Ստրկամիտ դիմելաձեւը

Ստրկամիտ դիմելաձեւը

Հուլիսի 14-ի ՀՀ կառավարության հերթական նիստը հետաքրքիր չէր ճիշտ այնպես, ինչպես մնացած նիստերը: Չնայած, ի տարբերություն նախորդների, Փաշինյան Նիկոլի խոսքն արտասանության առումով հստակ է և պարզորոշ: Սակայն, կրկին ի տարբերություն նախորդներից Կարեն Կարապետյանի, խոսքի բովանդակությունը ճապաղ է և ձանձրալի: Քանի որ դրանում գերակշռում է ոչ թե տեղեկատվական բաղադրիչը, այլ գովազդային հենքը: Հանուն ինքնագովազդի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ երևույթի մասին խոսում է 20-30 րոպե: Եվ դա այն դեպքում, երբ հարցը կարող էր ներկայացվել ընդամենը 5 կամ առավելագույնը 10 րոպեում: Եվ կառավարության շաբաթական նիստը կտևեր ոչ թե ժամ, ժամ ու կես, այլ դրա կիսով չափ: Բայց եթե հաշվի առնենք, որ խիստ «գերզբաղված» նախարարներն ու այլ ղեկավարները շաբաթը գոնե մեկ անգամ կտրվում են իրենց գործերից, հանգստանում այդ նիստերի ընթացքում, ապա, ինչպես ասվում է, ժամ ու կես տևող նիստն էլ «օքեյ» է: Եվ այդ դեպքում՝ նրանց տեսակետից հարցը դիտարկելու դեպքում, որքան ավելի ժամանակատար, այնքան ավելի օգտավետ:

Որքան հիշում եմ, Կարեն Կարապետյանի օրոք նիստերը արդյունավետ էին բովանդակային և օպտիմալ՝ տևողության առումներով: Հիշում եմ նաև, որ մեկ ու կես տարում վարչապետ Կարապետյանը ներկայացրել էր ավելի քան 300 խնդիր, որ պետք է լուծվեր այս կամ այն գերատեսչության կողմից: Եվ այդ խնդիրների մեծ մասն ընթացքում լուծվել էր և կամ գտնվում էր լուծման փուլում: Իսկ խնդիրներն, իրոք, ծանրակշիռ էին և զերծ պոպուլիստական ու ինքնագովազդի նշույլներից: Ասեմ նաև, որ 2018-ի մայիսից հետո շուրջ կես տարի փորձեցի թե՛ պաշտոնական ալիքներով և թե՛ ծանոթների միջոցով Նիկոլին հասցնել իր նախորդի օրոք բարձրացված խնդիրների կարևորությունը, սակայն մատնվեցի անհաջողության: Դրանից հետո հասկացա, որ մեր ուսերի վրայով իշխանության գալով՝ Նիկոլը պատրաստվում էր ոչ թե լուծում գտնել առկա բազմաթիվ խնդիրների առումով, այլ նախորդների և հատկապես Կարեն Կարապետյանի ջանքերի արդյունքները զրոյացնել, քանդել-ավերել ամեն ինչ: Այն, ինչ ասվում էր ինձ գործընկերներիցս մեկի կողմից, և ինչը ընդունելի լինել չէր կարող: Որովհետև քանդելուց հետո պետք էր կարողություն նորն ու ավելի լավը սարքելու համար: Այնինչ, հենց դա է բացակայում գործող իշխանության ներկայացուցիչների շրջանում:    

Անցնենք մեկ այլ հարցի, որ ես անընդհատ փորձում եմ մտցնել Փաշինյան Նիկոլի և նրա «ուսապարկային» կամակատարների ուղեղը: Փորձում եմ ավելի քան 4 տարի և առանց որևէ հաջողության: Խոսքը «մեծարգո վարչապետ» դիմաձևի մասին է: Թե՛ «Հրապարակի» էջերում և թե՛ սոցցանցերում փորձել եմ դրանց հասկացնել, որ այդ դիմելաձևը հատուկ է ասիական բռնապետական համակարգերին: Կամ անմակարդակ «գեղցիական» խոսակցություններին: Այն իր մեջ պարունակում է ստրկամիտ մտածողության տարրեր, և, բնականաբար, չի կարող հարիր լինել քրիստոնեական քաղաքակրթությանը պատկաող և առավել ևս, այսպես կոչված, ժողովրդավարական պետությունում: Իսկ երբ դրան միացվում է «պարոն վարչապետ» դիմելաձևը, ապա քիչ է մնում «մեծարգո պարոն վարչապետ» դիմելաձևն օգտագործող բարձրաստիճան պաշտոնյաներին (տվյալ դեպքում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին) ուղարկես մանկապարտեզ կամ հիմնական դպրոցի տարրական դասարաններ: Եվ դասիարակչուհուն և կամ ուսուցչուհուն պատվիրես սաների ուղեղը մտցնել, որ հայերենում վաղուց ի վեր օգտագործվում է կա՛մ «մեծարգո և կա՛մ «պարոն/տիկին», բայց ոչ միասնական «մեծարգո պարոն վարչապետ» դիմելաձևը: