Աշխարհի տիրակալներ, դուք իսկապե՞ս ցանկանում եք, որ խաղաղություն հաստատվի

Աշխարհի տիրակալներ, դուք իսկապե՞ս ցանկանում եք, որ խաղաղություն հաստատվի

Համենայնդեպս՝ մենք չենք կորցրել մեր հավատը մարդկության հանդեպ: Այլապես անտանելի կլիներ ապրելը: Դեռեւս կան հույսեր: 

Երբ խոսք է գնում այս կամ այն տարածաշրջանում կոնֆլիկտի «կարգավորման» մասին, ինձ թվում է, որ դա նման է մարդկանց մոլորեցնելու կամ հիմարի տեղ դնելու: Քանի՞ տասնամյակ է՝ չեն կարգավորվում իսրայելապաղեստինյան հարաբերությունները, քանի՞  տասնամյակ է՝ չի կարգավորվում Կիպրոսի ճգնաժամը, որքա՞ն ժամանակ է, ինչ ձգվում են Աֆղանստանի, Սիրիայի կոնֆլիկտները: 

Երեք տասնամյակ է, ինչ «կարգավորվում» է Արցախի ժողովրդի գոյութենական խնդիրը: Այդ ժամանակահատվածում, թերեւս, «ամենացնցող» եւ դարակազմիկ հայտնագործությունը «Գոբլի պլանն» էր. տվեք Ադրբեջանին այն, ինչն ինքը ցանկանում է, եւ ստացեք Լեռնային Ղարաբաղը: Դե, եթե օվկիանոսից անդին կամ Եվրոպայում իր վիլլայում ճեմող, «վիսկին գլուխը» քաշող մեկը դեմքի ինքնագոհ արտահայտությամբ կարող է ազատ ստեղծագործել մարդկային ճակատագրերի շուրջ, ապա էլ ինչ կարող ես ասել: Այդ «հանճարեղ գաղափարի» ուղղակի ուղերձն է. հայերը պետք է լքեն Հարավային Կովկասը: Նրա նմաններն ուղղակի մի պարզ բան չեն հասկանում, որ այդ «տալու բանը» Լաս Վեգասի կամ Մոնտե Կառլոյի կազինոներում չի շահվել: Ադրբեջանցի, թե հայ 18-20-ամյա երիտասարդների հազարավոր մահերը նրանց խղճի վրա է, որովհետեւ հավասարապես հուսադրելով՝ նրանց դրդում են առճակատման: Նույնպիսի վիճակ է նաեւ Մերձավոր Արեւելքում, որտեղ անխնա մարդկային ճակատագրեր են խեղվում: Ներքուստ այդպիսիները Ստալինի, Հիտլերի երկրպագուներն են: Փաստերն ու նրանց գործելաոճն են մատնում նրանց: 

Աշխարհի հարգելի տիրակալներ, եթե դուք իսկապես ցանկանում եք, որ խաղաղություն հաստատվի արնաքամ լինող Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, ապա միջուկային զենքի սպառնալիքով պետք է պարտադրել տարածաշրջանի նոր քարտեզ: Առաջարկվող քարտեզն ընդամենը մոտեցում է, որը մանրազնին քննարկման կարիք ունի: Ճշգրտումներն անխուսափելի են, սակայն այս քարտեզով կամ վերաբաժանմամբ կարող է վերջ դրվել Թուրքիայի, համենայնդեպս՝ դեպի Արեւելք ծավալապաշտական նկրտումներին, Իսրայելի անհանդուրժողականությանն իր հարեւանների նկատմամբ, կլուծի, ի վերջո, Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչի կարեւորությունը դեռեւս 1915 թվականին իրենց հռչակագրում ամրագրել են Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի կայսրությունը եւ Ֆրանսիան: Սա նաեւ քարտեզ է, որով հնարավոր է փրկել Ադրբեջանում բնակվող փոքրամասնություն կազմող ազգերին վերջնական ուծացումից: Ավելին, սա քարտեզ է, որով հնարավոր կլինի 30 միլիոնանոց քուրդ ժողովրդին եւ տեւական ժամանակ անհավասար պայքարի մեջ գտնվող պաղեստինցիներին օժտել պետականությամբ:

Բայց դուք իսկապե՞ս ցանկանում եք, որ երիտասարդները չզոհվեն, մայրերը չարտասվեն, հարսնացուների երազանքները չմնան անկատար…

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր