Որդուս սպանության թնջուկն առաջացավ նրա օրոք, որդիներից մեկն էլ իշխանության «զոռբայությամբ» համայնքապետ ընտրվեց

Որդուս սպանության թնջուկն առաջացավ նրա  օրոք, որդիներից մեկն էլ  իշխանության «զոռբայությամբ» համայնքապետ ընտրվեց

9 տարի առաջ Գյումրիում առեղծվածային ձևով կյանքից զրկված 25-ամյա երիտասարդ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննությունն այդպես էլ  ավարտին չի հասնում : Մայրը՝ «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը, որդու սպանությունց տարիներ անց՝ այսօր էլ դեռ  դատարանների դռներն է թակում, քաշքշուկի մեջ ընկնում:

Ռուզան Ադանալյանի խոսքերով՝ որդու սպանության քրեական գործի ամբողջ թնջուկն առաջացավ ի սկզբանե, երբ գործն առաջինը քննեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանը:

«Երբ տեղեկացա, որ նրա վարույթում է քննության առնվելու որդուս սպանության գործը,սկսեցի հետաքրքրվել,թե՝ ով է, ինչացու է, և ում հետ հարցուփորձ էի անում՝ բոլորը միաբերան «արյուն էին լացում», դատախազության ստրուկ, մականունն էլ «TАПОР»: Նկատի ունենալով գործի հանցավոր նախաքննությունը՝ առավել քան պարզ դարձավ, որ այդ դատավորին հատուկ են գործը մակագրել, քանի որ նրա նմաններն են կոծկած հանցագործություններով գործերը դատարաններում վերջնականորեն «գլուխ բերում»: Ի դեպ, իմացա, որ կինն էլ աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մարմնում և նա էլ այստեղ է «լացացնում» քաղաքացիներին: Որդուս սպանության դեպքը կատարվել է 2014թվականի հոկտեմբերի 29-ին: Աշոտ Մանուկյանը քրեական գործը վարույթ է ընդունել 2015թվականի հոկտեմբերին և բացահայտ կոծկել Արտյոմի սպանության պատվիրված և խմբի կողմից կատարված լինելու փաստերը:Ի թիվս այլնի, շրջանցելով ակնհայտ կեղծ դատաբժշկական եզրակացությունները, փորձագետի հարցաքննության ընթացքում չհանդուրժելով նաև խմբակային սպանությունը հիմնավորող ապացույցները՝ ոչ համաչափ սանկացիա կիրառելով խոչընդոտել դատական նիստին իմ մասնակցությունը, չի հետազոտել քրեական գործի իրեղեն ապացույցները, այդ թվում նաև սպանության ժամանակ Արտյոմի հագին եղած հագուստները,որոնք պետք է իրականացվեին դեռևս 2015-2016 թվականների դատաքննության ընթացքում:

Իսկ 2018թվականի մարտի 20-ին հօգուտ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի՝ վճիռ է հրապարակել, նրան մեղավոր ճանաչել որդուս սպանության մեջ, դատապարտել 11-տարվա ազատազրկման, սակայն կոծկելով ամբաստանյալի կողմից Արտյոմի սպանությունը խմբի կազմում կատարած լինելու փաստերը: Մինչդեռ դատարանի վճիռը պետք է հիմնված լիներ նաև դատարանում հետազոտված իրեղեն ապացույցների վրա:

Նշեմ, որ Աշոտ Մանուկյանի վճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է՝ բավարարելով տուժող կողմիս բողոքը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության: Սակայն Աշոտ Մանուկյանի 2018թվականի մարտի 20-ի անարդար վճռի պատճառով, մինչև օրս ՝ շուրջ 9-տարի է, ինչ դատաքննությունը չի ավարտվել և ամեն անգամ անհիմն պատճառաբանություններով ձգձգում են, որտեղ իր առաջնային դերակատարությունն ունի ՀՀ գլխավոր դատախազը՝ իր հերթական կասկածելի մեղադրողներով: Ավելին, գլխավոր դատախազության պատվերով՝ ազատության մեջ է միակ ամբաստանյալը։

Ուշագրավ է, որ նոր դատաքննության ընթացքում՝ արդեն 2019թվականի հուլիս ամսին, հայտնի դարձան դատավոր Աշոտ Մանուկյանի կողմից իրեղեն ապացույցները չհետազոտելու պատճառները, որոնք ծանր հետևանքներ են թողել գործի քննության վրա:Հայտնի դարձավ նաև, որ առանձնապես ծանր հանցագործության գործով իրեղեն ապացույցների փաթեթներից գործով շահագրգիռ անձինք վերացրել են արյան հետքեր պարունակող իրեղեն ապացույցներ և հետազոտված օբյեկտներ: Ուղղորդված վկաներն այն աստիճանի էին տեղեկացված դատավորի մասին,որ հարցաքննության ժամանակ Մանուկյանին կնքեցին «Աշոտ հոպար» մականունը :

Ինչն է հետաքրքիր, որ նա այսօր գնացել է «վաստակած հանգստի»՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու: Իսկ որդիներն ու թոռներն էլ շարունակում են նորանոր պաշտոններ ստանալ , նրա որդիներից մեկն էլ՝ Զավեն Մանուկյանը, վերջերս ներկայիս իշխանության «զոռբայությամբ» Ախուրյանի համայնքապետ ընտրվեց, մամուլը բազմիցս անդրադարձավ Ախուրյանի դեպքերին, հարկ չեմ համարում ես էլ անդրադառնալ: Կարդացի նաև, որ նա մի քանի ամիս է՝ ինչ պաշտոնավարում է, կամայական որոշումներ է կայացրել, ախուրյանցիներին խառնել է իրար, մարզադպրոցն է լուծարում, անգամ դրա հետ կապված միջադեպ է գրանցվել, քաղաքացիների հետ վիճել է, տուրուդմփոց է եղել, գործ է հարուցվել ոստիկանությունում․․․»,- hraparak.am-ին պատմեց սպանված երիտասարդի մայրը՝ Ռուզան Ադանալյանը: