10 օր առաջ հերքում էին մեր հոդվածը, թե անձնական խնդիրներով հարեվանի տունն են պայթեցրել

10 օր առաջ հերքում էին մեր հոդվածը, թե անձնական խնդիրներով հարեվանի տունն են պայթեցրել

Մենք փետրվարի 28-ին լուր էինք հրապարակել. «Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։

ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։ Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռեւս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է...Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ: Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբ` չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել»:

Ահա, այս հրապարակմանն անմիջապես արձագանքեցին ներքին գործերի նախարարությունից եւ փորձեցին հերքել մեր լուրը, մասնավորապես Գագիկ Մելքոնյանի տան մոտ տեղի ունեցած պայթյունը: Մեզ ուղարկված տեքստում գրել էին. «Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածն անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։ Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ, եւ կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որեւէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»։ Սա, հիշեցնենք, փետրվարի 28-ին էր, այսինքն՝ դեպքերից անմիջապես հետո։

Եվ հանկարծ մարտի 13-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում եւ ամերիկյան վեսթերնի ոճով մի դետեկտիվ պատմություն շարադրում, թե․ «Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Գ. Ս.-ն եւ նախաքննությամբ դեռեւս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թ․ փետրվարի 10-ին Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թ․ փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 եւ Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում։ Այսպես, Գ. Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու եւ այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա. Գ.-ի եւ Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաեւ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը»:

Մի րոպե, հարգելի իրավապահներ, բա 10 օր առաջ հակառակն էիք հայտարարում, թե պայթյունը մեկ այլ տան մոտ է եղել, կան մեղադրյալներ, եւ դա կապված է «անձնական հարաբերություններ պարզելու հետ»։ Այդ ինչպե՞ս գլխիվայր շուռ եկավ նախաքննական վարկածը, եւ ինչպե՞ս նման եզրահանգման եկաք, որ «ահաբեկչությունն» իրականացրած անձինք նպատակ են ունեցել ստիպել, որ Գուրգեն Մելքոնյանի նման հանճարեղ օրենսդիրը «ձեռնպահ մնա քաղաքական հայտարարություններ անելուց», եւ փորձել են հարկադրել «հանրային իշխանության մարմիններին ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալ»։ Նախ՝ այդ ի՞նչ լուծումներ են գտել՝ Տավուշի հողերը հանձնելու մասի՞ն է խոսքը, եւ երկրորդ՝ որտեղի՞ց վերցրին այս հեքիաթը։ Ենթադրվում է, որ նման տեքստ կարող էին գրել, եթե մեղադրյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ տային եւ նկարագրեին, թե այսպես ու այսպես՝ այս նպատակն ենք հետապնդել։ Բայց կալանավորվածները չեն ընդունել իրենց մեղքը եւ նման հեքիաթ շարադրել, բնականաբար, չէին կարող։ Ենթադրվում է, որ Արգիշտի Քյարամյանը կամ Նիկոլ Փաշինյանը երազ են տեսել։

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ ահաբեկչության գործ «բացահայտվեց»՝ մեղադրեցին Արթուր Վանեցյանին, Աշոտ Սիմոնյանին եւ մի խումբ մարդկանց, մարդիկ կալանավորվեցին, հաղորդագրություններ տարածվեցին, հետո դատարանն արդարացրեց, այդ գործերը կարճվեցին։ Հիմա նոր շոուների ժամանակն է եկել։ Տեսնենք, թե այս գործն ինչքան կյանք է ունենալու։