Իրենց պարագայում սա շատ նորմալ ընտրություն է

Իրենց պարագայում սա շատ նորմալ ընտրություն է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը:

- Տիկին Կյուրեղյան, երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ընտրվել են կուսակցության փոխնախագահները: Նրանք են` ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած, մարդ ծեծող Վահագն Ալեքսանյանն ու ՀՀԿ-ից ճամբարափոխ եղած Գևորգ Պապոյանն են: Այս պատկերն ինչի՞ մասին է վկայում` Ձեր կարծիքով:

- Իսկ ի՞նչ պետք է լիներ: Նմանը նմանին է ուզում…. բնականաբար այդպես էլ պետք է լիներ, մտածում եք, թե ՔՊ-ի վարչության կազմը պետք է հիացնե՞ր հասարակությանը, ոչ: Իրենց պարագայում սա շատ նորմալ ընտրություն է: Զարմանալի կլիներ, երբ գործեր նորմալ, տրամաբանությանն ու մարդկային բանականությանը մոտ իշխանություն, սակայն տրամաբանությունն ու ՔՊ-ն իրարից շատ հեռու են: Այնպես որ իրենց տրամաբանությամբ սա նորմալ է: Ինչպիսին վարչության նախագահն է, այդպիսին էլ իր տեղակալներն են: Խելացի, հայրենասեր վարչության նախագահ տեսնո՞ւմ եք, որ նորմալ տեղակալներ էլ ընտրվեին: Ես չեմ զարմանում, զարմանում եմ, որ շատերը զարմանում են…. ՔՊ-ի վարչությունը սա պետք է լիներ, բա ինչի՞ համար էին իրենց ընտրակեղծարարությունները, որպեսզի կարողանային նման տեղակալներ ընտրել և իրենց համար ամեն բան ավելի հեշտ լինի: Ողբամ ՔՊ-ականների համար: Նիկոլին ո՞վ պետք է տեղակալ լիներ, եթե ոչ Վահագն Ալեքսանյանը:

- Բայց նույն ՔՊ-ականների շարքերում կան համեմատության մեջ ավելի ներկայանալի պատգամավորներ, որոնք ի վերջո կանգնած են կուսակցության հիմնադրման ակունքներում…. գոնե կրթված են:

- Ինչո՞ւ, Նիկոլը կրությունը ունի՞, որ իր տեղակալներն ունենան….

- Իշխանականները հրճվում են, նշելով, թե «Հայաստան» դաշինքը փլուզվում է: Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ դաշինքը փլուզվում է:

- Դա ընդամենն իրենց ցանկությունն է: «Հայաստան» դաշինքն ամուր եղել է, ամուր էլ կմնա այնքան ժամանակ, մինչև իր առջև դրած խնդիրը կլուծի` կազատվենք այս խեղկատակ իշխանություններից:

- Ձեր գործընկերներից մի քանիսը` Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, վայր դրեցին իրենց մանդատները: Ի՞նչ է սա նշանակում:

- Դա բոլորովին չի նշանակում, որ «Հայաստան» դաշինքը փլուզվել, կամ փլուզվում է: Վայր դրած պատգամավորներներն էլ հայտարարել են ի լուր աշխարհի, որ իրենց տեսակետն իշխանություններին հեռացնելու հարցում` անփոփոխ է: Գուցե կան մարտավարական խնդիրներ, սակայն Ձեր կողմից թվարկված պատգամավորները չեն փոխել իրենց կարծիքն իշխանություններից ազատվելու հարցում: Նրանք նույն նպատակն ունեն այսօր, ինչ ունեին դաշինքի կազմ մտնելուց առաջ: Այնպես որ պետք չէ սխալ ենթադրություններ անել: Այս իշխանությունները կորչելու են, իսկ «Հայաստան» դաշինքը երբեք չի փլուզվելու:

- Փորձը ցույց է տալիս, որ բոլոր ժամանակների դաշինքերը երկար կյանք չեն ունենում և ի վերջո փլուզվում են….

- Այս իշխանությունները հեռանալու են և մեր երկիրը կարողանալու ենք փրկել: Դրանում կարող եք համոզված լինել: Դաշինքները ձևավորվում են կոնկրետ խնդիրների շուրջ: Գաղափարախոսությունը կարող է լինել տարբեր, սակայն մոտեցումն ընդհանրական է: Լրիվ տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժերը չեն կարող դաշինք ձևավորել: Գուցե տարբեր են մարտավարությունները, սակայն նպատակը մեկն է` ազատվել այս իշխանություններից: Պետք է կարողանանք փրկել երկիրը սրանցից: Նրանք մեզ «հերոսաբար» տանում են կործանման:

- Նույն «Հայաստան» դաշինքում կա քոչարյանական թև, կա դաշնակցական թև և կար Վահե Հակոբյանի թևը, որը դաշինքը, կարելի է ասել, լքեց…. աա պառակտում չէ՞:

- Բոլորիս նպատակը նույնն է: Դրանք հիմնական նպատակի` իշխանություններից ազատվելու հարցում տարբեր թևեր չեն: Ունենք հստակ նպատակ բոլորս: Երկիրը պետք է այս դավաճան իշխանություններից փրկել, իսկ այդ նպատակը դեռևս չի իրագործվել:

- Նպատակն իրագործելու ի՞նչ շանսեր ունեք այսօր:

- Շանսեր կան: Երբեք իմ նպատակների իրականացման մեջ չեմ ունենում կասկածներ: Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Հայաստանը փրկվելու է ՔՊ-ից էլ ՔՊ-ական մտածողությունից: Խնդիրը միայն Նիկոլը չէ, խնդիրը երկիրը նիկոլիզմից ազատելն է: