Հետադիմության գալարապտույտները

Հետադիմության գալարապտույտները

2020թ. մայիսի 20-ին լրանում է ՀԽՍՀ վերջին եւ ՀՀ առաջին խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձը: Պետական կարեւոր հոբելյան, որի մասին Հայաստանում քչերն են հիշում, եւ որի մասին մոռացել է «նոր Հայաստանի» իշխանությունը: Այս մոռացության պատճառը բնավ էլ համավարակը չէ, այլ քաղաքական կարճ հիշողությունը (կամ այդ հիշողության իսպառ բացակայությունը), որը հատուկ է իրեն աշխարհի կենտրոն եւ քաղաքականության նախասկիզբ համարող Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը:

Հասարակական-քաղաքական, պետական կյանքում ոչինչ այնպես չի կրում ժամանակի կնիքը, ինչպես տվյալ երկրի խորհրդարանը, որը ժամանակի քաղաքական իրողությունների, գաղափարախոսությունների, պետական եւ հասարակական բարքերի ու մտածողության խտացումն է: Եվ ինչպես երկրի խորհրդարանն է տվյալ ժամանակի պատկերը, այնպես էլ ժամանակն է կերտվում խորհրդարանի նմանությամբ: Ասել է թե՝ պետության եւ ժամանակի իրական դեմքը խորհրդարանն է: Եվ խորհրդարանների համեմատությունը վկայում է պետականաշինության ընթացքի՝ վերելքի կամ անկման, առաջընթացի ու հետընթացի, ձեռքբերումների ու կորուստների մասին: 

1990թ. մայիսի 20-ին ձեւավորված խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի եւ գործող Ազգային ժողովի ամենապարզ համեմատությունն անգամ ցավալիորեն ի ցույց է դնում այն ահռելի նահանջը, որ ունեցել է Հայաստանի Հանրապետությունը 1990թ. ի վեր: Այդ համեմատությունը վկայում է՝ Հայաստանում քաղաքական մտքի, հասարակական բարքերի, պետականաշինության նշաձողն այնքան է իջել, որ վտանգում է ոչ միայն ժամանակակից, մրցունակ Հայաստանի կառուցումը, այլեւ Հայաստանի պետության գոյությունն ընդհանրապես: Խորհրդարանական այս ահռելի գահավիժումն իրականում Հայաստանի Հանրապետության անկման ցուցիչն է: 

1990թ. ղարաբաղյան Շարժման ընթացքում ձեւավորված խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, գաղափարախոսությունների եւ հասարակարգերի բախման արդյունք էր՝ Հայոց Համազգային Շարժման եւ Կոմունիստական կուսակցության: Այդ պայքարի արդյունքում խորհրդարան մտան նոր ժողովրդավարները՝ ժամանակի մտավորականության միջին սերնդի լավագույն ներկայացուցիչները, խորհրդային համակարգի այլախոհները, որոնք Հայաստանի նավը դուրս բերեցին քաղաքականության եւ պետականության նոր եւ հուսալի ափեր: Նրանք հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին քաղաքական գործիչներն էին, որոնք քաղաքականության անմոռաց դասեր էին ստացել տենդագին եւ փոթորկոտ ժամանակներում: 

Գերագույն խորհրդում գաղափարախոսական, աշխարհայացքային տարբերություններն աստիճանաբար հանգեցրին խորհրդարանի բազմակուսակցականացման: Ձեւավորվելով որպես փաստացի երկկուսակցական խորհրդարան՝ Գերագույն խորհուրդն արդեն իր իրավասություննրի ավարտին՝ 1995թ. մայիսին, բազմակուսակցական էր՝ նոր խմբակցություններով եւ պատգամավորական խմբերով, որոնք բոլորը ծնվել էին ՀՀՇ-ից եւ ՀԿԿ-ից: 
Գերագույն խորհուրդը խտացնում էր ժամանակի նոր քաղաքական միտքը՝ Հայաստանի հասարակության եւ պետության համար սահմանելով մեծ նպատակներ, իրատեսական խնդիրներ, առաջադեմ գաղափարներ: Խորհրդարանը ձեւավորեց Հայաստանի պետության համար աննախադեպ բարձրարժեք քաղաքական միտք, որը հետագա 25 տարիներին Հայաստանն անփութորեն վատնեց: 

Գերագույն խորհրդի պատմական նշանակությունը հսկայական է.
1. Գերագույն խորհուրդն իրականացրեց անկախ պետություն ունենալու՝ հայ ժողովրդի պատմական նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով անկախ պետություն․ 
• 1990թ. օգոստոսի 23-ին ընդունելով «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը» 
• օգոստոսի 24-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանելով Հայաստանի Հանրապետություն 
• 1991թ. մարտի 1-ին ընդունելով «1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը 
• 1991թ. սեպտեմբերի 23-ին, ըստ հանրաքվեի արդյունքների, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
2. Գերագույն խորհուրդը վերջ դրեց միակուսակցականությանը եւ Կոմկուսի միահեծան դերին՝ Հայաստանում հաստատելով բազմակուսակցականություն:
3. Խորհրդարանը ձեւավորեց նոր քաղաքական համակարգ՝ ժողովրդավարության եւ ազատականացման սկզբունքների, գաղափարների եւ արժեքների հիման վրա:
4. ԳԽ-ն ընդունեց նոր՝ անկախ պետականության կերտման հայեցակարգային 104 օրենքներ, վավերացրեց 148 միջազգային պայմանագրեր:
5. Գերագույն խորհուրդը դրեց պառլամենտարիզմի հիմքերը Հայաստանում՝ լինելով իրական ներկայացուցչական հակակշիռ:
6. Խորհրդարանը բյուրեղացնում էր նոր Հայաստանի քաղաքական միտքը՝ դառնալով քաղաքական բանավեճերի կենտրոնատեղի: Այն հիրավի օրենսդրական եւ քաղաքական մարմինն էր միաժամանակ:
7. Այսեւայլ կարեւոր նվաճումներով 1990թ. մայիսի 20-ին ձեւավորված խորհրդարանը՝ 30-ամյա Գերագույն խորհուրդը, մտավ հայոց պատմության մեջ՝ ձեւավորելով այդ պատմության քաղաքական ոսկեդարը: 

Ներհայաստանյան հետագա քաղաքական իրողություններն իրենց անդառնալի ծանր հետքը թողեցին հետագա բոլոր խորհրդարանների՝ Ազգային ժողովի կազմի եւ գործունեության վրա: Հետագա խորհրդարաններն աստիճանաբար կորցրին իրենց դերն ու նշանակությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, պետական կյանքում՝ զրկվելով ներկայացուցչական հակակշիռ լինելու իրավաքաղաքական նշանակությունից եւ վերածվելով գործադիր իշխանության կցորդի՝ փոշիացնելով պառլամենտարիզմը Հայաստանում: 

Գերագույն խորհրդին հաջորդած առաջին գումարման Ազգային ժողովը ձեւավորվեց 1995թ. հուլիսի 5-ին՝ ընտրակեղծիքներով եւ բռնարարքներով ուղեկցվող ընտրությունների հետեւանքով: Ընտրակեղծիքներով եւ ընտրակաշառքներով ձեւավորվեցին հետագա՝ 1999, 2003, 2008, 2013, 2017թթ. խորհրդարանները: Դրանք ձեւավորվեցին օրվա քաղաքական իշխանության կամոք, նրանց պատկերով եւ նմանությամբ: 

Ազգային ժողովի պատմությունն ի ցույց է դնում հայ քաղաքական մտքի թշվառությունը եւ Հայաստանի պետականության խեղճությունը: 1995թ. ի վեր խորհրդարանի քաղաքական քարտեզն անվերջ դժգունացավ: Տարբեր գումարումների Ազգային ժողովում հայտնվեցին մականունավորներ, թաղային հեղինակություններ, պատեհապաշտներ, խոշոր գործարարներ: Քաղաքական կոռուպցիան Հայաստանում անշեղորեն աճում էր՝ վտանգելով Հայաստանի քաղաքական ապագան եւ դուրս մղելով քաղաքական միտքը խորհրդարանից: 

2018թ. դեկտեմբերի 9-ին ձեւավորված յոթերորդ գումարման գործող Ազգային ժողովը 1990թ. ի վեր երկրորդ խորհրդարանն էր, որ կազմավորվեց ազատ ընտրությունների եւ թավշա հեղափոխության արդյունքում: Երկրորդ խորհրդարանը, որ պատմական դեր ուներ՝ կերտելու հիրավի նոր՝ ազատ, արդար, ժողովրդավարական, մրցունակ եւ ուժեղ Հայաստան:

Սակայն ԱԺ համամասնական ցուցակները եւ ապաքաղաքական ընտրապայքարն արդեն իսկ վկայում էին, որ ձեւավորվելու է գաղափարազուրկ եւ դիմազուրկ խորհրդարան, ճիշտ այնպիսին, ինչպիսին ժամանակներն են: Ներհայաստանյան պարադոքսը հանգեցրեց նրան, որ թեպետ այս Ազգային ժողովը ձեւավորվեց ազատ ընտրությունների արդյունքում, սակայն՝ «միակ ընդդիմությունից» միակ իշխանության վերածված Նիկոլ Փաշինյանի կամոք, նրա պատկերով եւ նմանությամբ: Խորհրդարան, ուր չկա քաղաքական ընդդիմություն, ուր չկա քաղաքական մտքի որեւէ առկայծում: Նոր Ազգային ժողովը, զարնվելով սեփական ագրեսիվության եւ Նիկոլի հին հաշիվների պատերին, աստիճանաբար ինքնաոչնչացավ՝ մոխրացնելով պառլամենտարիզմի վերջին ծածկերը Հայաստանում եւ վերածվելով գործադիր իշխանության կցորդի: 

1990 եւ 2018 թթ. հայկական երկու թավշյա հեղափոխությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանների յուրաքանչյուր համեմատություն ի ցույց է դնում այն անկումը, որն արձանագրել է Հայաստանը վերջին 25 տարիների ընթացքում: 

1990թ. Գերագույն խորհրդի մոռացված 30-ամյա հոբելյանը Հայաստանի Հանրապետությունը դիմավորում է հետադիմության գալարապտույտներում, քաղաքական մտքի մացառներում եւ հանրային մտածողության ավերակների վրա: