Կառավարման ճգնաժամ
Որ կողմ նայում ես՝ անկազմակերպ վիճակ է, անտերություն, փնթիություն, կարգուկանոնի ու ծրագրի բացակայություն։ Մեզնից յուրաքանչյուրը տեսնում է այդ անկարգությունների, այդ անտերության մի մասը միայն։ Ոտքով շրջողները, օրինակ, տեսնում են, թե ինչքան է վատացել հանրային տրանսպորտի աշխատանքը, եւ ինչքան է բարդացել Երեւանում մի տեղից մյուսը հասնելը։ Տնային տնտեսուհիները տեսնում են գնաճն ու անզուսպ թանկացումները եւ չեն հասկանում, թե որն է դրա պատճառը։ Բանակի հետ առնչություն ունեցողները խոսում են բանակում տիրող խայտառակ վիճակից՝ սպայական կազմը չնչին վարձատրություն է ստանում, նորից մայկա-տրուսիկի մատակարարումը մնացել է ծնողների հույսին, սահմանամերձ հատվածներում սարսափելի կենցաղային պայմաններ են տիրում։ Բանը հասել է այնտեղ, որ հրամանատարներն իրենց ընկերական շրջապատի միջոցով են սահմանը կահավորում, տարրական պայմաններ ստեղծում։ Ուրիշ վատ բաների մասին էլ են պատմում բանակի հետ շփվող մարդիկ, օրինակ, որ խմիչքը հիմնավորապես մտել է բանակ, իսկ զինծառայողների մի մասն անգամ թմրամիջոցներ է օգտագործում։
Մյուս ոլորտներում էլ վիճակը բարվոք չէ։ Բուհերի դասախոսները եւ ուսանողները պատմում են ուսումնական պրոցեսում բարձիթողի վիճակի եւ առանց սովորելու գնահատականներ ստանալու մասին։ Դատավորներն ու փաստաբանները դժգոհում են օրենքները փոփոխելու եւ անհեթեթ օրենքներ ներդնելու հաճախականությունից։ Նախարարությունների աշխատողները բողոքում են վերադասի փոփոխություններից եւ կամայական հրահանգներից, որոնք իջեցնում են ենթականերին։ Այս խառնաշփոթն ամենուր է։ Չկա մի համակարգ, որն անթերի, ժամացույցի նման աշխատի, եւ որտեղ հստակ կարգուկանոն, ծրագրային աշխատանք իրականացվեն։ Եվ սա մեկ անուն ունի՝ կառավարման ճգնաժամ։
Կարծիքներ