարել են, որ 20 կիլոմետրը գտնվում է Ադրբեջանի տարածքում, էդ ճանապարհն էլ վերցրին, ո՞նց են սրանք այս ամենի տակից դուրս գալու։

- Հայրենիքի փրկության շարժումը մերժեց Արմեն Սարգսյանի հետ քննարկումները։ Ինչո՞ւ։

- Մենք ունենք մեր օրակարգը, ասում ենք, որ այս իշխանությունը պետք է հեռանա, հաստատվի ժամանակավոր կառավարություն, առավելագույնը 1 տարի հետո տեղի ունենան արտահերթ ընտրություններ, եւ կձեւավորվի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Իրենց օրակարգը ո՞րն է, ինչի՞ շուրջ է Արմեն Սարգսյանը հրավիրում զրուցելու։ Մենք բազմիցս մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Դավաճանը կարող է հրաժարական տալ, մենք այս իրավիճակից դուրս գայինք, երկրում հաստատեինք կայունություն, անցկացնեինք ընտրություններ եւ փորձեինք գնալ զարգացման։ Ի վերջո, այս շարժման մեջ ուժեր են հավաքվել, նախկինում չէինք էլ կարող մտածել, որ կարող ենք հավաքվել, կանգնել նույն հարթակում, իրար կողքի, բայց մենք մեր քաղաքական, կուսակցական, մեծ ու փոքր ամբիցիաները դրել ենք մի կողմ, կանգնել ենք, որպեսզի մեր երկրում հաստատենք կայունություն։