Խաղի կանոններ

Խաղի կանոններ

Բոլոր բանական մարդիկ նախընտրում են ապրել հստակ օրինական-իրավական երկրներում, որտեղ օրենսդրական կայուն դաշտ կա, եւ «խաղի կանոնները» մարդկանց հայտնի են: Այսինքն` մարդիկ գիտեն, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի, եւ «չի կարելիի» սահմանները հատելու դեպքում ինչ է իրենց սպասվում: Մարդիկ նաեւ ուզում են ապրել հստակ արժեհամակարգ եւ մարդկային կանոնակարգված հարաբերություններ ունեցող հասարակություններում, որտեղ քաղաքացիները գիտեն, թե որ արարքի դեպքում իրենք կարժանանան հասարակության մյուս անդամների հարգանքին կամ արհամարհանքին:

Մարդիկ նաեւ ուզում են աշխատել ու սովորել կայացած, ինքնահաստատման բոլոր փուլերն անցած մարդկանց ղեկավարության ներքո, երբ տվյալ աշխատողը գիտի ինչ սպասել իր ղեկավարից, եւ ինչ է ղեկավարը սպասում իրենից: Ինչից է նա զայրանում, ինչն է խրախուսում, ինչքանով է արդարամիտ եւ օբյեկտիվ: Երբ երկրում օրենսդրական խառնաշփոթ է, մարդկային հարաբերություններում` քաոս, երբ ղեկավարդ անկանխատեսելի է, եւ չգիտես, թե քեզ շրջապատող հանրույթն ինչպես կվերաբերվի քո այս կամ այն արարքին, ապրելը խիստ դժվարանում է:

Մարդիկ սկսում են խարխափել անորոշության մեջ, չեն իմանում, թե ինչն է լավ, ինչը` վատ, որ դեպքում իրենց կպատժեն, որ դեպքում կպարգեւատրեն: Երբ կարժանանան հանրային հիացմունքին ու հարգանքին, իսկ որ դեպքում կմերժվեն հասարակության կողմից: Իսկ եթե ղեկավարդ անկայուն, անհավասարակշիռ, էպատաժային, էմոցիոնալ անձնավորություն է, ստիպված ես անընդհատ գուշակել, թե հաջորդ անգամ նա ինչից կզայրանա` որ կախիչն ու ցնցուղը նրան հունից կհանեն, ինչ տեսարան կբեմադրի, եւ քեզ այդ տեսարանում ինչ դեր վերապահված կլինի: Եվ ամենակարեւորը` որ օրը կլինի քո պաշտոնավարման վերջին օրը, եւ դու ինչպես կավարտես քո կարիերան: