«Ինչու էր բանակը 18-ամյա տղաներին «վերածում» բահով ու քարով հայրենիքի պաշտպանների»․ 2016-ին գրում էր Աննա Հակոբյանը

«Ինչու էր բանակը 18-ամյա տղաներին «վերածում» բահով ու քարով հայրենիքի պաշտպանների»․ 2016-ին գրում էր Աննա Հակոբյանը

2016 թվականի ապրիլյան պատերազմը, բազմաթիվ տարբերություններից զատ, շատ բանով նման է այսօրվա իրավիճակին։ Գոնե երկրում տիրող մթնոլորտի, տագնապի, սահմանին ուղղված մեր զգացումների ու սպասումների առումով։ Ճիշտ է՝ 2016-ին ռազմական դրություն չհայտարարվեց, եւ մամուլի նկատմամբ էլ պաշտոնապես սահմանափակումներ չդրվեցին, սակայն նորից մամուլն էր թիրախում։ Մեզ աջուձախից զգուշացնում էին՝ մի գրեք, մի տեղեկացրեք, միայն պաշտոնական լրատվություն տվեք, խուճապ մի տարածեք, ռազմաճակատ մի զանգեք ու հարցազրույցներ մի արեք եւ այլն։ Մեր գործողությունները շատ սահմանափակված էին, եւ շատ բան չէինք կարողանում գրել, բայց մամուլը, լրատվամիջոցներն այս բարդ իրավիճակում էլ շարունակում են աշխատել։ Մենք թերթեցինք այդ՝ 2016-ի մամուլը՝ փորձելով հասկանալ, թե, ասենք, ինչ է գրել այդ շրջանում Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը», որ ընդօրինակենք այդ պահվածքը եւ այսօր մեղադրանքներ չլսենք, թե՝ «այս ծանր պահին պետության դեմ եք աշխատում»։ Օգտվել ենք միայն armtimes.com կայքի նյութերից։

Ասենք, օրինակ, հայտնաբերեցինք, որ ապրիլյան պատերազմի ամենաթեժ պահին՝ ապրիլի 4-ին, «Հայկական ժամանակը» հրապարակել է «Քեթրինի Միհրանի օֆշորային կայֆավատները» վերնագրով մի հոդված։ Պատկերացրեք, եթե այսօր մենք նման հրապարակում ունենայինք, ասենք, իմքայլական Հայկ Սարգսյանի մասին, հիշեցնեինք նրա նախկին հերոսությունները։
Ապրիլի 5-ին կայքն ուղիղ հեռարձակել է զոհված զինվորի հուղարկավորության արարողությունը՝ շատ մոտ տարածությունից նկարահանելով զոհվածի մոր եւ հարազատների հուզումնալից վիճակը։ Հիմա կառավարությանն առընթեր ՊՈԱԿ-ից մեզ՝ լրատվամիջոցներիս հրահանգում են ոչ միայն հուղարկավորության արարողությունները չտալ, այլեւ զինվորների լուսանկարներ չհրապարակել կայքերում։

Իսկ ռազմական գործողություններից մի քանի օր անց «ՀԺ»-ն սկսել է հրաժարականների պահանջով հրապարակումներ անել, հատկապես՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի։

«Պատերազմը չափազանց թանկ է նստում Հայաստանի ու ԼՂՀ-ի վրա: Հայաստանի իշխանություններն իրենց չեն կաշկանդում մտածել՝ ի՞նչ հետեւանքներ ունի 18-20 տարեկան երիտասարդներին առաջնագծում պահելը՝ հետմահու նրանց հերոսությունների մասին «Օջախ» ռեստորանում խնջույքի սեղանի շուրջ պատմելով: Գենոֆոնդի, այդ երիտասարդների անձնական երջանկության իրավունքի մասին չհիշելը ոչ գրագետ եւ անհեռատես մարտավարություն է: Հատկապես եթե օրենքի ուժ ստանա ուսանողների տարկետման իրավունքի վերացումը, ու 18 տարեկան բոլոր երիտասարդները մեկնեն պարտադիր ծառայության:

Քառօրյա պատերազմից հետո հասարակության եւ քաղաքական իշխանության խզումը չափազանց ակնհայտ դարձավ»,- այդ օրերին գրել է «Հայկական ժամանակը»:

Բայց առավել ուշագրավ են Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները լրատվամիջոցին։ Օրինակ, ապրիլի 5-ին, վերադառնալով Արցախ կատարած այցից, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Աննա Հակոբյանին՝ «Պետք է ադրբեջանական քաղաք ընկնի», որտեղ բավականին ռազմաշունչ հայտարարություններ է արել․ «Այն, ինչի կարող էր վերածվել, կարծում եմ՝ արդեն վերածվել է, այսինքն՝ վերածվել է պատերազմի: Մենք սա պետք է հստակ արձանագրենք. ԼՂՀ-ն գտնվում է լիարժեք պատերազմի մեջ: Իսկ թե ինչքան կտեւի, արդեն ասացի. եթե մենք այս պահի իրավիճակի արձանագրումով հասնենք զինադադարի, դա կարող է տեւել շատ կարճ, որովհետեւ մի քանի դիրքի գրավումը մեկ շաբաթ վայելելով՝ Ալիեւը կարող է նոր բնագծեր նվաճելու ցանկություն ցուցաբերել: Նույնիսկ մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելը չի կանգնեցնի պատերազմը, որովհետեւ մի քանի դիրքերի գրավումը Ալիեւը ներկայացնում է որպես մեծագույն հաղթանակ, իսկ մեծագույն հաղթանակը ձեռք է բերվում ոչ փոքր թվով զոհերի գնով: Զինադադարը կարող է տեւական լինել միայն այն դեպքում, երբ այս փուլում Ադրբեջանը շոշափելի եւ էական տարածքային կորուստներ կրի: Իմ կարծիքով, այս պատերազմը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ-ն Ադրբեջանից եւս մեկ կամ երկու շրջան չի գրավել: Կամ՝ առնվազն պետք է ադրբեջանական քաղաք ընկնի, որպեսզի սա դադարի: Որովհետեւ, եթե քաղաք չի ընկել, ուրեմն Ալիեւն այնքան է շարունակելու, մինչեւ հայկական քաղաք ընկնի:

Սրանից հետո էլ, ըստ ամենայնի, ավելի կոգեւորվի: Որեւէ այլ բան, որ այս իրավիճակում պետք է կանգնեցնի Ալիեւին, անկեղծ ասած, չեմ տեսնում: Էլի եմ ասում, այլ խնդիր է, թե սա որքանով է իրականանալի քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական առումով: Դա արդեն լրիվ ուրիշ ֆորմատի քննարկման հարց է»:

Դիվանագիտական հարցով խնդրի լուծման մասին էլ ասել է․ «Քանի որ հիմա բանակցությունները, ըստ էության, կասեցված են, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ հայտարարի, որ բանակցային որեւէ պրոցեսի չի մասնակցի՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության: Այլեւս անհնար է քննարկել Ղարաբաղի հարցը՝ առանց ԼՂՀ-ի մասնակցության: Կարծում եմ, որ սա պետք է լինի դիվանագիտական մեր ամենակարեւոր մեսիջը: Այն բանակցային սեղանը, որտեղ նստած չէ Ղարաբաղի ներկայացուցիչը, այդտեղ մենք որեւէ հարց չպետք է քննարկենք, եւ այս ուղերձը պետք է շատ հստակ դրվի»:  

Իսկ արդեն 2016-ի նոյեմբերին Աննա Հակոբյանն է հոդված գրել՝ «Ով ում «քցեց» ապրիլյան պատերազմում» վերնագրով, որը սկսվում է այսպես․ «Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Հայաստանում սկսեց շրջանառվել վարկած, որ չորսօրյա պատերազմը պայմանավորված պատերազմ էր, որի ընթացքում հայկական կողմը պետք է ազատագրված մեկ-երկու շրջան «վերադարձներ» Ադրբեջանին: Նման խոսակցությունների հիմքում առաջին հերթին այն անմխիթար վիճակն էր, որ տիրում էր առաջնագծում: Զինվորների ոչ պատշաճ հանդերձանքի, կապի միջոցների բացակայության, դիզվառելիքի, փամփուշտների սահմանափակ քանակության եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին սահմանից եկող տեղեկություններն այլ բան չէին վկայում․․․:Մյուս կողմից, եթե իսկապես ապրիլին տեղի ունեցավ պայմանավորված պատերազմ, որի նպատակը տարածքների վերադարձն էր, ինչո՞ւ ընդամենը «երկու բլուր» վերադարձվեց: Այսինքն, եթե Սարգսյանը համաձայնել էր երկու շրջան «կորցնել», ինչո՞ւ Ալիեւը մարդ ուղարկեց Մոսկվա՝ զինադադարի խնդրանքով, երբ դեռ ընդամենը 800 հեկտար էր հետ ստացել: Կամ՝ եթե Սարգսյանը միտումնավոր չէր զինում բանակը, որպեսզի Ադրբեջանի հաղթանակը հեշտանա, ինչո՞ւ էր բանակն այդ նույն ընթացքում 18-ամյա տղաներին «վերածում» բահով ու քարով, ինքնազոհության գնով հայրենիքի պաշտպանների:․․․

Չի բացառվում, իհարկե, որ պայմանավորվածություն իսկապես եղել է, պարզապես մեկնումեկը վերջին պահին խախտել է այն (պայմանավորվածություն ասելով՝ նկատի չունենք, որ երեք երկրների նախագահները նստել են կլոր սեղանի շուրջ, հարձակման օր ու ժամ որոշել, իրար ձեռք սեղմել եւ հեռացել: Խոսքը գործընթացների տրամաբանությունը գիտակցելու եւ դրա մեջ տեղավորվելու մասին է): Դա չէր կարող Ադրբեջանը լինել, որովհետեւ Ալիեւին օդուջրի պես պետք են այդ տարածքները, եւ եթե կարողանար, եւս չորս օր կպատերազմեր: Ռուսաստանը նույնպես պատճառներ չուներ կեսից ամեն ինչ դադարեցնելու: Մնում է Հայաստանը: Ի՞նչ խնդիր լուծեց սրանով Հայաստանը, ինչի՞ հասավ: Ինչո՞ւ ամեն ինչ արեց, որպեսզի ադրբեջանական հարձակումը տեղի ունենա: Այս հարցերի պատասխաններն այս պահին չկան այն պարզ պատճառով, որ ամեն ինչ կիսատ է մնացել, շարունակությունը դեռ առջեւում է»:  
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ «Հրապարակն» այսօր նման տողեր գրեր։