Քննարկվում է երեք ամիս առաջ հիվանդացածներին պատվաստման ու թեստավորման պարտադրանքից ազատելու հարցը

Քննարկվում է երեք ամիս առաջ հիվանդացածներին պատվաստման ու թեստավորման պարտադրանքից ազատելու հարցը

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է հակաքովիդային կանոնների մեղմացման գնալ: Մեր տեղեկություններով, այս պահին նախարարությունը քննարկում է, որ 3 ամիս առաջ հիվանդացածները կարող են չպատվաստվել ու ՊՇՌ թեստավորում չանցնել: 

Նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի  հետ երեկվանից կապ հաստատել չէր հաջողվում: Այնպես, որ կարծեցինք, թե նրան ազատել են աշխատանքից: Իսկ այսօր նա մեծ դժվարությամբ վերջապես պատասխանեց մեր հարցին: Նախ՝ փորձեց մեզ «ֆռռացնել», ասելով. «Նման բան չկա»: Ապա քիչ անց խոստովանեց. «Որոշում չկա: Եղել է սովորական աշխատանքային քննարկում»: 

Եթե նման բան որոշվի, ապա քաոսն ավելի է խորանալու` հիմա էլ սկսելու են տեղեկանքներ ներկայացնել հիվանդանալու մասին, ստուգողներն են խճճվելու թղթերի տարափի մեջ, նաեւ տնօրենները: Եւ եթե նման բան հնարավոր էր, կարելի էր ընդամենը մի քանի ամիս առաջ քննարկել եւ որոշել սա: Սա եւս խոսում է կառավարման ոլորտում տիրող անկազմակերպ ու թափթփված վիճակի մասին, որը տիրում է բոլոր համակարգերում, այդ թվում` առողջապահության: