Հաչան շունը կծան չի լինում

Հաչան շունը կծան չի լինում

Պարզ մեխանիզմ է գործում։ Այն, ինչ հունից հանում է հանրությանը, իշխանությունը հենց դա՛ է անում։ 
Ի՞նչ, ձեզ թվում է, թե Աննա Հակոբյանը չգիտի՞, որ իր յուրաքանչուր ֆեյսբուքյան գրառում հանրությանը ափերից հանում է։ Չի՞ տեսնում իր հետ կապված ցանկացած քայլ արժանանում է պարսավանքի, հայհոյանքի։ Կամ Նիկոլ Փաշինյանը չգիտի՞, որ իր կառավարվող էջից բացի մնացած բոլոր հարթակները ինչ են գրում իր մասին։ 

Գիտե՜ն ու շա՜տ լավ գիտեն, որ իրենց յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հայտարարություն հանրությանը հունից հանում է, բայց նրանք նույն փութաջանությամբ շարունակում են խաղալ հասարակության հույզերի հետ։ Սա գիտե՞ք ինչի է նման։ Երբ գիտես, մի քիչ համեմատությունը կոպիտ է, բայց պիտի ասեմ, որ շունը կծան չէ ու չես վախենում, երբ նա հաչում է։
Նման իրավիճակ է նաև ընտրական սիստեմում։ Այն տարածքներում, որտեղ նստած է թշնամին ու հանրությունը չի սպասում, որ հենց այդ տարածքներում ՔՊ-ն ձայն կստանա, իշխանությունը ավելի շատ տոկոս է խփում։ Ու ոչ մի կառույց չի մտածում, թե ինչ եղանակով, ինչ մեթոդով, ինչ մեխանիզմով է այդ տոկոսը խփվում։ Դա համարում են բնական, օրինաչափ ու խմբովի ընտրողներին են մեղադրում։ Այն դեպքում, երբ կարող են քննարկել, թե բացի պետական լծակներից ինչ մեխանիզմով է իշխանությունը հասնում նման արդյունքի: 

Փաշինյանների ընտանիքը շարունակելու է խաղալ մարդկանց ներվերի, հույզերի հետ։ Այն, ինչ ցավ է պատճառում հանրությանը, նրանք մախաթն ավելի խորն են խրելու, ավելի են ցավացնելու։ Շունը կծան չէ, հանրությունն ընդամենը թքում, մրում, հայհոյում է ու․․․ վերջ։ Իրենք հանգիստ են՝ հաչան շունը կծան չի լինում։ Ժամանակն է, որ հանրությունը խոսքից անցնի գործի։ Եթե երկնքից ինչ որ մեկին եք սպասում, դա չի լինելու։ Ժամանակն է գիտակցելու, որ երկիր կորցնելու ժամանակ առաջնորդ չեն փնտրում։ Այլ երկրներում տեսնում եք, թե ինչպես են իշխանությանը ծնկի բերում, ինչպես է ժողովուրդը նրան պարտադրում իր պահանջը։