Դեպի Եվրոպա չվերթները սարսափելի թանկացել են

Դեպի Եվրոպա չվերթները սարսափելի թանկացել են

Արձակուրդային սեզոնն է, եւ մարդիկ մտածում են՝ ուր գնան հանգստանալու։ Մի մասը հանգիստը որոշել է անցկացնել Հայաստանի բնության գրկում, Սեւանի ափին կամ Ծաղկաձորում։ Չնայած այս հանգիստը պակաս թանկ չէ, քան արտերկրում հանգստանալը։ Իսկ ոմանք մեկնում են արտերկիր՝ ծովափ կամ եվրոպական երկրներ։ Այստեղ էլ լիքը դժվարություններ կան։ Եգիպտոս մեկնողներին վախեցրել են այս երկրի լողափերին հայտնված շնաձկները, եւ հոսքը պակասել է։ Իսկ եվրոպական երկրներ մեկնողները չեն կարողանում մուտքի վիզաներ ստանալ։ Վիզա ունեցողներն էլ բախվում են անասելի թանկ գներին։ Հատկապես թանկացել են ինքնաթիռների տոմսերը, որոնք իրենց պատմական մաքսիմումին են հասել։ Ի դեպ, եվրոն էլ իր պատմական մինիմումին է հասել՝ հավասարվելով ամերիկյան դոլարին։ Ինչը նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ամենից շատ հարվածել է Եվրոպային՝ թանկացումներ եւ եվրոյի արժեզրկում առաջացնելով։

Մենք փորձեցինք զբոսաշրջային ընկերություններից պարզել, թե որ երկրներ են այս տարի մեկնում հանգստացողները, ինչ ուղղություններն են ավելի մոդայիկ, եւ ինչ գներ են այս պահին գործում։
«Աէրոմիքս տուր» ընկերության տնօրեն Թամարա Սարգսյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ երկրներ են հիմնականում մեկնում Հայաստանից կամ որ երկրներից են գալիս Հայաստան, ասաց․ «Հայաստանից հիմա ավելի շատ մեկնում են Եգիպտոս, Թունիս, քանի որ բյուջետային է՝ մատչելի է։ Ունենք ավելի հետաքրքիր տարբերակներ՝ ծովային ճանապարհորդություն, բայց դա մի փոքր ավելի թանկ է, եւ վիզայի հետ կապված  խնդիրներ են առաջանում։ Մեր ընկերությունը Վրաստանով չի զբաղվում, չնայած այդ ուղղությունն ակտուալ է եւ բյուջետային է համարվում»։

Իսկ Covid 19-ով պայմանավորված սահմանափակումներ կա՞ն, չվերթների քանակը՝ դեպի տարբեր երկրներ, ավելացել եւ հավասարվել է նախաքովիդային շրջանի՞ն։ «Անցյալ տարի էր մի փոքր պասիվ, բայց քանի որ հիմա շատ երկրներ հանել են վակցինացիայի պահանջը, եւ միայն թեստով գնալը հեշտ է, ուստի չվերթները չեն  կրճատվել։ Այս տարի տոմսերի արժեքն անհամեմատ բարձր է եղել, ես մեկնաբանում եմ հետեւյալ կերպ՝ Եվրոպայի տոմսերն ավելի թանկ են, որովհետեւ Ռուսաստանը եւ Ուկրաինան փակ են, հիմնականում դրանով է պայմանավորված։ Վերջին 6-7 տարվա մեջ այսքան թանկ չեն եղել Եվրոպայի տոմսերը, միշտ Մոսկվայով գնալը մատչելի է եղել»։ Այսինքն, տրանզիտով՝ Մոսկվայով տարբեր երկրներ մեկնելու հնարավորությունը փակվել է, իսկ Եվրոպայի հետ ուղիղ չվերթները սակավաթիվ են, դրանով են պայմանավորված բարձր գները։
Եգիպտոսի լողափին վերջին շրջանում շնաձկների երեւան գալու վերաբերյալ լուրերն ինչպիսի՞ ազդեցություն ունեցան Հայաստանից Եգիպտոս կատարվող թռիչքների եւ ծովափնյա հանգստի մեկնողների վրա։ «Ընդամենը 2-3 օր տեւեց այդ խուճապը, մի քանի հյուրանոցներ իրենց ափը փակեցին, հետո բացեցին, կարելի է ասել՝ գրեթե չազդեց»։ Ի՞նչ նոր ուղղություններ ունեք հիմա, նոր առաջարկներ կա՞ն։

«Հիմա, բացի ավանդական ուղղություններից, առաջարկում ենք 7 օրով ծովային ճանապարհորդություն, մեկ այցով հնարավորություն ունես լինելու եվրոպական  մի շարք երկրներում»։ Ի՞նչ գների սահմաններում են տատանվում այդ տուրերը։ «Դեպի Եվրոպա սարսափելի թանկ է, իսկ, օրինակ, Հունաստան գնալ-գալու տոմսը 800-900 եվրո է։ Էսպիսի բան չի եղել, նույնը կասեմ Իսպանիայի մասին»,- ասաց Թամարա Սարգսյանը։

Մարինե Դվոյան