Պետրոս ջան, էս ի՞նչ հաշիվ ա

Պետրոս ջան, էս ի՞նչ հաշիվ ա

Մենք էլ չենք լինի 20 տարեկան… Հեյ գիտի, հա՛, բա մի հնար չլինե՞ր սրանից մի 30 տարի առաջ գնալ ու ամեն ինչ սկսել նորից… Ի՛նչ օրեր էին… «Մեկ օր անց՝ սեպտեմբերի 11-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահանգով նախաձեռնվեց արտահերթ նիստ: Եգորյանին պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչեցին, մի քանի օրից ինձ ազատեցին Շիրակի փոխմարզպետի պաշտոնից: Սկսեցին քրեական գործեր թխել «Հայրենիք» պատգամավորական խմբի եւ նրանց շրջապատի նկատմամբ»: Ո՞ւմ խոսքերն են սրանք: Դուք միանգամայն իրավացի եք, սա մի հատված է «Հայկական ժամանակ» թերթում 2015 թվականին հրապարակված հոդվածից, որի հեղինակը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Շիրակի նախկին փոխմարզպետ Պետրոս Մակեյանն է:

Իսկ հիմա Մակեյանին միառժամանակ հանգիստ թողնենք եւ հասնենք 2015 թվական: Եթե չլիներ Հայոց ցողասպանության 100-ամյակը, 2015 թվականը կարելի էր հանգիստ խղճով հայտարարել «քաղաքական շուլլերիզմի տարի»: Հենց այդ թվականին Սերժ Սարգսյանը փոխեց իր ընդդիմության լիդերին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն հրապարակ բերելով Նիկոլ Փաշինյանին: Առաջինն այդ մասին գլխի ընկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նույն թվականի իր միտինգներից մեկում բացահայտեց Սերժ Սարգսյանի «կոդերը»: Հիշում եք, չէ՞. «Դավալուից ցախավելը հեծած կգան, կգրավեն Ազատության հրապարակը, կհռչակվեն ընդդիմություն եւ կքայլեն դեպի Բաղրամյան 26: Այդ ընթացքում նրանց ոչ ոք չի խանգարի եւ, դեռ ավելին, կաջակցեն, որ նրանց հանրահավաքներն ու երթերը լինեն բազմամարդ»: Տեր-Պետրոսյանի այս խոսքերն իրականություն դարձան 2018 թվականին: Մի փոքրիկ նյուանս միայն իր տեղում չէր՝ Դավալուի ներկայացուցիչը, որ կարելի է ասել՝ թեթեւակի խրտնել էր թավշյա հեղափոխության կրիտիկական զանգվածից: 2015 թվականին Նիկոլ Փաշինյանի դեմարշը ՀԱԿ-ի նկատմամբ այլեւս գաղտնիք չէր: Նա թողել էր «հարազատ» խմբակցությունն ու իր քաղաքական ուժն էր ձեւավորում, որը Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ՀԱԿ-ին պետք է փոխարիներ ԱԺ-ում:

Ահա եւ հասկացանք, թե ինչու է «Հայկական ժամանակ» թերթը 2015 թվականին տպագրում Պետրոս Մակեյանի՝ «Էդվարդ Եգորյանը մեծ խարդավանքների թիրախում» հակալեւոնական հոդվածը: Այն, ըստ էության, լրացումն էր նույն 2015-ին «Հայկական ժամանակ» թերթում լույս տեսած ոմն Ա. Սմբատյանի « Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածի: Մակեյանը հարկ է համարել ամենայն մանրամասնությամբ նկարագրել Տեր-Պետրոսյանի եւ Գերագույն խորհրդի ՀՀՇ ֆրակցիայի ղեկավար, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Եգորյանի «դժնդակ» հարաբերությունները: Եվ ծնվում է մեր առաջին հարցը՝ ինչո՞ւ Մակեյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանին եւ «Հայկական ժամանակ» թերթը, որտեղ էլ հրապարակեց իր «հակալեւոնական» հոդվածը: Ի՞նչ կապ կարող էր լինել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության, Էդվարդ Եգորյանի եւ «Հայկական ժամանակ» թերթի միջեւ 2015 թվականին:

Խոսակցություններ կան, թե, իբր, նշված անձանց եւ թերթի կապը ֆինանսական բնույթի է, ի մասնավորի՝ փայատիրական, որը գալիս է հին՝ եգորյանական շրջանի «Հայկական ժամանակի» օրերից: Կոնկրետ չափաբաժինների մասին չի խոսվում, բայց Մակեյանի սիրուց առ Նիկոլի թերթ, երեւում է, որ փոքր բաժնի մասին չէ խոսքը: Ո՞վ պետք է հաստատի կամ հերքի այս խոսակցությունները:

2015-ին «Հայկական ժամանակում» Մակեյանի «հակալեւոնական» հոդվածի հրապարակումից անցել է ուղիղ 5 տարի: Շատ ջրեր են հոսել: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, դավալեցի Արամն ու Նիկոլը «եռյակ» են կազմել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում (Աստված նրանց «եռյակի» վերջը բարի անի), իսկ Մակեյանը, որին 2018 թվականից տեսնում էինք քայլողների մեջ, մնացել է խաղից դուրս եւ արդեն հականիկոլական հոդվածներ է գրում, որոնք, սակայն, «Հայկական ժամանակն» այլեւս չի տպագրում: Այստեղ էլ ծնվում է մեր հաջորդ հարցը՝ բա ասում էիք ֆինանսական կապ, փայաբաժին… Ինչպե՞ս կարող է թերթը չհրապարակել իր սեփականատերերից մեկի հոդվածը, եւ կամ ինչպե՞ս կարող է թերթ հրապարակող փայատերը թերթի տիրոջ վարած քաղաքականությունը քննադատել, վիրավորել վերջինիս սրտի օլիգարխներին եւ այլն: Չլինի՞ Նիկոլը (կամ Աննան) «քցել» են Մակեյանին՝ փայաբաժինը ձեռքից վերցրել: Չգիտեմ, եղբայր, չգիտեմ, խառը ժամանակներ են: Թումանյանն ասում էր՝ բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես… Թե՞ հակառակը՝ աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես: Ինչ որ է, տարբերությունը մեծ չէ, իսկ ժամանակների խառնակության աստիճանն էլ դրանից չի նվազում: