«Գեոտեխմին» ընկերության զեկույցը չկա, իսկ այն, ինչ կա, հրապարակման ենթակա չէ

«Գեոտեխմին» ընկերության զեկույցը չկա, իսկ այն, ինչ կա, հրապարակման ենթակա չէ

Վարչապետի որոշմամբ «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության զեկույցը հետազոտում են: Նոր ուսումնասիրություն է ձեռնարկվել, 16 անդամից բաղկացած նոր աշխատանքային խումբ է ստեղծվել: Անդամները հիմնականում կառավարությունից են՝ տեսչական մարմինների, ԱԻՆ, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների աշխատակիցներ: Ոչ մի հայտնի անուն ցանկում չկա: Ղեկավար է նշանակվել հանրությանն անհայտ անձ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար, նախկինում մասնավոր ընկերության անվտանգության ինժեներ Գեղամ Շախբազյանը: Խմբի մյուս անդամները նույնքան անհայտ են: Ինչո՞ւ աշխատանքային խմբում չկան հայտնի անուններ, հանրության վստահությունը վայելող բնապահպաններ, գիտնականներ, այլ կառավարության ենթականեր են ընտրվել, որոնք, անշուշտ, կգրեն այն, ինչ պետք է աշխատակազմին: «Երեկ նոր առաջին փակ նիստն է տեղի ունեցել՝ 14 հոգանոց խմբով, զեկույցին ծանոթանալու, ընթացիկ հարցերը քննարկելու հետ կապված»,- պատասխանեց մեզ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը, խոստանալով, որ մեր հարցը կփոխանցի պետին: 

Մինչ նա ճշտումներ կաներ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին, որի ենթականերից երկուսը ներգրավված են նորաստեղծ խմբում, խնդրեցինք մեզ տրամադրել խնդրո առարկա հետազոտությունը՝ «Գեոտեխմին» ընկերության զեկույցը: «Մենք էլ դեռ չունենք այդ զեկույցը: Երբ որ աշխատանքային խումբը սկսի աշխատանքները, մենք այն կունենանք: Ես՝ ինքս, չեմ տեսել զեկույցը»: Իսկ ճիշտ չէ՞ր այդ զեկույցը նախ հրապարակել: «Չեմ կարող ասել, թե ինչու չի հրապարակվել: Ճիշտն սած՝ դրանով քաղաքաշինական տեսչական մարմինն է զբաղվել»,- ասաց Վիգեն Ավետիսյանը: 

Կապվեցինք նաեւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի հետ եւ խոսեցինք հիդրոտեխնիկ Հասմիկ Փալանջյանի հետ, որի անունը նշված է աշխատանքային խմբի անդամների թվում: Նա մեզ ասաց, որ զեկույցը չունի. «Մեզ պետք է ուղարկեն: Մենք՝ որպես մասնագետներ, ներգրավվել ենք, պետք է ուսումնասիրենք տարբեր երկրների եզրակացությունները, բայց մենք կապ չունենք հրապարակումների, ժուռնալիստների հարցերի հետ: Զանգեք ԱԻՆ, իրենք են զբաղվում»: Հարցին, թե ինչն է Թեղուտի պոչամբարի խնդիրը, հիդրոտեխնիկը պատասխանեց. «Կայունությունը», ապա մեզ ուղղորդեց ԱԻՆ տեսչական մարմին, որը զբաղվում է համակարգումներով: 

Այդ մարմնից էլ մեզ պատասխանեց ղեկավարի օգնականը, որի հետ զրույցից հայտնի դարձավ, որ բուլղարական ընկերության զեկույց, որպես այդպիսին, գոյություն չունի. «Զեկույցի նախնական տարբերակն է»,- ասաց քչախոս օգնականը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ հրապարակեիք, նոր ուսումնասիրեիք, որպեսզի հանրությունն էլ իմանար, թե ինչ եք անում: «Դեռեւս աշխատանքային փուլում է: Վերջնական տարբերակ չէ, որ դնենք քննարկման»: 

Փաստորեն, կառավարությունն ուսումնասիրում է դեռ չգրված փաստաթուղթ, որը սպասվում էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին: Թեղուտի հանքն ամիսներ շահագործվում է, անդառնալի վնասներ պատճառելով մեր բնաշխարհին, իսկ կառավարությունը մինչ օրս չգիտի, ինչ ասի հանրությանը, եւ որոշել է միջին, անհայտ չինովնիկների, «պաժառնիկների» ուժերով միջամտություններ կատարել պոչամբարի պատվարի վերաբերյալ անկախ կոչվող ընկերության եզրակացությանը, դզել-փչելով այն իր նպատակներին համապատասխան: Համենայնդեպս, մենք ունենք բոլոր հիմքերը՝ նման եզրահանգման գալու համար: 

«Վալլեքս» խումբը մինչեւ ընկերության սնանկանալը՝ 2017-2018 թվականներին, այլ ուսումնասիրություն էր պատվիրել ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում գրանցված Global Resource Engineering եւ ավստրալական ATC Williams փորձագիտական ընկերություններին, որը դեռ ոչ ոք չի չեղարկել: Ըստ դրա, պոչամբարի հետագա շահագործումը ռիսկային է, կարող է բերել փլուզման: Փաստացի, այս եզրակացությունը «Վալլեքս» ընկերության կողմից հանքի շահագործումը դադարեցնելու հիմքերից մեկն էր: Ընկերությունը հայտարարեց, որ նոր պոչամբար է մտադիր կառուցել, բայց VTB բանկին ունեցած 380 մլն դոլարի պարտքը չկարողացավ մարել, եւ հանքն անցավ բանկին: 

Նոր շահագործողը նոր հետազոտություն պատվիրեց, նշելով ժամկետ՝ 6-7 ամիս: 2019 թվականի սեպտեմբերից այն սկսել են, եթե հավատանք փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, բայց մինչ օրս, փաստորեն, չեն ավարտել: 

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատուն տեղեկացրեց, որ աշխատանքային խմբի առաջարկով՝ քննարկումներում ներգրավել պետական գերատեսչությունների մասնագետների, ի սկզբանե հանդես է եկել տեսչական մարմինը: «Զեկույցի չհրապարակվելու առնչությամբ ասեմ, որ քանի որ այն ներառում է իր մեջ խիստ մասնագիտական վերլուծություններ, նախագծային տարբերակ, տվյալների, թվերի, ցուցիչների, լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտություն կա: Հիմա խումբն այդ ճշգրտումների փուլում է: Գաղտնի ոչինչ չկա»: Խմբի՝ աշխատանքն ավարտելուն պես տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանրությանը կտեղեկացնի արդյունքների մասին: Ինչո՞ւ չեք հանրությանը հայտնի գիտնականների, բնապահպանների ներգրավել աշխատանքներում, որովհետեւ զեկույցը պատրաստ չէ՞: «Ոչ: Զեկույցը պատրաստ է: Ուղղակի երեք զեկույցներ կան՝ տարբեր տարիների իրականացված, հիմա խումբը համեմատություններ է անցկացնում այդ զեկույցների»: «Գեոտեխմինի» զեկույցը չե՞ք ուսումնասիրում: «Այո, ուղղակի կա նախագծային տարբերակը, որն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- ասաց Ելենա Զոհրաբյանը: 
«Երկու հարց է առաջանում՝ սրա հետ կապված,- ասում է «Բնապահպանական ճակատ» ՀԿ անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը, որը երկար տարիներ զբաղվում է Թեղուտի բնապահպանական ասպեկտով,- ինչո՞ւ կառավարության կողմից այդ հետազոտությունը չի արվում թափանցիկ ու մասնակցային, հրապարակված փաստաթղթերի հիման վրա: Ինչո՞ւ չեն ասում՝ ժողովուրդ ջան, եթե կան մասնագետներ, որոնք կարող են ճիշտ վերլուծել, խնդրում եմ օգնեք կառավարությանը: Ես ասել եմ իմ կարծիքը՝ «Թեղուտը» ռուսական կապիտալ է, որն իրենք չեն կարող օդի մեջ գցեն եւ գտել են մի տարբերակ, որ ինչ-որ մեկը գա, աշխատի, ՎՏԲ-ի պարտքը փակի, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, ոչ մեկին չի հետաքրքրել: Մեր կարծիքն այդ է եղել, մենք այն հայտարարել ենք եւ մնում ենք նույն կարծիքին»: