Մնացականյանին շատ մեղադրել չի կարելի․ մեր արտաքին քաղաքականության շրջանակներում էր

Մնացականյանին շատ մեղադրել չի կարելի․ մեր արտաքին քաղաքականության շրջանակներում էր

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը  BBC-ի «Hard talk » կամ «Ծանր զրույց » hաղորդաշարին մեծ աղմուկ բարձրացրեց երկրի ներսում և դրսում։ Կարծիքների մեծամասնությամբ՝ մինչև ուղնուծուծը դիվանագետ Զոհրաբ Մնացականյանը անհարկի կոշտ քաղաքական, իսկ տեղ-տեղ էլ ոչ կոռեկտ հայտարարություններով հանդես եկավ ու թույլ՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում իր հակադարձումներում, զուրկ՝ մտային գրոհներից։

Շատերը մեղադրեցին նախարար Մնացականյանին՝ ավելորդ ինքնավստահության և պատկերացում չունենալու մեջ, թե ուր է գնում։ Ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի՝ «Ծանր զրույց» անվանումը պատահական չէ, և այս ֆորմատին գնում են նրանք, ովքեր հստակ մեսիջ ունեն և վստահ են սեփական ուժերի վրա։ «Հրապարակը» զրուցեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։

-Պարոն Նավասարդյան, Հայաստանի արտգործնախարարը հատկապես քննադատվեց նրա համար, որ չհակադարձեց հաղորդավարի այն դիտարկմանը, որ Արցախի հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ է։ Վատ պաշտպանվեց, երբ հարցազրուցավարը խոսեց հայկական կողմի, իբր, գազանությունների մասին ։Դուք ի՞նչ գնահատական կտաք Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին։

-Հարցին մոտենամ դիվանագիտական տեսանկյունից, երբ զրույցը լինում է սիմետրիկ կամ ոչ, երբ կողմերից մեկը ցուցադրում է հարձակվողական տակտիկա, իսկ մյուս կողմը պաշտպանվում է։ Սա այդ տարբերակն է, որ եղավ․ անգլիացին հարձակվում էր, Զոհրաբ Մնացականյանն էլ պաշտպանվում էր։  Ըստ որում, պաշտպանվում էր բավականին մեղմորեն։ Գլխավոր խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի հարցն էր, որը հենց Մնացականյանը բարձրացրեց, սակայն սայթաքեց, երբ հնչեցրեց, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այսինքն՝ ինչպես ենք պատկերացնում․ Արցախը որպես Հայաստանի բաղադրի՞չ, թե անկախ պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այդ հարցը, փաստորեն, մնաց բաց։ Իսկ նա պետք է պատասխաներ վարչապետի հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սկզբունքի շրջանակներում։ Եվ ավելին՝ զարգացներ։ Վարչապետի այդ կարգախոսը, որ հնչել է, մնացել է օդում կախված, որովհետև չեն զարգացնում դա։ Ուստի դրա շուրջ բազմաթիվ շահարկումներ են լինում։ Թե՛ դրսում, թե՛ ներսում՝ ընդդիմության կողմից։ Ինչևէ, սա չասվեց։ Անդրադարձ եղավ մի շարք այլ հարցերի, որոնց ևս նախարարը պետք է ուժեղ հակահարված տար՝ մի կողմ դնելով դիվանագիտական էթիկան ու անգամ քաղաքավարական կանոնները, որովհետև պահեր են լինում, երբ չի կարելի այդտեղ էլ մնալ դիվանագետ։ Նկատի ունեմ՝ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի արտահայտությունները Զանգեզուրի, ինչպես նաև՝ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Էնտեղ, իհարկե, ոչ մի կերպ չէր կարելի հաշտվել այն խոսքի հետ, որ Արցախը տարածք է, որտեղ ապրում է 150 հազար հայ և մենք նրանց ապահովության երաշխավորն ենք։ Նման բան առհասարակ չի կարելի ասել, որովհետև, սկսենք նրանից, որ դա հայկական տարածք է։ Նման պահեր շատ կան։ Պարզապես, եթե իրերն անվանենք իրենց անուններով և ավելի խորը նայենք, Զոհրաբ Մնացականյանին շատ մեղադրել չի կարելի, որովհետև նա մեր արտաքին քաղաքականության շրջանակներում էր՝ որպես պրոֆեսիոնալ։ Ոչ աջ, ոչ ձախ։ Նա աշխատում էր այդպես վարվել, բայց սա այն դեպքը չէր։ Պետք է գիտակցեր, որ եթե մտել էր էդ բանի մեջ, պետք էր մինչև վերջ գնալ։ Եթե նա խոսում էր այն մասին, որ դիվանագիտությունից անցնում է քաղաքականության, դա էլ վիճելի հարց է, որովհետև մեր դիվանագիտությունը 30 տարվա ընթացքում քաղաքականացված չի եղել և Արտաքին գործերի նախարարությունը պարզապես կատարել է իշխանությունների ցուցումները։ Սա շատ կարևոր է։ Հիմա բոլորն ասում են՝ պետք է սա՛ անել, նա՛ անել, պետք է հրաժարական տա, ես ամփոփելով՝ պետք է ասեմ, թե ինչ է պետք է անել։  Ես կարծում եմ, որ հեղափոխությունը, որի մասին այդքան ասվեց, պետք է մտնի այդտեղ և շտկի բոլոր այն թերությունները, որոնք այնտեղ կան։ Իսկ դրանք շատ-շատ են»։