ՔՊ-ն աշխատում է էն հին ՀՀԿ-ի մեթոդներով

ՔՊ-ն աշխատում է էն հին ՀՀԿ-ի մեթոդներով

Արարատի մարզկենտրոն Արարատ քաղաքում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայն հավաքել է իշխող կուսակցությունը՝ 4 հազար 988 ձայն կամ քվեարկության մասնակցած անձանց ընդհանուր թվի 38.79 տոկոսը։ Դա նշանակում է, որ ՔՊ-ն չի կարող միանձնյա իշխանություն ձեւավորել եւ քաղաքապետ ընտրել, նրան անհրաժեշտ է կոալիցիա կազմել ընտրության մասնակցած եւ անցողիկ շեմը հաղթահարած որեւէ ուժի հետ։

Իսկ Արարատում ՔՊ-ից բացի եւս 4 ուժ էր մասնակցում ընտրություններին՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանը նախկին ՀՀԿ-ական է, մեկ այլ նախկին ՀՀԿ-ականի՝ Ֆիրդուս Զաքարյանի նորաստեղծ «Կայունություն» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության»-ը եւ Մեսրոպ Առաքելյանի եւ Մանե Թանդիլյանի նորաբաց «Ապրելու երկիր»-ը։ ՔՊ-ից հետո ամենաշատ ձայն հավաքել է Հայկյանի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 4 հազար153 ձայն կամ 32.29 տոկոս, երրորդը «Հանուն Հանրապետության» կուսակցությունն է՝ 1777 ձայն կամ 13.82 տոկոս, չորրորդը «Կայունություն» կուսակցությունն է՝ 1041 ձայն կամ 8.09 տոկոս, իսկ վերջին՝ հինգերորդ տեղում «Ապրելու երկիրն» է, որը հավաքել է ընդամենը 901 ձայն կամ 7.01 տոկոս։ Այս բոլորն էլ հաղթահարել են անցողիկ շեմը եւ ավագանու կազմում կունենան անդամներ։ Մնում է հասկանալ, թե ով ում հետ կոալիցիա կձեւավորի։

Ֆիրդուս Զաքարյանին հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում Արարատի մարզում ընտրության արդյունքները, ՔՊ-ի հաղթանակը։ Նա չցանկացավ գնահատականներ հնչեցնել, ասաց՝ պետք է իրենց հարցնենք։ «Համենայնդեպս, էն ինֆորմացիան, որ ես ունեմ, չեմ կարող հիմա ասել։ Իրենց հարցրեք, թող իրենք ասեն՝ ոնց են հաղթել»,- ասաց նա։

- Իրենց որ հարցնենք, ասելու են՝ արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում են հաղթել։ Բայց դուք՝ որպես ընդդիմություն․․․ ընդդիմություն եք, չէ՞, ՔՊ-ին։ Ինչպե՞ս եք գնահատում՝ ինչքանո՞վ են արդար ու թափանցիկ անցել ընտրությունները, որքանո՞վ են ազնիվ եղել ՔՊ-ի տարած ձայները։

- Ես չեմ կարող ասել՝ ինչքանով են ազնիվ, ես մի բան կարող եմ ասել, որ իշխանությունն օգտագործեց իր վարչական ռեսուրսը, իսկ նախկինները, այսպես ասած՝ էն մասը, որ ՀՀԿ-ական էին, հիմա եկան «Իմ հզոր համայնք»-ով, իրենք էլ օգտագործեցին նաեւ նյութական շահագրգռության միջոցներ։ Այդ մարդը՝ Հայկ Հայկյանը, պարկեշտ անձնավորություն է, բայց նրա թիկունքում ինչ որ պետք էր, արեցին։ Նա նախկինում ՀՀԿ-ից էր, հիմա էլ հանդես է գալիս «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, բայց նյութական ռեսուրսները նույն աղբյուրից են։ Այսինքն՝ իրեն միանշանակ կարելի է համարել ՀՀԿ-ական, իսկ իր կուսակցությունը՝ ՀՀԿ-ի դիմափոխված տարբերակը։

- Իսկ ի՞նչ նյութական շահագրգռություն է, այսինքն՝ փո՞ղ են բաժանել Արարատում։

- Շատ բան են արել, խոստումներ են տվել, որ՝ կընտրեք, վաղը կգանք ձեզ կտեսնենք եւ այլն։

- Արարատում ՔՊ-ն հավաքել է մոտ 37 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ կոալիցիայի միջոցով պետք է իշխանություն ձեւավորվի Արարատում։ Արդեն քննարկումներ կա՞ն, թե որ ուժը որի հետ կոալիցիա կկազմի, կամ Ձեր կուսակցությունը, օրինակ, ո՞ր ուժի հետ է պատրաստ միանալ։

- Ես հայտարարել եմ, որ ո՛չ ՔՊ-ի, ո՛չ ՀՀԿ-ի հետ չենք գնալու կոալիցիայի կամ դաշինքի։ Ճիշտ է, իմ ձայները քիչ են եւ էական ազդեցություն չեն կարող ունենալ, բայց եթե ունենային էլ, ես չէի գնա։ Ես նախօրոք էլ եմ ասել, ընտրության օրն էլ եմ տվել հարցազրույց եւ այսօր էլ պնդում եմ՝ ՔՊ-ի եւ ՀՀԿ-ի հետ մենք չենք կարող կոալիցիա կազմել։

- Իսկ «Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների հետ խնդիր չունե՞ք։

- Էնտեղ էլ ոչ թե կուսակցությունների, այլ անձերի հետ է կապված, օրինակ՝ Արսեն Հակոբյանին («Հանուն Հանրապետության» կուսակցությունից) ես շատ գնահատում եմ։

- Փաստորեն, ստացվում է՝ Դուք իրական ընդդիմության հետ, որը համարենք, որ ՀՀԿ-ն է, չեք ցանկանում կոալիցիա կազմել, իսկ մյուսների հետ, նույն՝ «Հանուն Հանրապետության» կամ «Ապրելու երկիր» կուսակցությունների հետ, որոնց բնութագրում են որպես իշխանության կցորդ եւ արբանյակ ուժեր, պատրա՞ստ եք դաշինք կազմել։

- Իսկ ինչո՞ւ եք կարծում՝ իրական ընդդիմություն է ՀՀԿ-ն։ Ես էլ ասում եմ՝ ՀՀԿ-ն իշխանության հետ գնացել է կոմպրոմիսի։ Ո՞նց կարող է պատահել՝ մի տեղ նյութական շահագրգռության հասնես, եւ իշխանությունը չիմանա այդ մասին։ Իսկ «Հանուն Հանրապետության» Արսեն Հակոբյանը, իմ տպավորությամբ, շատ պարզ անձնավորություն է։ Կարող է իրենք են ասում, բայց ես որեւէ մեկի հետ չեմ միանալու։

- Բայց «Հանուն Հանրապետության» կուսակցության հետեւում էլ կանգնած է Արման Բաբաջանյանը, ում մասին չասեմ, թե ով է։

- Դե, դա մի հատ իրենց հարցրեք, տեսեք՝ իրենք կմիանա՞ն իրար։ Ես ինչքան գիտեմ՝ չեն միանալու։

- Հիմա ՔՊ-ն, ըստ Ձեզ, ո՞ր ուժի հետ կկազմի կոալիցիա։

- ՔՊ-ն երեւի, բացի ՀՀԿ-ից (նկատի ունի «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ Վ․ Մ․) ու բացի ինձանից, մնացածին փորձ կանի, որ տանի իր հետեւից։

- Այսինքն՝ կա՛մ  «Հանուն Հանրապետության», կա՛մ «Ապրելու երկիրի» հետ։

- Այո, հնարավոր է, որ նրանց առաջարկություն անի, ենթադրում եմ։ Բա էլ ո՞ւմ անի, դաշտում էլ որեւէ ուժ չի մնում։

- Բայց Ձեզ համար ՔՊ-ն միանշանակ մերժելի՞ քաղաքական ուժ է։

- Այո, միանշանակ մերժելի քաղաքական ուժ է, ավելին կարող եմ ասել՝ ՔՊ-ն աշխատում է էն հին Հանրապետականի մեթոդներով, դեռ ավելին՝ հիշեցնում է ՀՀՇ-ի ժամանակները։