Չեմ հավատում, որ 1 վարորդը օրական 40 կանչ է սպասարկում․ Թագուհի Ստեփանյան 

Չեմ հավատում, որ 1 վարորդը օրական 40 կանչ է սպասարկում․ Թագուհի Ստեփանյան 

Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները, որոնք այսօր բողոքի ակցիա և գործադուլ են անում՝ բողոքելով աշխատանքային գրաֆիկից և աշխատավարձի չափից, հայտարարել էին, թե մեկ վարորդն օրական 30-40 կանչ է սպասարկում։

Շտապօգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ, նախ, չի հավատում, թե մեկ վարորդն օրական 30-40 կանչ է սպասարկում։

«Մանավանդ` իրենց ենթակայանում, երբ ունեն 4-5 մեքենա։ 30 կանչ կարա սպասարկի կենտրոն ենթակայանի վարորդը»,-ասաց Թագուհի Ստեփանյանը։
Մեկ օրվա հերթապահության համար վարորդները ստանում են 11 հազար դրամ։ 

Վարորդները նաև դժգոհում են, որ վերևները ստանում են պարգևավճարներ, ներքևները՝ ոչ։ Շտապօգնության կայանի տնօրենն ի պատասխան ասաց, որ երբ պարգևավճար ստանում են, նրանք էլ են ստանում։ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի ժամանակ շտապօգնության համակարգի աշխատողները պարգևավճարներ ստացել են ապրիլ, մայիս, հունիս ամիսներին։ Ընդամենը 3 ամիս։

Թագուհի Ստեփանյանն ասաց, որ վարորդների հետ չի հանդիպել, և որ իրեն այս պահին ավելի մտահոգում է աշխատանքի կազմակերպումը։

«Եվ անխափան աշխատանքը, հիմա մենք ավելի շատ դրա վրա ենք աշխատում։ Հետագայում իրենք պետք է որոշեն։ Ընդհանրապես, յուրաքանչյուր վարորդ, երբ աշխատանքի է ընդունվում, պայմանագիր է ստորագրում և ծանոթանում պայմաններին։ Եվ՛ աշխատավարձի չափին, և՛ աշխատանքի ծանրաբեռնվածությանը։ Եվ, առհասարակ, շտապօգնությունն այն օղակն է, որ պետք է պատրաստ լինի արտակարգ իրավիճակների։ Եվ ես գտնում եմ, որ նման հիմնարկում ուլտիմատումներով ճիշտ չէ խոսելը»,-ասաց շտապօգնության կայանի տնօրենը: