AUA-ի «շրջանաձեւ տնտեսությունն» ու մնացյալ մտքի «գոհարները»

AUA-ի «շրջանաձեւ տնտեսությունն» ու մնացյալ մտքի «գոհարները»

Ցանկացած տարվա հունիս ամսին ուրիշ ինչ քաղաքական, հասարակական, սոցիալական, մշակութային իրադարձություններ էլ լինեն, միեւնույն է` գլխավոր, գերիշխող եւ հասարակության մեծ մասի համար անմիջական նշանակություն ունեցող իրարանցումը ծավալվում է կրթության ոլորտում: Այն պարզ պատճառով, որ, որպես կանոն, հունիսին են նշանակվում դպրոցականների ավարտական քննությունները եւ գրեթե զուգահեռ ընթանում են բուհերի ընդունելության քննությունները:

Եթե հաշվենք, թե տարեկան քանի տասնյակ հազար երեխա է դպրոց ավարտում, քանի տասնյակ հազարն էլ բուհ ընդունվելու համար է դիմում, պարզ է` ոչ մի այլ իրադարձություն իր մասշտաբով եւ ընդգրկմամբ հունիսյան քննական մարաթոնի հետ չի մրցի: Այս տարի, որքան գիտեմ, քննական գրաֆիկը նույնիսկ ավելի է խտացվել` թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերում առկա ուսուցման բոլոր ընդունելության քննությունները կազմակերպվում են Գիտելիքների թեստավորման կենտրոնի կողմից` նույն օրերին, նույն քննական ծրագրերով եւ, գլխավորը` հունիս ամսին: 
Չգիտեմ՝ արդյո՞ք ԳԹԿ-ն է ընդունելության քննությունները կազմակերպում նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA), քանի որ AUA-ում, կարծեմ, բակալավրիատի ընդունելության համար TOEFL, SAT, մագիստրատուրայի համար էլ GRE, GMAT են հանձնում: Այդուհանդերձ, եթե AUA-ը մաս է կազմում Հայաստանի կրթական համակարգին, եւ այդտեղ տրվող կրթության մակարդակի համար Հայաստանի Հանրապետությունը որեւէ պատասխանատվություն է կրում, թող այս հրապարակումը ԿԳՄՍՆ-ում որպես ահազանգ ընդունեն եւ միջոցներ ձեռնարկեն այն աղաղակող անգրագիտության վիճակը շտկելու համար, որ տիրում է այդ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում` նվազագույնը ադեկվատ արտահայտվելու անկարողության եւ հայոց լեզվին բացարձակապես չտիրապետելու առումով:

Որքան հասկանում եմ՝ այս տարի, երեւի տարեսկզբին ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերթական մասնագիտությունն է հավատարմագրել, որը կարող է ուսուցանվել AUA-ում բակալավրիատի մակարդակում: Մասնագիտությունն անգլերեն կոչվում է Environmen-tal & Sustainability Sciences: Անգլերեն էլ առանձնապես իմաստալից անվանում չէ, բայց հայերեն թարգմանելիս կատարյալ անիմաստության են հասել. թարգմանել են «Շրջակա միջավայրի եւ կայունության գիտություններ»: Եթե AUA-ի` պրոֆեսորի կոչում կրողներն ու վարչական ղեկավարությունը կա՛մ անգլերենից, կա՛մ հայերենից պատշաճ գրագիտության մակարդակ ունենային, ապա կընկալեին, որ «կայունության գիտություն» չի լինում: 

Հայոց լեզուն մի քանի հազար, նվազագույնը` 4-5 հազար տարվա պատմություն ունի, եւ այն չի հանդուրժում իմաստազուրկ հնչյունակույտեր կամ բառակույտեր, դա Face-book-ի կամ Tiktok-ի լեզու չէ, որ ով ինչ իմաստազուրկ ձայնարկություն կարող է` արձակի: Ի՞նչ ասել է «կայունության գիտություն», ինչի՞ կայունության. AUA-ի պրոֆեսորների ու ռեկտորատի անգրագիտությա՞ն… Խոսքն այս պարագայում թերեւս կենսապահպանության մասին է: Այսինքն՝ BSESS ծրագրի անվանումը հայերեն կարող էր հնչել, օրինակ` Բնապահպանության եւ կենսապահպանության գիտություններ, որպեսզի քիչ թե շատ իմաստ ունենար:

Environmental and Sustainability Sciences մասնագիտության անվանումը հայերեն ձախավեր թարգմանելուց հետո AUA-ում այնուհետ հայոց լեզվով մի մամուլի հաղորդագրություն էին կազմել եւ տարածել հայաստանյան լրատվամիջոցներին, որով տեղեկացվում էր, որ նման կրթական ծրագիր է մեկնարկում AUA-ում, ծրագիրն էր փոքր-ինչ ներկայացվում եւ կոչ էր արվում շրջանավարտներին՝ դիմել այդ ծրագրին: 

Նշյալ հայտարարության տեքստին ես պատահմամբ հանդիպեցի հայաստանյան կայքերից մեկում եւ պահեցի` որպես անգրագիտության բացառիկ նմուշ: Շատերը կհիշեն տարիներ առաջ ՀՀ նախարարություններից մեկի մասին հյուսված անեկդոտը, թե փաստաթղթերում окружающяя среда-ն թարգմանել են «շրջապատող չորեքշաբթի» կամ Выбор за тобой ՀԿ-ի անվանումը` «Ընտրությունը քո հետեւից» ՀԿ: Հավատացեք, բոլոր նման` հիշողությունից չջնջվող անեկդոտները խամրում են անգրագիտության այն գոհարների մոտ, որ AUA-ից էին շաղ տվել իրենց «Շրջակա միջավայրի եւ կայունության գիտություններ» ծրագրի մասին մամլո հաղորդագրությունում: 

Դրա համար էլ այդ մամլո հաղորդագրությունը պահեցի, եւ հիմա, երբ բոլորը զբաղված են բուհերով, մասնագիտություններով եւ քննություններով, տպագրում եմ այս պամֆլետը, որպեսզի AUA-ից հեռու դիմորդներն ընթերցեն ու լարվածությունը թոթափելով՝ մի քիչ զվարճանան, AUA-ում իրենց կողքից դիտեն եւ ընկալեն, թե որքան անպատասխանատու են ու գրագիտությունից հեռու, եւ, վերջապես, ԿԳՄՍՆ-ից էլ միջամտեն ու պարտադրեն՝ պատշաճ հայերեն ուսանել եւ գործածել այդ` հայաստանյան համարվող բուհում:
Հայտարարության տեքստը մոտ էջեւկես ծավալ ուներ, եւ այդ ամբողջ ծավալում հազիվ երկու նախադասություն գտնվեց, որոնցում ճչացող սխալ չկար: Մնացյալը «գրագիտության» գլուխգործոցներ էին, որ մեկառմեկ ստորեւ ներկայացնում ենք.

Նախադասություն 1. «Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ագեան բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետը հայտարարում է նոր՝ «Շրջակա միջավայրի եւ կայունության գիտությունների» (BSESS) բակալավրի ծրագրի մեկնարկը»: Ոչ թե «Ագեան բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետ», այլ Զավեն եւ Սոնյա Ագյանների անվան Բնագիտության եւ ճարտարագիտության քոլեջ, քանի որ անգլերեն անվանումն է Zaven & Sonia Akian College of Science and Engineering: Այնուհետ` ոչ թե «Շրջակա միջավայրի եւ կայունության գիտություններ», այլ` Բնապահպանության եւ կենսապահպանության գիտություններ: 

Նախադասություն 3. «Ծրագիրը նախագծված է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բնապահպանության եւ կայունության մարտահրավերներով»: Հայերեն նախադասությունը կհնչի. «Ծրագիրը նախատեսված է բնապահպանության եւ կենսապահպանության խնդիրներով հետաքրքրվող դիմորդների համար» (ծրագրին դիմում են դիմորդները, ոչ թե ուսանողները): 

Նախադասություն 4. «BSESS-ը ներառում է դասընթացներ եւ գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում ուսանողները կուսումնասիրեն մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»: Ոչ թե «մարդու ազդեցությունը», այլ` «մարդկային գործոնի ազդեցությունը»:

Նախադասություն 5. «Ծրագիրը նաեւ կանդրադառնա քաղաքային միջավայրի կայունության խնդիրներին՝ ուսումնասիրելով շարժունակության եւ էներգիայի լուծումները, օդի բարձր որակի ապահովումը, ջրօգտագործումը, թափոնների կառավարումը, շրջանաձեւ տնտեսությունը, աղետներին դիմակայելու խնդիրները եւ այլ թեմաներ»:
Թե ինչ են, թող ներվի ասել, ցնդաբանել այս անհոդաբաշխ նախադասությամբ, բացարձակապես հնարավոր չէ հասկանալ: Կարելի է միայն ենթադրել, որ, դիցուք, «քաղաքային միջավայրի կայունության խնդիրներ» ասվածը վերաբերում է քաղաքային կենսապայմանների առաջացրած խնդիրներին, «շարժունակության եւ էներգիայի լուծումներ» անհոդաբաշխ բառակապակցության իմաստը «տրանսպորտային հաղորդակցության եւ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում է», «օդի բարձր որակի ապահովում» ասելով նկատի են ունեցել մթնոլորտի մաքրությանը հետեւելը, «թափոնների կառավարում» ասվածը թափոնների հեռացումը եւ վերաօգտագործումն է, վերջապես՝ «շրջանաձեւ տնտեսությունը» թարգմանական գոհարն անգլերեն circular economy արտահայտությունը հայերեն Google-ելու արդյունք է (այդտեղ «թարգմանել» բառը հնարավոր չէ օգտագործել): AUA-ի հայտարարության տեքստը գրողները, խմբագրողները եւ տարածողները կարծել են` եթե circular-ը նշանակում է շրջանաձեւ, ուրեմն circular economy-ն կլինի «շրջանաձեւ տնտեսություն»: Այդպես մտածել ու գրելու համար բավական չէ կատարյալ անգրագիտություն ունենալ, դրա համար հարկավոր է նաեւ կատարյալ բթամտություն: Ի՞նչ է նշանակում circular economy. դա նշանակում է հիմնականում քաղաքային տնտեսության մի մոդել, որի ժամանակ մի օղակի կենսագործունեության արդյունքում առաջացող թափոնները առաջանալուն զուգահեռ վերամշակվում եւ որպես հումք կամ օժանդակ նյութ օգտագործվում են մեկ այլ օղակում: Խոսքը, այդպիսով, վերարտադրողական տնտեսության կամ ինքնավերարտադրվող տնտեսության մասին է: 

Նախադասություն 6. «Ծրագիրը ուսանողներին կտա գիտելիքներ եւ գործիքներ՝ շրջակա միջավայրին եւ կայունությանը առնչվող մարտահրավերները տեղական, ազգային, ինչպես նաեւ գլոբալ մակարդակներում հաջողությամբ հաղթահարելու համար»։ Ոչ թե «գիտելիքներ եւ գործիքներ», այլ` գիտելիքներ եւ հմտություններ, ոչ թե «շրջակա միջավայրին եւ կայունությանը առնչվող մարտահրավերներ», այլ` բնապահպանության եւ կենսապահպանություն ոլորտի խնդիրներ: 

Նախադասություն 7. «Այս ծրագիրը ընդլայնում է մեր ֆակուլտետի առաջարկած բակալավրի հնարավորությունները բնական, գիտատեղեկատվական եւ հասարակական գիտությունների ուղղությամբ: Սա տեղին եւ կարեւոր լրացում է ՀԱՀ-ում գիտական կրթության մեջ»,- նշում է Ագեան բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան՝ դոկտոր Արամ Հաջյանը:

Այսքա՜ն անգրագետ… Նույնիսկ բյուջեին «բուջե» ասող՝ «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանը երեւի չկարողանար այդպես միտք աղավաղել: Այս պրն Հաջյանը, վստահորեն, մրցում է լեզվի ապականման մերօրյա գիսաստղ Տիգրան Արզաքանցյանի հետ: Ի՞նչ է նշանակում՝ «ծրագիրը ընդլայնում է մեր ֆակուլտետի առաջարկած բակալավրի հնարավորությունները»… բակալավրի ի՞նչ հնարավորություններ` մտավո՞ր, թե՞ ֆիզիկական… Որեւէ կրթօջախ կամ քոլեջ կարող է բակալավրային կրթության կամ ուսումնառության սահմաններ միայն ընդլայնել, ուրիշ ոչինչ: Ինչպե՞ս չասես, պրն Հաջյա՛ն եւ մնացյալներ, մինչեւ այլոց հնարավորություններ ընդլայնելը, նախ հոդաբաշխ արտահայտվելու սեփական կարողությունները փոքր-ինչ զարգացրեք, ի սեր Աստծո: Այնուհետեւ, ոչ թե «Սա տեղին եւ կարեւոր լրացում է ՀԱՀ-ում գիտական կրթության մեջ», այլ` Սա անհրաժեշտ եւ կարեւոր լրացում է ՀԱՀ-ի գիտական եւ կրթական ծրագրերի շարքում: 

Նախադասություն 8. «Լինելով միջառարկայական ծրագիր, BSESS-ի դասընթացները կընդգրկեն բնական գիտությունների (կենսաբանություն, քիմիա եւ աշխարհագրություն), տարածական գիտությունների (աշխարհագրություն, ԱՏՀ եւ հեռահար զոնդավորում) եւ սոցիալական գիտությունների (քաղաքականության պլանավորում եւ կառավարում) ոլորտները»։ 

Թվարկված ոլորտները հնարավոր չէ որեւէ դասընթացում ընդգրկել, հնարավոր է միայն այդ ոլորտներից համակցված գիտելիքներ մի դասընթացով (տվյալ դեպքում՝ BSESS) ուսուցանել: Եվ հետո. ի՞նչ ասել է «տարածական գիտություններ»… հայոց լեզվում նման հասկացություն չկա: Զոնդավորումը երբվանի՞ց է գիտություն, եւ ինչի՞ զոնդավորման մասին է խոսքը… (այլ հարց, որ այսպիսի տեքստ գրողի գլուխն ավելորդ չէր լինի բժշկական զոնդավորման ենթարկել): 

Շարունակելի