Մինչեւ 2023 թ․ պետք է սկսվի շտապօգնության ծառայության բարեփոխման պրոցեսը

Մինչեւ 2023 թ․ պետք է սկսվի շտապօգնության ծառայության բարեփոխման պրոցեսը

Առողջապահության նախարարությունը որոշել է փոխել շտապօգնության ծառայության ամբողջ կոնցեպտը՝ զանգերի միասնական կենտրոնից մինչեւ բուժանձնակազմի պատրաստվածություն, կանչերի գրանցման ու սպասարկման արագություն եւ այլն։ Այս պահին դեռեւս կոնցեպտի մշակման փուլում են։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին ամիսներին աշխատանքները լայնածավալ քննարկումների ու մասնագիտական խորհրդատվության փուլ են անցել, արդեն ամփոփվել են արդյունքները, եւ մոտակա ժամանակներում կառավարության դատին կներկայացնեն համակարգի ապագա զարգացման իրենց տեսլականը։

«Մենք բազմաթիվ երկրների փորձն ենք ուսումնասիրել եւ հաշվի առնելով նաեւ մեր երկրի  մեծությունը, մեր երկրի ռեսուրսները՝ որոշակի կարդինալ որոշումներ պիտի կայացնենք, թե ինչպես ենք զարգացնելու շտապօգնության ծառայությունը։ Այն ունենալու է անհապաղ բժշկական օգնության տրամադրման եւ ճիշտ լոգիստիկ ծառայություն, այսինքն՝ մենք պիտի ապահովենք պացիենտների՝ գրագետ եւ ճիշտ ժամանակին տեղափոխումը մասնագիտացված կենտրոններ, որի համար մեզ անհրաժեշտ են լինելու, օրինակ, մասնագիտական որակավորման փոփոխություններ։ Բացի դրանից, կենտրոնացմանն է ուղղված մեր տեսլականը, որովհետեւ հատվածական տարածքային կառավարումը եւ ռեսուրսների օգտագործումը, մեր կարծիքով, էֆեկտիվ չէ, եւ դիսպետչերական առաջնային զանգերի կենտրոնը մեր տեսլականով պետք է լինի մեկ միասնական՝ ամբողջ երկրի համար, ինչպես ԱԻՆ-ն է»,- ասաց նախարարը։

- Այսինքն՝ շտապօգնության կայանների խոշորացում է լինելու։

- Չէ, խոշորացումն ավելի շատ վերաբերում է զանգերի ընդունման եւ կառավարման համակարգին, բայց, միանշանակ, շտապօգնության կայանները պետք է, ըստ աշխարհագրության, մաքսիմալ մոտ լինեն բնակավայրերին եւ ապահովեն նվազագույն չափորոշիչներով սահմանված ժամանակը։ Օրինակ՝ շտապօգնության կանչից հետո ինչ ժամանակում պետք է բրիգադը տեղում լինի։ Էդ ամբողջը նորմավորված է մեր որոշումներով, եւ, իհարկե, մենք դա պիտի մեր քաղաքացիների համար ապահովենք՝ անկախ նրանց բնակության վայրից։

- Դուք քննարկումներ արե՞լ եք, օրինակ, մարզային ԲԿ-ների հետ, եւ նրանք ներկայացրե՞լ են խնդիրները, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնում իրենց աշխատանքում։

- Իհարկե, ինչպես ես ասացի՝ մենք ցանկացած որոշում կայացնելուց առաջ լայնածավալ քննարկման, խնդիրների վերհանման փուլ ենք ունենում։ Գիտե՞ք, տեղի անձանցից ավելի լավ որեւէ մեկը չի պատկերացնում իրենց աշխատանքը, եւ շատ կարեւոր է նաեւ լսել էն մարդկանց, որոնք կոնկրետ զբաղվում են այդ գործունեությամբ, եւ նրանցից էլ վեր հանել խնդիրներն ու լուծման հնարավոր իրենց տարբերակները։

- Կմանրամասնե՞ք, թե մարզերում շտապօգնության ծառայությունն ինչպիսի մոդելով է գործելու, օրինակ՝ Ալավերդիում,  Չարենցավանում, Սեւանում, գյուղական համայնքներում։

- Պետք է փոխվի նախ զանգերի ընդունման կառավարումը, այսինքն՝ անկախ նրանից, թե անձը որտեղից է զանգահարում շտաօգնության ծառայություն, նա պիտի ստանա մեկ միասնական ձեւաչափի եւ որակի պատասխան։ Զանգերի կառավարումն ու շտապօգնության բրիգադի տեղակայումն իրար զուգահեռ գործընթացներ են, որ իրականացվում են։ Բրիգադները պետք է լինեն մոտ տեղակայված, բայց դա էլ կախված է թե՛ աշխարհագրությունից, թե՛ եղանակային պայմաններից, թե՛ նաեւ բուժաշխատողների առկայությունից։

- Իսկ բրիգադների ու մեքենաների քանակը կավելանա՞։

- Քանակի խնդիր մենք Հայաստանում չունենք, որովհետեւ դա էլ պետք է օպտիմալ լինի, եւ ամեն ոչ անհրաժեշտ զանգի համար կանչ իրականացնելը, կարծում ենք, չի նպաստում ընդհանուր համակարգի էֆեկտիվությանը։

- Ինչպե՞ս եք գնահատելու՝ այդ կանչն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։ Մեկը գրիպ է տանում՝ զանգում է շտապօգնություն, ու բրիգադը գալիս է, մյուսը մահամերձ է լինում, զանգում է՝ չեն գալիս։

- Հենց շատ կարեւոր է ունենալ, այ, էդ կենտրոնացված մասնագիտացված թիմերը, որոնք ավելի ճիշտ կգնահատեն՝ քաղաքացու կանչն արդյոք անհետաձգելի՞ բժշկական օգնության կանչ է, թե՞ ուղղակի սրսկելու կարիք ունի ընդամենը։

- Բայց դա շատ սուբյեկտիվ գնահատման հարց է։

- Դե, բոլոր երկրներում, երբ մենք ուսումնասիրում ենք, մարդիկ կարողանում են դա ապահովել։ Իհարկե, ինչ-որ մի սուբյեկտիվության աստիճան կա, բայց սուբյեկտիվությունն էլ կապված է նաեւ մասնագիտական որակների հետ, չէ՞ որ այդ զանգն ընդունողներն էլ մասնագետներ են, որոնք պետք է կշռադատված որոշում կայացնեն։

- Իսկ այս պահին, երբ զանգում են շտապօգնության ծառայություն, կենտրոնակայա՞ն են միանում, թե՞ ըստ տեղանքի՝ որ բուժկենտրոնին որ մոտիկ են։

- Զանգն ավտոմատացված կերպով փոխանցվում է։ Եթե տվյալ կայանը զբաղված է, զանգն ավտոմատ կերպով փոխանցվում է  հաջորդ ազատ կայանի աշխատակցին։ Ընդհանրապես, ժամանակակից շտապօգնության ծառայությունները նաեւ տեղորոշման հնարավորությունից են օգտվում, այսինքն՝ երբ որ զանգ է իրականացվում, այդ զանգ իրականացնողը նաեւ թույլ է տալիս, որ տեղորոշվի իր տեղը, որպեսզի լոկացիան ճիշտ ունենան եւ արագ հասանելի լինեն։ Մենք էստեղ ունենք նաեւ հասցեների նմանություններ՝ նմանատիպ անունով հասցեներ տարբեր համայնքներում, եւ պատկերացնում եք, հավանաբար, իրավիճակը, երբ մարդը զանգում է շտապօգնության ծառայություն, հաճախ հուզական վիճակում է լինում, եւ դժվար է լինում կոնկրետ հասցեով նա իր տեղը տեղորոշի։ Դրա համար այս տեխնոլոգիաներն օգնում են տեղորոշման հարցում։

- Հիմա ամենաառարկայականը՝ ի՞նչ ժամկետներում եք նախատեսում այս փոփոխություններն իրականացնել, եւ բյուջեից որքա՞ն գումար է ծախսվելու դրա համար։

- Տեսեք, սա կառավարության ծրագրով նախատեսված միջոցառում է, եւ մինչեւ նոյեմբեր մենք պետք է ավարտական էդ ամբողջ փաթեթն ունենանք՝ ներկայացնելու կառավարությանը։ 2023 թվականից պրոցեսը պետք է սկսվի։ Դա էտապային պրոցես է լինելու։