Խաղաղության պայմանագրի անբաժան մասը պետք է լինեն ԼՂ հայերի անվտանգության երաշխիքները․ Լուկաշևիչ

Խաղաղության պայմանագրի անբաժան մասը պետք է լինեն ԼՂ հայերի անվտանգության երաշխիքները․ Լուկաշևիչ

Ռուսաստանը նաև կարծում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ ավարտման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

«Մոսկվան այն կարծիքին է, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումը` ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,-հայտարարել է ռուս դիվանագետը։

Նրա կարծիքով, հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է իր մտադրությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։

«Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար»,- ասել է Լուկաշևիչը։