Հավաքվում են՝ պայքարում, սկզբում վստահ ես, որ բոլորն ազնիվ են, հետո պարզվում է, որ այդպես չէ

Հավաքվում են՝ պայքարում, սկզբում վստահ ես, որ բոլորն ազնիվ են, հետո պարզվում է, որ այդպես չէ

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որը 44-օրյա պատերազմի սարսափելի պարտությունից հետո ակտիվ հասարակական և քաղաքական գործունեություն էր ծավալում, մասնակցում բոլոր ընդդիմադիր հավաքներին և շարժումներին, նաև «Մայր Հայաստան» շարժման անդամ էր, վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է իր անդամակցությունը շարժմանը: 

Նա ֆեյսբուքյան մի գրառում էր արել ու նշել, որ շարժումից հեռանալու հիմնական պատճառն այն է, որ Անդրանիկ Թևանյանը Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո համաձայնել է համագործակցել Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի հետ: Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ սարսափելի հիասթափված է բոլորից, այն աստիճան է հիասթափված, որ չի ցանկանում լսել որևէ քաղաքական գործչի անուն: Նա կարծում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցում են և որևէ մեկը չի մտածում Հայաստանի Հանրապետության մասին, ինչպես որ չմտածեցին Արցախի մասին: Նաիրա Մելիքյանը մեզ հետ զրույցում ասում է. 

«Ինձ այլևս ոչ մի քաղաքական գործիչ չի հետաքրքրում, ոչ մի բան էլ առհասարակ չի հետաքրքրում, որովհետև ամեն ինչ անիմաստ է արդեն: Պետությունը ծախված է, ծախված են բոլոր համակարգերը` ընդդիմություն, եկեղեցի, սփյուռք: Անիմաստ է այլևս: Ես ուղիղ երեք տարի պայքարեցի: Մի տեղ ասեք, մի շարժում, որտեղ ես ներգրավված չլինեի, բայց ամեն տեղ նույն սրիկայությունն էր, նույն դավաճանությունը, նույն ծախվածությունը: Միայն իշխանատենչություն, ուրիշ ոչ մի ազնիվ նպատակ: Բոլորը միայն պաշտոնների մասին են մտածում: Ազգային կոմիտեն խայտառակություն է ուղղակի, նույն դեմքերը, նույն նպատակները: Էլի մի առողջ պայքար նրանց հաջողվեց ոչնչացնել: ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է, իսկ բոլոր նրանք, ովքեր մեղադրում են ժողովրդին, դա անում են միտումնավոր: Ժողովուրդը լավ էլ ամեն ինչ գիտակցում է և ունի իշխանություն, պարզապես չի ցանկանում մի ոհմակից անցնել մյուս ոհմակի կողմը: Ոհմակ, որը հասցրեց երկիրն այս վիճակին, իսկ այսօր հայրենասիրությունից է խոսում: Պատկերը սա է», - ասում է զոհվածի մայրը: 

Հարցին, թե ի՞նչն է Ձեզ այս աստիճան հիասթափեցրել, ի վերջո Դուք ընդդիմության հետ միասին պայքարում էիք, Նաիրա Մելիքյանն ասաց. «Առաջին հերթին ինձ հիասթափեցրեց այն, որ կար թիմ, սակայն թիմի անդամներին ոչ ոք հաշվետու չէր իր գործողությունների համար: Անգամ քննարկումներ չեղան, փորձ էր արվում միայնակ որոշումներ կայացնել, ինչն անդրադառնում էր հետագա աշխատանքի վրա: Թվում է, թե նախաձեռնող խմբի համար բոլորը հավասար են, սակայն որոշներն իրենց առաջնորդ հռչակեցին, ուրիշների ջանքերի շնորհիվ, ինչ-որ բան դարձան և հետո տարան նույն ճանապարհով, ինչպես միշտ: Ամենակարևորը` ես «Մայր Հայաստան» էի մտել, որովհետև դա անկուսակցական կառույց էր: Հայտարարված էր, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկիրը փրկել, կարող են ներառվել «Մայր Հայաստան» շարժման մեջ: Այդ առումով ես հույսով ներշնչվեցի, որ դա ազնիվ կառույց է, չկան կուսակցական խաղեր, գուցե հանրությանն էլ վստահություն ներշնչի, բայց հետո տեսանք՝ ինչ եղավ: «Ազգային կոմիտեն» հարթակ է, որտեղ բոլորը կուսակցական էին: Ինչպես տեսանք` հրապարակում միտինգի ժամանակ մենաշնորհ հաստատվեց, փողոց դուրս եկավ 15-ից 20 հազար մարդ: Մարդիկ պայքարում էին իրոք, միայն թե փրկվեն, բայց բեմ բարձրացան մարդիկ, ովքեր, տեսանք, թե ինչ արեցին: Կարճ ասած` ունենք ընդդիմություն, եկեղեցի, սփյուռք…. և նրանք բոլորն իրար արժանի են, ծայրահեղ այլանդակության հասնող, այլասերված: Նրանց հայրենիքը չի հետաքրքրում, իրենք ուղղակի ուզում են ապրել ևս մի քանի օր և իրենց համար կարևոր չէ՝ ում հաշվին, ինչ գնով, ում միջոցով: Դա ազգային ողբերգություն է: 30 տարուց ավելի այս իրավիճակն է: Քաղաքական դաշտն ամայացել է, ամենուր հաճախորդներ են ու ծախվածներ: Ընտրությունից ընտրություն ինչ-որ բեմադրություններ են անում, հերթական անգամ խաբում մարդկանց, իսկ մեր ժողովուրդն արդեն շատ վաղուց պահանջատեր չէ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ինձ համար սա ողբերգական ժամանակաշրջան է:  Ինձ համար ամենակարևորն Արցախն էր: Մենք տեսանք, թե երկու օրում 100 հազար մարդ ինչպես շատ հանգիստ թողեց իր հողը ու հեռացավ: Մի մարդու պես բոլորը լքեցին հայրենիքը, 100 հազար մարդը կարող էր դառնալ աշխարհազոր և մեկ մարդու պես պայքարեր, և եթե անգամ մեռներ, ապա իր հողում, հողի համար…. Վաղը, չգիտենք, ինչ է լինելու Հայաստանում, Հայաստանից ո՞ւր ենք քոչելու: Էլ տեղ չկա, կամ պիտի զոհվենք, կամ էլ` պիտի եվրոպաներում դառնանք վասալներ: Ես այլևս պայքարելու ոչ մի իմաստ չեմ տեսնում: Իմ երեխան երկրորդ անգամ մորթվեց, մեր բոլոր զոհերին նվիրեցին թշնամուն ու գերադասեցին ևս մի քանի օրով երկարացնել կյանքը: Արցախի անկումից հետո պայքարի ոչ մի ստիմուլ չունեմ, ինձ համար ամեն ինչ ավարտված է, իմ երեխայի զոհաբերությունը հանձնեցին թուրքին՝ առանց մեկ վայրկյան հետ նայելու», - ասաց զոհվածի մայրը: 

Գուցե Դուք` զոհվածների ծնողներդ պայքա՞ր սկսեք, ի վերջո ոչ ներկա եք, ոչ նախկին, Ձեր նկրտումներն ազնիվ են. 

«Ծնողական համայնքում մատերիս վրա կարող եմ հաշվել ծնողների, որոնք հայրենասեր են, ազնիվ ու անկախ: Քչերն են, որ խաղերից զերծ են մնացել: Լավագույն դեպքում հինգ-վեց ծնող…. Բայց, գիտե՞ք, ինչն է խնդիրը: Հայաստանում ամեն ինչ զավթված է, մեդիան ևս: Կամ իշխանության հետ են, կամ ընդդիմության, ողջ ռեսուրսն իրենց ձեռքում է: Մարդկանց շփոթեցնում են բոլոր կողմերից, ուր գնում ես՝ նույն պատի առաջ ես հայտնվում, հավաքվում են տասը հոգի, պայքարում, սկզբում դու վստահ ես, որ բոլորն ազնիվ են, հանուն մեկ նպատակի, բայց հետո պարզվում է, որ դա այդպես չէ: Ինձ մոտ տպավորություն է, որ այս ընդդիմությունն իշխանության հետ միասին ամեն գնով պահում է ստատուս քվոն, մինչև այս ամենը հասցվի իր տրամաբանական ավարտին: Հո Նիկոլի իշխանության գալը պատահական չէ՞ր, չէր կարող պետության ողջ անվտանգության համակարգը տեղյակ չլինել, թե ով է գալիս իշխանության: Ազգային ժողովում մեկ մարդու պես մանդատները վայր դնողները ևս մասնակցել են այս ամենին և մեղավոր են այս ամենի համար: Բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Սերժին մերժել են, սխալվել են, Սերժին չեն մերժել, այդ ուժերը մինչ օրս գործուն քայլեր են անում: Նրանք ասում են, որ եթե իշխանափոխություն լինի, պետք է իրենք վերադառնան, իսկ եթե չեն վերադառնում, ուրեմն կմնա իշխանության ղեկին Նիկոլը: Ես ֆինանսական միջոցներ չունեմ, որ մենակ կռիվ տամ արտաքին ու ներքին ուժերի դեմ: Այն, որ ամեն ինչ վաճառված է, ակնհայտ է: Ինչո՞ւ է լռում եկեղեցին, ես միշտ եկեղեցու կողքին եմ եղել, կարծել եմ, որ չի կարելի եկեղեցուն քննադատել, բայց այսօր հասկանում եմ, որ եկեղեցու լռությունը ևս պատահական չէ: Անհասկանալի իրավիճակում ենք հայտնվել, ու ասեմ, որ արտաքին թշնամին այդքան վտանգավոր չէ, ինչքան ներքին այլասերվածները», - խոսքը եզրափակեց Նաիրա Մելիքյանը: