Տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական խնդիր

Տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական խնդիր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արևմտյան աշխարհը գցել է ցնցնցումային շոկի մեջ՝ ռուսական գազը ռուբլով վաճառելու գաղափարը բարձրաձայնելով: Կասկածում էի՝ լրջորեն անդրադառնալ, թե ոչ, այդ հարցին մեր առնչությամբ: Այսինքն, Ռուսաստանից գազը ռուբլով գնելու վերաբերյալ խնդրին: Չնայած հայտարարվել է, որ ՌԴ-ն այդ քայլին է դիմելու այն երկրների առումով, որոնք համարվել են ոչ բարեկամ երկրներ, այսինքն՝ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի նկատմամբ: Այսինքն, Հայաստանը չէր ներառվելու նման երկրների ցանկում: Կասկածել եմ, քանի որ թեև շուրջ 10 տարի տնտեսական ոլորտի լրագրող եմ եղել՝ համապատասխան ինքնակրթությամբ, այնուամենայնիվ, մասնագիտությամբ տնտեսագետ չեմ: Եվ ոչ էլ զբաղվել եմ գազի գնագոյացման և կամ մատակարարումների գործընթացով: Իսկ այդ ոլորտն ինքնին բավականին բարդ է և պահանջում է բարդ հաշվարկներ և վերլուծություններ: 

Բայց այդ կասկածը համարյա ամբողջությամբ չքացավ, երբ լրատվական կայքերից մեկում պատահաբար ծանոթացա մի քանի օր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի զրույցի համառոտ շարադրանքին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետի շրջանավարտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Բաղրամյան ասում է, որ ինքը չգիտի, թե դա մեզ օգուտ կբերի թե վնաս:

Այն անձը, ով, համապատասխան կրթություն ունենալով, երկու տարի կառավարել է այդ հանձնաժողովը: Չեմ հավատում, պարոն Բաղրամյան, թե դուք չգիտեք դրա օգուտը կամ վնասը: Եվ որպեսզի գրագետ և ոլորտի վերաբերյալ պատկերացում ունեցող անձանց շրջանում պահպանի իր հեղինակությունը՝ լրագրողներին փոքրիկ ուսուցողական դաս է տալիս՝ ասելով, թե գազի համար վճարման լավագույն արժույթը հնարավորինս կայուն փոխարժեքով արժույթն է: Եվ նրանց ուղղորդում է դեպի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և Կենտրոնական բանկ՝ հարցը հասցեագրելով պետական այդ կառույցներին: Ինչպես ասվում է, այսքանը բավարար էր, որպեսզի մեջս կասկած չմնա, որ խնդիրը տնտեսագիտական չէ, այլ զուտ քաղաքական: 

Եվ հանձնաժողովի նախագահ Բաղրամյանի խոսքի տողատակերն էլ ավելի քան պարզ էին: Գոնե ինձ համար: Վերջինս ո՛չ քայլարածներից էր և ո՛չ էլ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մերձ շրջապատից: Ինչը նշանակում է, որ ինքը, բնականաբար, չէր կարող տեղյակ լինել, թե ինչ է քննարկվում այնտեղ: Էլ չեմ խոսում այս կամ այն որոշման հավանականության մասին: Որովհետև կարծում եմ, որ հարցի առումով հստակ պատկերացում չունի հենց Փաշինյան Նիկոլը: Ավելացնեմ, որ այդ հարցը քաղաքական էր նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլն ընդդիմադիր գործիչ էր՝ ըմբոստ խորհրդարանային ելույթներով: Հարցը քաղաքական էր, քանի որ առնչվում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Որովհետև Ռուսաստանից ԱՄՆ դոլարով գազ գնելը ենթադրում էր ինքնիշխանության բարձր, իսկ ռուսական ռուբլով գնելը՝ ցածր մակարդակ: Կար նաև ենթագիտակցական վախ, որ գազից բացի ռուբլով առևրտուրը կարող է տարածվել նաև այլ ապրանքների վրա, ինչը հետագայում կարող է բերել մեր ազգային դրամի վերացմանը: Դա նման էր աջ ձեռքով ձախ ականջը գլխի հետևից բռնելուն: Բայց դե այդպիսի է փոքր ազգերի արձագանքը նման խնդիրներին: Ինչն էլ հարուցում է ագրեսիվ վերաբերմունք այլ կարծիք ունեցողների նկատմամբ: Դա ես զգացել եմ անձամբ, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյան օրոք ֆեյսբուքում փորձեցի պաշտպանել ռուսական գազի դիմաց ռուսական փողով վճարելու գաղափարը:

Այդ գաղափարը ես պաշտպանել եմ այն հիմնավորելով: Բայց նման քննարկումները ցույց տվեցին, որ դրա համար ֆեյսբուքն ամենից ոչ հարմար հարթակն է: Ինչևէ, ներակայացնեմ այդ հիմնավորումը: Սկսենք նրանից, որ գազը մենք ամբողջությամբ ստանում ենք Ռուսաստանից: Իրանից եկող գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու և այն կրկին Իրան ուղարկելու նպատակով: Ռուսաստանը միաժամանակ մեր հիմնական առևտրային գործընկերն է: Օրինակ, 2021 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, մենք ՌԴ ենք արտահանել 840,5 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք: Որպեսզի պարզ լինի, թե շատ է դա թե քիչ, ներկայացնեմ այդ չափանիշով ՌԴ-ին հաջորդող երկրների ցանկի առաջին հնգյակի արտահանման ծավալները: Եվ այսպես. Չինաստան է արտահանվում 392,7 մլն դոլարի արտադրանք, Շվեյցարիա՝ 358,7 մլն դոլարի, Բուլղարիա՝ 198 մլն դոլարի, Նիդերլանդներ՝  191 մլն դոլարի: Այսինքն, ՌԴ է արտահանվում է կրկնակի արժեքով ավելի արտադրանք, քան նրան հաջորդող Չինաստան: Դրան ավելացնենք նաև շուրջ 1,5 մլրդ դոլարի (ինչը կարող է բավական լուրջ կրճատվել ՌԴ-ի նկատմամբ հարուցված պատժամիջոցների պատճառով) բանկային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան՝ այնտեղ գործ անող մեր հայրենակիցների կողմից: Առկա է նաև ոչ բանկային (գրպանային) փոխանցումների համակարգ, որի չափը դժվար է հաշվարկելը:

Գումարելով արտահանման արժեքն ու փոխանցումների ծավալը՝ կստանանք հետևյալ պատկերը. ՌԴ-ից Հայաստանն ավելի շատ գումար է «ստանում», քան բոլոր երկրներից միասին վերցված: Ուստի, քանի որ մենք գազը ստանում ենք նույն Ռուսաստանից, ապա մեզ ֆինանսապես ձեռնտու է գազի համար վճարել հենց ռուսական փողով: Հատկապես հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցների պատճառով ՌԴ արտագնա աշխատանքի գնալու խնդիրը: Դրան գումարենք այն հանգամանքը, որ ՌԴ-ում ձեռք բերված գումարը կորուստ չի ունենա, ինչն առաջանում է ռուսական ռուբլին դոլարի փոխարկելիս, իսկ հետո դրամ դարձնելիս: ՌԴ-ից բերված կամ փոխանցված ռուբլինանմիջապես դրամի կվերածվի հենց Հայաստանում, ինչը հետո ետ կգնա ՌԴ որպես գազի գվճարման գումար: Դրանով էլ դուրս է գալիս կայուն փոխարժեքի խնդիրը, քանի որ ներկրվող գազի վճարման փոխարժեքային (ռուբլի-դրամ) տատանումները կմարվեն արտահանման և փոխանցումային գումարների հաշվին:  

Եվ վերջապես, գազի դիմաց ռուբլով վճարելուն նպաստում է այն հանգամանքը, որ ռուսական բանկերից մեկը՝ ռուսահայ սեփականատիրոջով, «դուստր» ունի Հայաստանում։ Բայց եթե այդ տարբերակը Փաշինյանին ձեռք չտա, ապա կարող է այդ հարցի լուծման համար դիմել ԱԺ-ի «սեփական» խմբակցության անդամ բանկիրին: Այս ամենը հաշվի առնելու դեպքում հասկանում ես, որ հնարավորինս կայուն փոխարժեքով արժույթի խնդիր բարձրաձայնելն այս դեպքում արհեստական է: Այն արհեստական չէր լինի, եթե մենք շարունակեինք ստանալ ռուսական գազ, սակայն այդ երկիր արտահանեինք փոքր ծավալի արտադրանք: Բայց ենթադրում եմ, որ դեպի Արևմուտք նայող Փաշինյան Նիկոլը դժվար թե ցանկություն կամ համարձակություն ունենա դիմել այն քայլին, ինչն օգտակար կլիներ Հայաստանի համար: