ՔՊ-ն ոգեւորված է նախկինների հաղթանակով

ՔՊ-ն ոգեւորված է նախկինների հաղթանակով

Կիրակի օրը Հայաստանի 36 համայնքներում ՏԻՄ ընտրությունների թանաքը դեռ չչորացած, իշխանության թիվ մեկ «ուսապարկ», ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում ազդարարեց, որ ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։ «ՔՊ-ն հաղթել է Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին, Աշտարակ, Մարտունի, Սեւան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում»,- նշել է նա:

Երբ նայում ես այդ համայնքներում ընտրությունների արդյունքները եւ թեկնածուներին, կրկին ակտուալ է դառնում էյնշտեյնյան հարաբերականության տեսությունը, եւ պարզվում է, որ այդքան թմբկահարված հաղթանակն այնքան էլ հաղթանակ չէ, քանի որ՝ նախ, զբաղեցնել առաջին տեղը, դեռ չի նշանակում հաղթել, քանի որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ համայնքային իշխանություն ստանձնելու համար պետք է ունենալ կա՛մ 50+1, կա՛մ կոալիցիայի միջոցով հասնել դրան, երկրորդ՝ թեկնածուներից շատերը ո՛չ գաղափարական, ո՛չ կենսագրության առումով ՔՊ-ականներ չեն, գրեթե բոլորը նախկիններ են։

Հերթով անցնենք ցանկով։ Այսպիսով՝ Արտաշատում ՔՊ թեկնածուն չնայած կուսակցության տարածքային կառույցի ղեկավարն էր, վայելում էր մարզպետի աջակցությունը, սակայն անցել է բացառապես նախկինների շնորհիվ։ Գաղտնիք չէ, որ այս տարածքում «ասողը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դինաստիան է, եւ դեռ նախընտրական փուլում տեղեկություններ կային, որ Արգամիչն ու իր մարդիկ աշխատում են իշխանության համար։ Նախ, որովհետեւ՝ Խաչատուր Սուքիասյանի միջոցով երաշխիքներ են ստացել, որ իշխանությունն աչք կփակի իրենց նախկին ու ներկա արարքների վրա, ապա՝ թույլ կտա հանգիստ ապրել եւ վայելել իրենց «վաստակածը»։ Հենց Արգամիչի ֆակտորի շնորհիվ էլ Արտաշատում ՔՊ-ն մոտ 60 տոկոս ձայն ստացավ։

Վայոց Ձորի մարզում երեք խոշորացված համայնքներում ընտրություններն ավարտվել են ՔՊ-ի հաղթանակուվ։ Այստեղ եւս հաղթանակը ՔՊ-ինը չէ, այլ՝ Ջերմուկի օլիգարխ, կարկառուն ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանինը։ Ջերմուկում իշխող ուժի ցուցակը գլխավորում էր Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը մոտ 88 տոկոսանոց հաղթանակ տարավ։ Դեռ նախընտրական շրջանում գրել էինք, որ Արսենյաններն աշխատում են նաեւ Վայքի ուղղությամբ։ Չնայած դրան, Վայքի ՔՊ թեկնածուն ստացել է ընտրողների մոտ 36 տոկոսի ձայները, այսինքն՝ մրցակիցները կարող են ընդդեմ ՔՊ-ի կոալիցիա կազմել։ Իսկ մրցակից ուժերը Արամ Սարգսյանի, Սամվել Բաբայանի եւ Արթուր Վանեցյանի կուսակցություններն են։ Եղեգնաձորում ՔՊ թեկնածուն պարտվել է երբեմնի ԲՀԿ-ականին, որը ջախջախիչ հաղթանակ է տարել՝ Դավիթ Հարությունյանը 63 տոկոս քվե է ստացել։

Աշտարակում էլ հաղթել է նախկին՝ 2016-ից քաղաքապետ աշխատող Թովմաս Շահվերդյանը, որը խորհրդարանական վերջին ընտրություններին աջակցում էր ընդդիմությանը, մասնավորապես՝ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Շահվերդյանը 79 տոկոսանոց հաղթանակ է գրանցել։

Մարտունու ՔՊ թեկնածու Հովհաննես Հովեյանն էլ է ամենակարկառուն նախկիններից՝ աշխատել է Վարդենիկի համայնքապետ եւ այլ համայնքային պաշտոններ զբաղեցրել։ Եղբայրը՝ Գեղամ Հովեյանը, որ ներկայումս Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամ է, 2017 թ. Հանրապետական կուսակցության մեծամասնական ցուցակով Գեղարքունիքում պատգամավոր դառնալու համար ձայներ էր մուրում: Հովեյան եղբայրները բոլոր ընտրություններին աջակցել են Սերժ Սարգսյանին, հիմա Նիկոլի համար են տոկոսներ խփում, այս անգամ՝ 62 տոկոս։

Չգիտես ինչու, ՔՊ-ն իրեն է վերագրում նաեւ Սեւանի անկուսակցական թեկնածու Սարգիս Մուրադյանի 80 տոկոսանոց հաղթանակը, որն առաջադրվել է «Սարգիս Մուրադյան դաշինքով»։ Այստեղ ՔՊ-ն չի առաջադրվել, բայց հայտարարել է, որ աջակցում է «Մուրադյան դաշինքին»։
Մեծամորում պայքարում էին ՀՅԴ-ն ու ՔՊ-ն։ Իշխանության ավագանու ցուցակն առաջնորդում էր Վահրամ Խաչատրյանը, որը 2016-ին Նորապատ համայնքի ղեկավար ընտրվեց որպես ՀՀԿ-ական։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լքեց կուսակցությունը, իսկ այսօր ՔՊ-ի համար 79 տոկոսանոց հաղթանակ է գրանցել։

Նոյեմբերյանում էլ թեպետ ՔՊ-ն է առաջատարը, բայց ստացել է ձայների 43 տոկոսը, եւ տեղեկություններ կան, որ ընդդիմադիր ուժերը կոալիցիա կկազմեն եւ ՔՊ-ին կդարձնեն ընդդիմություն։ Հիշեցնենք, որ Նոյեմբերյանում ՔՊ թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Կարեն Աբազյանն է՝ ներկայիս ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի եղբայրը։

Արթիկում առաջատարը ՔՊ-ն է, սակայն՝ 41.1 տոկոսով։ Այս ուժի ցուցակը գլխավորում է գեներալ Մանվելի սանիկը՝ Անանիկ Ոսկանյանը, ով երկար տարիներ գլխավորել է Պեմզաշեն համայնքը։ ՔՊ-ի ցանկում մեծ թվով գյուղապետեր են, այդ թվում՝ նախկին հանրապետականներ։ Ամասիայում ՔՊ-ն ստացել է 38․82 տոկոս, ՀՀԿ-ն՝ 22, «Ամասիա-արփի» կուսակցությունների դաշինքը՝ 38,27%, Ախուրյանում եւս բացարձակ մեծամասնություն չունի ոչ մի ուժ։

Իսկ որտե՞ղ է ՔՊ-ն հաղթանակ տարել՝ իր, ՔՊ-ականների ուժերով․ Հրազդանում՝ ի դեմս Սասուն Միքայելյանի որդու։ Չնայած Սասուն Միքայելյանին եւս դժվար է ՔՊ-ական անվանելը՝ նրա կապերը նախկին իշխանությունների հետ շատ սերտ են։ Արմավիրում, որտեղ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը մրցակից չուներ։ Մյուս համայնքներում հաղթանակը ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ «Քաղպայմանագիր» կուսակցության վաստակը չեն։ Իսկ եթե հանենք վարչական ռեսուրսը, առհասարակ այս հաղթանակներն էլ չէին լինի։