Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Քոչարյանը

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Քոչարյանը

Այսօրվա պես հիշում եմ (այդպես է, չէ՞, սովորաբար ասվում) 1998-ի գարնանային մի արևոտ օր արևմտահայ միջին մակարդակի ներդրողի հետ խոսակցության ժամանակ իմ ասած նախադասությունը՝ «Ռոբերտ Քոչարյանը դատապարտված է Հայաստանը տնտեսապես հզոր երկիր դարձնելու»: Ի դեպ, որպես թիֆլիսահայ, որ դպրոցից հետո ուսումը շարունակելու նպատակով եկել էր Երևան ու մնացել էր այստեղ, ինձ համար էական չէր Ղարաբաղի պաշտպանության ղեկավարի անձնագրի խնդիրը: Հատկապես որ դա խնդիր չէր 10 տարի առաջ, երբ նա ընտրվում էր Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ: Բայց հետո եղավ հոկտեմբերի 27-ը, ու խորհրդարանում կազմակերպված սպանդի կասկածը մնաց Քոչարյանի վրա: Իսկ ամենամեծ հարվածն, իհարկե, 2001-ի «պրիվետ Ռոբ»-ի պատմությունն էր: Որոշակի դեր խաղացին նաև  տնտեսական բնույթի մի քանի դատավարությունները (բազմաթիվ անօրինականություններ բացահայտող), որոնց մասնակցեցի որպես տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրող: Ու այդպիսով արդարություն, օրինականություն հասկացություններն ինձ համար դարձան առաջնային: Եվ որքան էլ հետագայում գնահատեցի Քոչարյանի նախագահության տնտեսական արդյունքները, վերը նշված հասկացությունները ձևավորեցին բացասական վերաբերմունք նրա նկատմամբ: Իսկ 2007-08 թթ.-ի նախագահական ընտրությունները և դրանց շուրջ իրադարձությունները ամրապնդեցին վերջինիս նկատմամբ իմ բացասական վերաբերմունքը:

Այսօր արդեն, տարիների հեռվից ու համացանցի շնորհիվ ընթերցածս բազմաթիվ նյութերի ու վերլուծությունների շնորհիվ ավելի թեթև (եթե կարելի է այդպես արտահայտվել) եմ նայում 2000-ականների 1-ին տասնամյակի իրադարձություններին: Ավելի թեթև, քանի որ հասկանում եմ, որ դա մի շրջան էր, որ անցել են համարյա բոլոր երկրները, ու մենք բացառություն չէինք: Իսկ պատմության տեսակետից կարևորը ոչ թե առանձին դեպքերն են, այլ զարգացման ուղղվածությունն ապահովել կարողանալը: Ռոբերտ Քոչարյանը դա կարողացավ ու կարողացավ նաև կյանքի կոչել սփյուռքահային ասված նախադասությունը: Ուրիշ հարց, որ այն չունեցավ շարունակություն, բայց դա արդեն այլ խոսակցության նյութ է և կապ չունի Քոչարյանի հետ: 
Եվ մի կարևոր խնդիր ևս, որ սովորաբար ընկալվում է որոշ ժամանակ անցնելուց հետո միայն:

Երկիրը զարգացնելու ղեկավարի ունակությունը կարող է  ստանալ ազգաբնակչության օժանդակությունը կամ բախվել  նրա հակազդեցությանը: Մենք պետք է հասնեինք այս օրվան, որպեսզի հասկանայինք, որ այդ հարցում մեր բախտը չի բերել: Իրապես բարեկեցիկ ու արդար հասարակություն կառուցելու համար պետք է կռիվ տրվեր հենց այդ հասարակության մեծամասնության դեմ: Եվ դա այն դեպքում, երբ ղեկավարն ինքը արդարության գաղափարի կրողն է: Սակայն ղեկավարը միշտ չէ, որ արդարության, ինչպես դա ժողովուրդն է ընկալում, գաղափարի կրողն է: Ավելի հաճախ տեղի է ունենում հակառակը՝ ղեկավարը հենց անարդարության կրողն է, սակայն ժամանակի հեռվից անարդարության առանձին դրվագները մոռացվում են, եթե ղեկավարը հասել է զգալի հաջողությունների տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման ոլորտներում: Կարող ենք արձանագրել, որ Քոչարյանի նախագահության շրջանը նշված ոլորտների առումով մեր 30-ամյա պետականության լավագույն տարիներն էին:  

2018-ի համարյա թե համազգային հեղափոխական պոռթկումի ու երեքամյա փաշինյանական վարչապետության (պատերազմը ներառյալ) արդյունքում բացասականությունը համարյա թե ջրվեց ՀՀ երկրորդ նախագահի անվան վրայից: Որովհետև եթե «պրիվետ Ռոբ»-ը մեկ զոհ «արժեր», մարտի 1-ը՝ 10 զոհ, սեփականաշնորհման ժամանակ տեղի ունեցած թալանը՝ չգիտեմ որքան գումար, ապա Փաշինյանի ապաշնորհ և կամ դավաճանական կառավարման արդյունքում ունեցանք բազմահազար զոհեր ու վիրավորներ, տարածքների կուրուստ, Սյունիքի ու ողջ Հայաստանի անվտանգության սպառնալիքներ, երբեմնի հզոր բանակի հոգեբանական ջարդ, Արցախում ներդրված գումարների ու տնտեսական ենթակառուցվածքների կորուստ, ու այդ ամենի ֆոնին՝ անիմաստ գնումներ ու պարգևավճարներ: Եվ այս ամենը համեմատել «սեփականաշնորհման թալանի» հետ ու շարունակել մեղադրել Քոչարյանին՝ կարող է միայն պոպուլիստ ղեկավարն ու նրա կողմից զոմբիացված կենսազանգվածը:

ՀԳ. Այնուամենայնիվ, որպես ընդդիմադիր հայացքների տեր անձնավորություն կուզեի, որ քարոզարշավի սկզբում Քոչարյանը ներողություն խնդրեր Պողոս Պողոսյանի հարազատներից: Սակայն ոչ այնպես, ինչպես 2007-ի հոկտեմբերին Տեր-Պետրոսյանը. հիշում եք, չէ՞, որ փոխանակ ներողություն խնդրեր 1996-ի նախագահական ընտրությունների առումով, ինչը սպասում էինք, վերջինս անդրադարձավ Քոչարյան-Սարգսյան զույգին:  

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ