Պատերազմից հետո

Պատերազմից հետո

Պատերազմը մի օր կվերջանա: Ի՞նչ ենք անելու դրանից հետո: Կարո՞ղ ենք արդյոք ազգովին հավաքվել եւ ճշտել մեր հետագա անելիքները...

Որո՞նք են լինելու մեր հետագա անելիքները, դրանց առաջնահերթությունները, դրանք գործադրելու հնարավորությունները: Ո՞րն է մեր ազգի հիմնարար ներուժը, որի վրա պիտի կենտրոնանանք:
Անհաջողությունների դեպքում անշնորհակալ գործ է մեղավորներ փնտրելը, բայց առանց դրա էլ հնարավոր չէ ապագա անելիքների համար ճշգրիտ լուծումներ գտնելը: Հնչեղ խոսք է, որ խելացի ժողովուրդները դասեր են քաղում օտարների սխալներից, իսկ ոչ խելացիները` միայն սեփական սխալներից: Իսկ ինչքան հեռու պիտի լինենք խելացի ժողովուրդ կոչվելուց, եթե նույնիսկ սեփական սխալներից էլ դասեր չքաղենք:

Մեր երկրում տեղի ունեցավ հեղափոխություն: Եթե ոմանք չեն ընդունում, որ դա հեղափոխություն էր, թող այդպես լինի: Գուցե ավելի ճիշտ է, որ եղածը համարենք ընդամենը իշխանափոխություն, սակայն հեղափոխություններին հատուկ հետեւանքներով...

Մեր հարեւան երկրում շուրջ 40 տարի առաջ տեղի ունեցավ, բառիս բուն իմաստով, հեղափոխություն: Կործանվեց հազարամյա թագավորական իշխանությունը: Երկրում հիմնական փոփոխության ենթարկվեց ամեն ինչ` սկսած քաղաքականից, վերջացրած հասարակականով ու մշակութայինով... Առաջին ամիսներին, հեղափոխություններին հատուկ ոգեւորությամբ ու ծայրահեղական որոշումներով, գլխատվեց երկրի քաղաքական եւ հատկապես զինվորական վերնախավը: Լրջորեն վտանգվեց երկրի պաշտպանական համակարգը: Տարիների ընթացքում ձեւավորված մասնագիտացված էլիտան համարյա ոչնչացվեց: Հանուն արդարության վերականգնման հետապնդվեցին բոլոր նրանք, ովքեր այսպես կամ այնպես համարվում էին երկրի կայուն զարգացման ու անվտանգության հիմնարար դերակատարները: Կանգ առան թե՛ արտաքին եւ թե՛ ներքին մեծածավալ ներդրումները: Տնտեսությունը սկսեց գահավիժել: Երկրում ծառացած նորանոր դժվարությունները հասարակության աշխատունակ ձեռներեցներից շատերին ծնկի բերեցին: Արտաքին թշնամիների համար ստեղծվեց խիստ գայթակղիչ իրավիճակ:
Եվ դրանց նկրտումներն ու գործողությունները չուշացան...

Թշնամին հարձակվեց: Ութ տարի տեւած պարտադրված պատերազմը քայքայեց երկրի բոլոր ռեսուրսները: Հեղափոխական տրամադրությունների ազդեցության տակ, բազմահազար նվիրյալների անմնացորդ զոհողություններն ու ռազմաճակատում մարդկային զոհերի ահռելի քանակը որեւէ շոշափելի արդյունք չտվեցին: Պատերազմի ավարտից 30 տարի հետո էլ դեռ հայտնաբերվում եւ հուղարկավորվում են հարյուրավոր անհայտ կորածների մասունքները:
Արդյոք մենք տեսա՞նք դրանք: Ազգի խելոքները վերլուծեցին եւ եզրակացություններ արեցի՞ն այդ բոլորից: Կարելի է ասել՝ ոչ...

Փոխարենը մեր ազգային գերագույն նպատակը դարձրինք Մարտի 1-ի եւ բազմաթիվ այլ մարտիմեկերի գործերի բացահայտումներն ու «պետությանը վնաս պատճառած» գումարների իբր վերականգնումը: Դրանցով կերակրեցինք արդարություն պահանջող «աջակիցների» մանկամիտ ու անհագուրդ ցանկությունները:

Թշնամին ուշի-ուշով հետեւեց այդ ամենին: Տեսավ, պլանավորեց եւ հարված հասցնելու հարմար պահը գտավ: Պատրվակն էլ տվել էինք նախապես: Ու հարվածեց:
Արդեն երեսուն տարի է, որ անկախ պետականություն ունենք:
Որո՞նք են մեր պետականությունն ամրապնդելու առաջնային նշանակության խնդիրները: Նախորդներին ասֆալտին փռելու քինախնդիր գործողություննե՞րը, թե՞ անվտանգության էական հարցերի վերլուծումն ու վերականգնումը:

Բոլոր ժողովուրդներն էլ, մեզնից ոչ պակաս, արդարության պահանջ ունեն: Ժողովրդավարության պահանջ` նույնպես: Միամտություն կլինի կարծելը, որ մեր անմիջական հարեւանները պակաս հետաքրքրված են՝ հասնել ժողովրդավարական արժեքներին կամ արդարության վերականգնմանը: Մանկամտորեն տարվելով համաշխարհային այլեւայլ սանդղակներում մեր հարեւաններից ավելի լավ տեղ զբաղեցնելու մոլորություններով՝ անգիտանում ենք մեր ժողովրդի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող առաջնահերթություններին: Լավագույն օրինակը մի քանի տարի առաջ մեր իշխանությունների կտրուկ շրջադարձն էր` առժամանակ հրաժարվել Եվրամիությանն ինտեգրվելու հեռանկարից, փոխարենը մտնել մեր անվտանգությունն ապահովող մեկ այլ` գուցեեւ ոչ այնքան գրավիչ մի կառույց: Եվրոպացիները շատ արագ հասկացան դա եւ նույնիսկ ըմբռնումով վերաբերվեցին դրան: Այդ շրջադարձի ընդդիմախոսները հասկացա՞ն: Նույնը նաեւ 90-ականներին՝ ատոմակայանի փակման հարցում: Մերոնք հավակնեցին, որ եվրոպացի «կանաչներից» ավելի «կանաչ» են... Ազգագրական եւ նույնիսկ առողջապահական տեսակետից մեր երկրին պատճառեցին ավելի շատ կորուստներ, քան այս վերջին պատերազմը, որի հետեւանքները դեռ գալու են:

Ամեն ինչ իր ժամանակն ունի:

Ժողովուրդների հավաքական իմաստնությունը պետք է վեր դասել ամեն տեսակի անհատական կամ արկածախնդրական մոտեցումներից: Աներկբայորեն պետք է ընդունել, որ աշխարհի տարբեր երկրներում տիրող վարչաձեւերը, ըստ ամենայնի, տվյալ երկրի ժողովրդի ընտրությունն են` տվյալ ժամանակահատվածում: Բայց, ցավոք սրտի, այդ ընտրությունը խարխլվում եւ տեսադաշտից կորում է հեղափոխական թոհուբոհի ժամանակ: Այստեղ է պետք ժողովրդի հավաքական մտածողության սթափեցումը...

Պետք է սթափվենք ազգովի:

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ