«Հրապարակ»․ Եթե այդ նախաձեռնության հիմքում իմ ասած սկզբունքներն են` դրական եմ վերաբերվում

«Հրապարակ»․ Եթե այդ նախաձեռնության հիմքում իմ ասած սկզբունքներն են` դրական եմ վերաբերվում

Երեկ «Հայաքվե» շարժման նախաձեռնող խումբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնեց անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ու որոշում կայացնի։ Շարժման էությունը, հիշեցնենք, Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելն ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելն է։ Շարժումը նախ պետք է 50 հազար ստորագրություն հավաքի, որից հետո օրենսդրական նախաձեռնությունը կմտնի ԱԺ։ Ազգային ժողովն այն պարտավոր է քննարկել մեկ նստաշրջանի ընթացքում, եթե ԱԺ-ն մեկ նստաշրջանի ընթացքում այն չի քննարկում կամ մերժում է, ապա նախաձեռնությունը պետք է հավաքի 300 հազար ստորագրություն, որից հետո օրենսդրական նախաձեռնությունը կդրվի համապետական հանրաքվեի։
«Հայաքվե» նախաձեռնության համակարգողներն ու նախաձեռնող խմբի անդամներն են փաստաբան Արամ Օրբելյանը, քաղաքական գործիչներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը եւ այլք։ Շարժման քննարկումներին ակտիվորեն մասնակցում են նաեւ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, հանրային ճանաչում ունեցող այլ գործիչներ։ Սակայն կան նաեւ թերահավատներ, բացասական վերաբերմունք, եւ դա միայն իշխանական շրջանակներից չէ, այլ նաեւ որոշ ընդդիմադիրների կողմից:

Մենք փորձեցինք կուսակցությունների կարծիքն իմանալ այս շարժման մասին։ Հանրապետական Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում, օրինակ, ասաց, որ «Հայաքվե» նախաձեռնության մասին, որպես առանձին վերցրած շարժման, կարծիք չունի։ «Բոլոր այն շարժումներին, որոնք կօժանդակեն Հայաստանում կապիտուլյանտ իշխանության հեռացմանը, դրական եմ վերաբերվում։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, Լաչինի միջանցքի բացմանը, ազգային խնդիրներին լուծմանը օժանդակող շարժումներին դրական եմ վերաբերվում, հիմա Դուք որոշեք՝ եթե այդ շարժումն օժանդակում է, ուրեմն դրական եմ վերաբերվում, եթե չէ, ուրեմն` չէ։ Ես հատուկ առանձին կարծիք որեւէ մեկի մասին չունեմ, կրկնում եմ՝ բոլոր այն գործընթացները, բոլոր այն շարժումները, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կօժանդակեն Հայաստանում ազգային պետականության վերականգնմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, որոնք գործնականում դեմ են Նիկոլ Փաշինյանի հանցավոր քաղաքականությանը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ, ինձ համար դրական են։ Ես Ձեր ասած շարժմանը մասնավորապես որեւէ գնահատական չեմ տալիս, ես գլոբալ եմ ասում։ Հազար ու մի նախաձեռնություն կա, այդ նախաձեռնությունն էլ կա, Հրանտ Բագրատյանենց նախաձեռնությունն էլ կա, «Մայր Հայաստան» շարժում էլ կա։ Եթե այդ նախաձեռնությունների հիմքում ընկած են իմ ասած սկզբունքները, դրական եմ վերաբերվում, եթե դրանց հիմքում ընկած է այլ բան, ես այլ բանին չեմ կարող դրական վերաբերվել։ Ձեր նշած շարժմանն առանձին ոչ մեծ նշանակություն եմ տալիս, ես հավաքական նպատակներին եմ նշանակություն տալիս, իսկ այդ շարժումը կտեսնենք ինչ կլինի»,- պատասխանեց Շարմազանովը։

«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը տեղին է համարում․ «Այս շարժումը հռչակել է կոնկրետ նպատակ, այն միտված է Արցախի իրավական պաշտպանությանը: Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, ցավոք, տեղին է: Ասում եմ՝ ցավոք, քանի որ նախկինում երբեւէ մտքներովս չէր անցնի, որ կլինի այսպիսի արարքը քրեականացնելու անհրաժեշտություն: Ավելի պարզ՝ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ կլինեն ժամանակներ, երբ իշխանությունն Արցախը կհամարի Ադրբեջանինը»։ Բաբայանին հարցրինք, թե որքանով է իրատեսական համարում, որ 50 հազար, առավել եւս 300 հազար ստորագրություն հնարավոր կլինի հավաքել։ «Ես համարում եմ այն իրատեսական, քանի որ չեմ պատկերացնում մեկ հայ մարդու, ով դեմ կլինի Արցախի մաքուր եւ ազատ հայկականությանը: Հենց այս առումով էլ համարում եմ, որ իրատեսական է շատ ավելի մարդու ստորագրությամբ միացումը, քան նախատեսում է օրենքը»,- պատասխանեց Բաբայանը։

Զրուցեցինք նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ։ Մանուկյանն ասաց, որ աջակցում են շարժմանը․ «Անկասկած՝ ցանկացած, հատկապես նման շատ կարեւոր նախաձեռնությանը, ողջունում ենք, աջակցում ենք, եւ պետք է նկատի ունենալ, որ բավականին սերտ նաեւ համագործակցում ենք իրենց հետ։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդն ամբողջությամբ կմասնակցի ստորագրահավաքին, եւ ամեն ինչ պետք է անել, որ ոչ թե 300 հազար, այլ ՀՀ ամբողջ բնակչության թվով ստորագրություններ հավաքվեն, եւ ամեն ինչ պետք է անել այդ ստորագրությունները հավաքելու համար»։